20.11.2012 20:33

ԵԱՀԿ-ն Հայաստանում ուսանողների ակտիվությունը խթանում է բանավեճերի միջոցով

ԵԱՀԿ-ն Հայաստանում ուսանողների ակտիվությունը խթանում է բանավեճերի միջոցով

Երևանից և մարզերից  ուսանողական յոթ թիմեր այսօր և վաղը կհավաքվեն Երևանում եզրափակիչ բանավեճի համար:

Ուսանողները կբանավիճեն և կպաշտպանեն իրենց տեսակետները այնպիսի կարևոր հասարակական խնդիրների վերաբերյալ, ինչպիսիք են կոռուպցիայի դեմ պայքարը, ընտանեկան բռնությունը և Հայաստանի ինտեգրումը Եվրամիությանը:

Այս ծրագրի շրջանակներում  Գյումրիում, Կապանում, Վանաձորում, Իջևանում, Գորիսում, Գավառում և Երևանում ստեղծվեցին ուսանողական բանավեճերի ակումբներ, որոնցից յուրաքանչյուրը ներառում է 40 ուսանող: Նախքան եզրափակիչ բանավեճը՝ ուսանողները մասնակցել են 21 միջհամալսարանային բանավեճերի:

«Գաղափարների և կարծիքների փոխանակումը ժողովրդավարության հիմքն է, և այս առումով շատ կարևոր է երիտասարդների շրջանում բանավիճային մշակույթի խթանումը»,- նշեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ժողովրդավարացման ծրագրի ղեկավար Օլիվեր ՄքՔոյը: «Թեմայի ուսումնասիրության, իրազեկված դառնալու և քո տեսակետների պաշտպանումը արժեքավոր փորձ է: Բանավիճելով դու ավելի խելացի, ճկուն և արձագանքող ես դառնում. այս հմտությունը կօգնի երիտասարդներին դառնալ ակտիվ և տեղեկացված քաղաքացիներ»:

«Ջինիշյան» հիմնադրամի քաղաքացիական հասարակության և կրթական ծրագրերի համակարգող Ռուբեն Կրիկյանը հավելեց. «Արդեն մի քանի տարի է` մենք հաջողությամբ  կազմակերպում ենք բարձր դասարանների բանավեճերի ակումբներ ամբողջ Հայաստանի տարածքով: Նմանատիպ նախաձեռնութան կազմակերպումը ուսանողների համար մարտահրավեր էր, որը, սակայն, ուսանողների համար  դարձավ օգտակար վարժանք և օգնեց ամրապնդել նրանց հռետորական խոսքն ու հասարակական, տնտեսական և քաղաքական թեմաների վերաբերյալ իրենց հղկված տեսակետներն արտահայտելու հմտությունները»:

Որպես այս ծրագրի մի մաս՝ ԵԱՀԿ գրասենյակը նաև աջակցել է ուսանողների մասնակցությամբ երեք հեռուստաբանավեճերի անցկացմանը: Բանավեճերի թեմաներն էին՝ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատանքը, ընտրությունների ընթացքում կանանց մասնակցության քվոտաները և համացանցի ու լրատվության նոր միջոցների վերահսկման խնդիրները:

Նախաձեռնությունն իրականացվում է «Ջինիշյան» հիմնադրամի կողմից, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ: Ծրագրի նպատակն է խթանել քաղաքացիական ակտիվությունը և բանավեճերի ակումբների զարգացումը Հայաստանում:

ԵԱՀԿ մամլո ծառայություն