25.11.2014 15:14

ՀՔԾ քննիչների բաց մրցույթին «կողմնակի անձանց» մուտքն արգելվում է

ՀՔԾ քննիչների բաց մրցույթին «կողմնակի անձանց» մուտքն արգելվում է

Հատուկ քննչական ծառայության ծառայողների (քննիչների) թափուր պաշտոնների համալրման համար այսօր անցկացվող մրցույթին արգելվեց դիտորդների եւ լրատվամիջոցների մուտքը: Սահմանադրությունը եւ օրենսդրությունը պարտավորեցնում է նմանօրինակ մրցույթների անցկացման ժամանակ թափանցիկություն եւ հրապարակայնություն ապահովել:

 Ընդ որում, ՀՔԾ աշխատակազմը մրցույթին  հետեւելու արգելքը պատճառաբանելու համար այսօր մի շարք հակասական մեկնաբանություններ տվեց:

«Իրավունքի Եվրոպա» հ/կ ներկայացուցիչներ, իրավաբաններ Լուսինե Հակոբյանը եւ Տիգրան Եգորյանը նախապես դիմել էին ՀՔԾ աշխատակազմին՝  դիտորդի կարգավիճակով մրցույթի ընթացքին հետեւելու հնարավորություն ստանալու ակնկալիքով: Դիմումը մերժվել էր, թեեւ մերժման հիմնավորման մեջ նշվում է, որ ըստ մրցույթի անցկացման կարգի, դրան կարող են օրենքով նախատեսված կարգով մասնակցել ԶԼՄ ներկայացուցիչներ եւ հրավիրված դիտորդներ:

ՀՔԾ աշխատակազմից իրավաբանների ստացած պատասխանում նշվում է, որ, թեեւ կարգը թույլատրում է դիտորդների եւ լրագրողների մասնակցությունը, սակայն «առանց մասնակցության վավերապայմանների եւ ընթացակարգերը սահմանող օրենքի եւ այլ իրավական ակտի առկայության դիտորդի ներկայությունը չի կարող երաշխավորվել», քանի որ դա, ըստ աշխատակազմի, կարող են խախտվել մրցույթի մասնակիցների իրավունքները եւ շահերը: Որպես մրցույթի անաչառության եւ օբյեկտիվության երաշխիք, բերվում է այն «փաստարկը», որ մրցութային հանձնաժողովի անդամներից երեքն իրավաբան գիտնականներ են, իսկ չորսը՝ տարբեր պետական մարմինների ներկայացուցիչներ, հետեւաբար, ըստ ՀՔԾ աշխատակազմի, դիտորդական առաքելության իմաստ եւ անհրաժեշտություն ընդհանրապես չկա:

Պարզվեց նաեւ, որ մրցույթին չեն կարող հետեւել ոչ միայն դիտորդները, այլեւ լրատվամիջոցների ներկայացուցիչները: ՀՔԾ մամուլի խոսնակ Միքայել Ահարոնյանը, նախ, հայտարարեց, որ «լրագրողները չեն կարող մտնել, որովհետեւ մրցույթն արդեն սկսվել է», ապա նշեց, որ լրագրողները կարող էին մասնակցել, եթե նախապես գրավոր դիմում ներկայացվեր:  

Նշենք, որ մրցույթի մասին ազդարարող հայտարարություն չգտանք ո՛չ ՀՔԾ պաշտոնական կայքում, ո՛չ որեւէ այլ էլեկտրոնային ռեսուրսում: ՀՔԾ մամուլի խոսնակը տեղեկացրեց, որ մրցույթի անցկացման մասին հայտարարությունը նախօրոք հրապարակվել է միայն տպագիր օրաթերթերից մեկում:

Այնուհետեւ, Ահարոնյանը հայտարարեց, որ ամեն դեպքում, մրցույթի բուն ընթացքը չէր կարող լուսաբանվել, նույնիսկ եթե լրատվամիջոցները նախօրոք դիմած լինեին:

iLur.am-ի հարցին՝ այդ դեպքում ինչո՞վ է արտահայտվում մրցույթի բաց եւ հրապարակային լինելը լինել, ՀՔԾ խոսնակը պատասխանեց, որ լրագրողները կարող են մրույթի ընթացքի եւ արդյունքների մասին տեղեկատվություն ստանալ եւ հարցեր ուղղել ՀՔԾ ծառայողներին ու մրցույթի մասնակիցներին՝ միայն մրցույթի ավարտից հետո:

Ավելի ուշ՝ ՀՔԾ պետի հետ կարճատեւ զրույցից հետո, «Իրավունքի Եվրոպա» հ/կ ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը լրագրողների ն հայտնեց, որ Ծառայությունում ընդունում են, որ դիտորդների եւ լրագրողների մասնակցության արգելքը տեխնիկական պատճառ ունի:

«Ասացին, որ հետագայում փորձելու են դիտորդների մասնակցության հնարավորություն ապահովել: Մասնավորապես, առանձին սենյակի հնարավորության ապահովում, որպեսզի դիտորդները չկարողանան խոչընդոտել կամ միջամտել քննական պրոցեսին, իսկ  մրցույթի մասնակիցներն իրենց հերթին չկաշկանդվեն դիտորդների եւ լրատվամիջոցների ներկայությունից», - ասաց իրավաբանը:

Նրա խոսքով, պետությունը, հերթական անգամ չիրացնելով Սահմանադրությամբ ամրագրված դրական պարտավորությունները, թափանցիկության եւ հրապարակայնության սկզբունքները չի պահպանել՝ ոտնահարելով ԶԼՄ-ների եւ ՀԿ-ների իրավունքները, եւ ամենակարեւորը՝ այս երկու սուբյեկտենր միջոցով հանրության տեղեկացված լինելու իրավունքը: Եգորյանը տեղեկացրեց, որ արգելքի վերաբերյալ ներկայացված պատճառաբանությունները կվիճարկվեն Վարչական դատարանում: