20.11.2012 19:38

«Հարսնաքարի» գործով նիստը տեղի չի ունեցել

«Հարսնաքարի» գործով նիստը տեղի չի ունեցել

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, «Հարսնաքար» ռեստորանային համալիրում հունիսի 17-ի բռնարարքի գործով այսօրվա նիստը տեղի չունեցավ ամբաստանյալ Գարիկ Մարգարյանի պաշտպան Մարինե Թովմասյանի բացակայության պատճառով, հայտնում է «Փաստինֆոն»: Պաշտպանը էլեկտրոնային փոստի միջոցով գրությամբ տեղեկացրել էր դատարանին, որ մեկ այլ քրեական գործով աշխատանքային զբաղվածության պատճառով չի կարող մասնակցել այսօրվա նիստին, խնդրել էր իր բացակայությունը համարել հարգելի և դատական նիստ նշանակել մեկ այլ օր:

Դատարանը պաշտպանի բացակայությունը համարեց անհարգելի և հայտարարեց, որ հաջորդ նիստին չներկայանալու դեպքում պաշտպանի նկատմամբ կկիրառվի դատական սանկցիա:

Դատարանը չբավարարեց նաև Նորայր Հայրապետյանի պաշտպան Երեմ Սարգսյանի դիմումը այլ նիստով զբաղվածության պատճառով նոյեմբերի 23-ի դատական նիստն այլ օր նշանակելու մասին: Դատարանը պարզաբանեց, որ դատական նիստերի օրվա մասին որոշում կայացվել է դեռևս հոկտեմբեր ամսին, և պաշտպանները տեղյակ էին այդ մասին:

Դատարանը հայտարարեց նաև, որ դեկտեմբերին դատական նիստեր կանցկացվեն շաբաթական երեք անգամ՝ երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ՝ ներկայումս նիստերն անց են կացվում շաբաթական երկու անգամ:

Իսկ հաջորդ դատական նիստի օրը մնաց անփոփոխ՝ նոյեմբերի 23-ին: