02.12.2014 14:29

Վլադիմիր Կարապետյան. Հանգանակությունների շարժը՝ ՀՀ իշխանությունների հանդեպ Սփյուռքի վերաբերմունքի հայելի

Վլադիմիր Կարապետյան. Հանգանակությունների շարժը՝ ՀՀ իշխանությունների հանդեպ Սփյուռքի վերաբերմունքի հայելի

1992 թ. ստեղծված «Հայաստան» հիմնադրամի՝ ամեն տարի կազմակերպվող միջոցառումներին հավաքվող հանգանակությունների շարժը ամենավառ պատկերն է, թե ինչ է կատարվում Հայաստան-Սփյուռք հարաբերություններում, թե ինչպես է Սփյուռքը վերաբերվում ՀՀ իշխանություններին:

Հիմնադրամի գործունեությունը պահանջված է հատկապես Արցախում, այն ունի նաև քաղաքական նշանակություն: Հիշեցնենք, թե որքան հաճախ են ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները խոսում Սփյուռքի մասին, որքան են կարևորում աշխարհասփյուռ հայության դերակատարությունը Հայաստանի քաղաքականության, տնտեսական զարգացման մեջ:

Հիմնադրամի գործունեությանը ուշադիր հետևում են արտասահմանում, հատկապես այն երկրներում, որտեղ տեղի են ունենում հանգանակությունները: Ավելի քան մեծ հետաքրքրվածությամբ են հետևում ամեն տարի անցկացվող այս միջոցառումներին Թուրքիայում և Ադրբեջանում՝ համադրելով դրանցում հավաքված գումարները, այսինքն՝ մեր հայրենակիցների՝ Հայաստանին ցուցաբերած աջակցությունը՝ ՀՀ իշխանավորների բարձրագոչ հայտարարությունների հետ:

Նրանց բոլորի աչքից չի վրիպում այն բացասական դինամիկան, որ առկա է հիմնադրամի գործունեության մեջ:

Ու խնդիրը միայն գումարի չափը չէ, որը գնալով նվազում է, այլև այն, որ իշխանությունները իրենց քաղաքական նպատակների համար պարզապես օգտագործում են հիմնադրամն էլ, հեռուստամարաթոններն էլ, այդ մարաթոններում հավաքված գումարների չափն էլ: Հիշեցնենք միայն, որ 2008-ին առաջին անգամ Սերժ Սարգսյանի ձեռամբ շրջանառության մեջ դրվեց աննախադեպ մեծ գումար հավաքելու գաղափարը, ինչի արդյունքում հավաքված գումարների չափը շեշտակի աճ արձանագրեց, սակայն մի քանի տարի անց նորից նվազեց: Խոսքն այն մասին է, որ հատկապես 2008-ին Սարգսյանը լեգիտիմացման եւ իրեն իրապես հայերի նախագահ զգալու կարիք ուներ: Հենց այդ նպատակով էլ նա կազմակերպեց նախամարաթոնյան առաջին ճաշկերույթը, որի ընթացքում դրսում ապրող մի քանի հայ մեծահարուստներ մեծ գումարներ նվիրաբերելու խոստումներ տվեցին: Դրանց մի մասը հետագայում պարզապես «ջրվեց»: Մի մասը չփոխանցվեց, մյուս մասն էլ փոխանցված համարվեց այդ մարդկանց գումարներով արդեն իսկ իրականացվող ծրագրերի տեսքով:

Սակայն մի քանի անգամ այդ հավաք-ճաշկերույթներն անցկացնելուց հետո դրանք, որպես այդպիսին, այլեւս տեղի չունեցան, եւ հիմնադրամի համար հանգանակվող գումարների նվազումն ավելի ակնառու դարձավ: Այսինքն՝ իշխանությունները, իրենց անձնական PR-ի պատճառով, ավելի շեշտակի ի ցույց դրեցին այն, որ հանգանակվող գումարների թիվը գնալով նվազում է:

Այս տարվա հեռուստամարաթոնի արդյունքն արդեն 40 տոկոսով պակաս է անցած տարվանից՝ 2013-ի արդյունքներից, իսկ 2008-ի համեմատ՝ արդեն մոտ 300 տոկոսով. 2008-ին հանգանակվել  եւ հանգանակության խոստում էր տրվել ավելի քան 39 մլն դոլարի չափով, այս տարի՝ 12 մլն դոլարից  քիչ ավելի: Եւ այս ցուցանիշը՝ այն պայմաններում, երբ այս հեռուստամարաթոնին եւս մասնակցեց ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը:

Ու եթե մի կողմ թողնենք իշխանությունների՝ հիմնադրամն իրենց նպատակներով օգտագործելու միտումն ու այդ նպատակով ներկայացված խիստ ուռճացված տվյալները, ապա այդ դեպքում անգամ նկատելի է հայության աջակցության կտրուկ նվազումը, ինչը պատահական չէ և պայմանավորված է Հայաստանի նկատմամբ փոփոխված տրամադրություններով:

Սերժ Սարգսյանի կառավարման յոթներորդ տարին նշանավորվում է ոչ միայն տնտեսության խորը անկումով և արտագաղթի աճով, այլև Սփյուռքի հետ հարաբերությունների վատթարացմամբ: Իր խայտառակ կառավարման արդյունքում Ս. Սարգսյանը փոշիացնում է նախորդների բոլոր նվաճումներն ու դրական գործերը, սովի եզրին է հասցրել հարյուր հազարավոր հայաստանցիների և խայտառակում է Հայաստանը դրսում: Կարելի է միայն պատկերացնել, թե ինչպես են չարախնդում մեր որոշ հարևաններ՝ տեսնելով, թե որքան ցածր է իշխանության վարկանիշը ոչ միայն երկրի ներսում, այլև աշխարհով սփռված հայության շրջանում:

Վերջերս ԱՄՆ-ում անցկացված համահայկական հավաքներից մեկում սփյուռքի ճանաչված ներկայացուցիչներն այլևս անթաքույց խոսել են համահայկական կառույցների՝ Հայաստանում ոչ լիարժեք գործունեության, դրա հիմնական պատճառի՝ հայրենիքում ծաղկող կոռուպցիայի և հովանավորչության մասին: Նման միջոցառումների ժամանակ նրանք նախկինում երբեք չէին բարձրաձայնել Հայաստանը վարակած հիմնական ախտի մասին՝ գերադասելով միջանցքներն ու փակ հանդիպումները:

Սերժ Սարգսյանի վնասաբեր գործունեությունը, բացասական ազդեցությունը երկրի զարգացման բոլոր ուղղությունների վրա այլևս գաղտնիք չէ որևէ մեկի համար: Ամեն օր հասարակությունը նորանոր փաստերի է ծանոթանում, որոնք ապացուցում են, որ Ս. Սարգսյանը չունի և ոչ մի ռեսուրս ու կարողություն՝ շտկելու վիճակը: Ս. Սարգսյանի և նրա ձախողված թիմի ամեն լրացուցիչ օր պաշտոններում մնալը բերելու է նորանոր նահանջներ՝ հարյուրավոր անգամ շեշտադրելով, որ ՀՀԿ-ին իշխանությունից զրկելու հրամայականը այլընտրանք չունի: