26.11.2014 12:00

Սիեռա-Լեոնեի գերեզմանափորները Էբոլայի զոհերի դիակները նետել են փողոց

Սիեռա-Լեոնեի գերեզմանափորները Էբոլայի զոհերի դիակները նետել են փողոց

Սիեռա-Լեոնեի Կենեմա քաղաքում հուղարկավորության ծառայության ապստամբող աշխատակիցները փողոց են նետել Էբոլա համաճարակի զոհերից մի քանիսի դիակները՝ ի նշան բողոքի՝ իրենց վտանգավոր աշխատանքի դիմաց հավելավճար չվճարելու համար:

Գործադուլ հայտարարած բանվորները փողոցում են թողել 15 դի, որոնցից մեկը՝ հիվանդանոցի տնօրենի աշխատասենյակի դռան մոտ, ևս երկուսը՝ հիվանդանոցի դարպասի:

Սիեռա-Լեոնեում BBC-ի թղթակիցը հաղորդել է, որ դրանից հետո այդ բանվորներին ազատել են աշխատանքից:

Կենեման Սիեռա-Լեոնի արևելքում գտնվող ամենախոշոր քաղաքն է, որտեղից էլ ծայր է առել Էբոլայի համաճարակը: Սիեռա-Լեոնեում այդ համաճարակի զոհ է դարձել արդեն 1 200 մարդ:

Հուղարկավորության ծառայության աշխատակիցների խոսքով՝ իրենց չեն վճարել հոկտեմբերի և նոյեմբերի համար խոստացված փողը:

Փողոցում թողնված դիակներն արդեն տարել են, սակայն գործադուլը շարունակվում է: Տեղական և կենտրոնական իշխանությունները ոչ մի կերպ չեն մեկնաբանում միջադեպը:

Երկու շաբաթ առաջ համանման գործադուլ է տեղի ունեցել նաև Բո քաղաքի հիվանդանոցում, որը Սիեռա-Լեոնեի միակ հիվանդանոցն է, որտեղ Էբոլայով հիվանդները բուժում են ստանում:

Հայտնի է, որ Էբոլա վիրուսը իր կենսունակությունը պահպանում է զոհի մահվանից  հետո դեռ մի քանի ժամ ևս: Փոխանցում է BBC-ն: