20.11.2012 23:43

Հայաշատ Քեսաբի մոտակայքում թեժ մարտեր են ընթանում

Հայաշատ Քեսաբի մոտակայքում թեժ մարտեր են ընթանում

Սիրիայի Լաթաքիայի շրջանի հայաշատ Քեսաբի մոտակայքում իրավիճակը լարված է: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել է Բերիո թեմի ազգային առաջնորդարանի մամուլի խոսնակ Ժիրայր Ռեյիսյանը` ավելացնելով, որ բախումները նշված տարածքում թեժացել են կառավարական ուժերի եւ ընդդիմադիրների միջեւ: Ռեյսիյանի խոսքով` բախումները կոնկրետ հայաշատ շրջանում չեն տեղի ունենում, սակայն վնասվել է էլեկտրակայանը, եւ բնակավայրն ամբողջությամբ հոսանքազրկվել է: Չի գործում նաեւ բջջային կամ քաղաքային հեռախոսակապ:

Ինչ վերաբերում է Հալեպում տիրող իրավիճակին, ապա բավական հանգիստ է, փոփոխություններ տեղի չեն ունեցել: 

Արաբական լրատվամիջոցները եւս տեղեկացրել էին Լաթաքիայի շրջանի գյուղերում ընդդիմադիրների հետ բախումների սաստկանալու մասին: Ակտիվիստները հայտարարել էին, որ արյունալի բախումներ են տեղի ունենում Բեյթ Ֆիրաս, Բեյթ Աուան, Սարայա ալ Խադրա, Բեյթ ալ Հայք եւ Քեսաբի մոտակայքում գտնվող այլ գյուղերում:

«Սուրիահայութեան շտապ օգնության մարմին» կազմակերպության անդամներից Րաֆֆի Ավետիսյանը միջինարեւելյան հայկական «Ազատ հայ» պորտալին տեղեկացրել է, որ առկա տվյալների համաձայն` Սիրիայում շուրջ 20 ամիս շարունակվող բախումների հետեւանքով զոհվել է 40 եւ վիրավորվել 66 հայ: Նաեւ 7 առեւանգված հայեր կան եւ երկու անհայտ կորած զինծառայողներ: Շուրջ 200 բնակարաններ վնասվել են: