21.11.2012 13:01

Իրավիճակը պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում շարունակում է մնալ ծայրահեղ լարված

Իրավիճակը պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում շարունակում է մնալ ծայրահեղ լարված

Իսրայելական երեք հրթիռներ երեքշաբթի երեկոյան հարվածել են Գազայի հատվածի ամենակենտրոնում գտնվող 8 հարկանի շինությանը, որտեղ գտնվում է Agence France Presse (AFP) գործակալության գրասենյակը: Ինչպես նշել է ֆոտոլրագրող Մահմուդ Համսը, ով այդ պահին գտնվել է շենքի 4-րդ հարկում, գործակալության  աշխատողներից ոչ ոք չի տուժել։ Այս մասին հայտնում է ИТАР-ТАСС-ը:

Հիշեցնենք, որ սա առաջին դեպքը չէ, որ իսրայելական հրթիռներից տուժում են Գազայի հատվածում գտնվող միջազգային լրատվամիջոցների գրասենյակները: Մասնավորապես, իսրայելական օդուժի հարվածներից տուժել են նաև ռուսական Russia Today-ի, գերմանական ARD, արաբական MBC-ի, Abu Dabi TV-ի, Al Arabiya-ի, Sky News Arabiya-ի, Reuters-ի գրասենյակները:

Ռազմական գործողությունների ֆոնին նաև դիվանագիտական ճանապարհով  կոնֆլիկտի լուծման փորձեր են ընթանում: Իսրայելում գտնվող ԱՄՆ պետքարտուղար Քլինթոնը իսրայելական իշխանությունների հետ քննարկել է իրավիճակի կարգավորմանն ուղղված ջանքերը, Իսրայելի անվտանգության ապահովմանն ու Գազայի բնակչության կենսապայմանների բարելավմանն առնչվող հարցեր: Արդեն այսօր Քլինթոնը կժամանի Եգիպտոս:

Մինչ այդ, ինչպես քիչ առաջ հաղորդել է Риа Новости գործակալությունը, Գազայի հատվածում հակամարտության զոհերի թիվն անցել է 140-ը, կա մոտ հազար վիրավոր:

Սպասվում է, որ այսօր կողմերի միջև կարող է հրադադար հաստատվել, սակայն իսրայելական կողմը հստակ երաշխիքներ է պահանջում, որ կդադարեն հրեական պետության հրթիռակոծումները:

Լուսանկարը՝ Reuters