04.12.2014 14:57

Պատգամավոր. Տնտեսության մեջ փլուզվելու բան էլ չի մնացել

Պատգամավոր. Տնտեսության մեջ փլուզվելու բան էլ չի մնացել

iLur.am-ի զրուցակիցն է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, տնտեսական հարցերի ԱԺ մշտական հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանը

- Պարոն Մելքումյան, վերջին օրերին դրամի կտրուկ արժեզրկումը, ձեր կարծիքով, ինչի՞ հետեւանք էր:

- Կատարվածը բազմաթիվ գործոնների հետեւանք էր: Դրամը փորձում էին պահպանել 410 դրամի սահմաններում, բայց՝ առանց հիմքերի, այսինքն` փոխարժեքը պահում էին արհեստականորեն, որովհետեւ տնտեսական աճի դանդաղումը, տրասֆերտների ծավալների նվազումը արդեն իսկ կանխատեսման հիմք էին տալիս: Բացի այդ, համընկան մի քանի այլ գործոններ` արտահանման տեմպերի կրճատումը, տրանսֆերտների նվազումը, ինչն էլ հանգեցրեց գահավիժման:

- Իսկ կատարվածի մեջ կա՞ն արդյոք սուբյեկտիվ գործոններ:

- Իհարկե, կան: Որպես սուբյեկտիվ գործոն՝ կմատնանշեի կառավարման քաղաքականության ցածր մակարդակը: Դրամի արժեզրկումը մեկ-երկու ամսում կատարվածի հետեւանքով չի պայմանավորված, այլ տարիներ շարունակ վարված քաղաքականության պատճառով է:

- Ձեր կարծիքով, ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ դրամի արժեզրկումը:

- Ի սկզբանե կարող ենք արձանագրել, որ դրամի արժեզրկումը խթանում է արտահանումը, բայց, մյուս կողմից էլ, խորացնում է աղքատությունը, որովհետեւ մարդկանց կենսամակարդակն առանց այն էլ վատ է: Եվ համադրության մեջ եթե նայենք, ապա բացասական հետեւանքներն ավելի շատ են, քանի որ արտահանման ծավալների ավելացումը վայրկյանապես չի լինի: Փոխարենը, միանգամից կզգացվի կենսամակարդակի նվազումը: Բացի այդ, հիմա լուրջ խնդրի առաջ են կանգնած այն մարդիկ, ովքեր դոլարային վարկեր էին վերցրել:  Մարդիկ, ովքեր ունեն դրամային վարկեր, նույնպես պետք է մտածեն, թե ինչ է կատարվելու։ Այսինքն, ռիսկերն ավելացել են: Նաեւ` ներդրումների մակարդակը կարող է զգալի նվազել: Այնպես որ, հարկավոր է կոնկրետ միջամտություն:

- Դրամի արժեզրկումը շատերը կապում են ռուսական ռուբլու արժեզրկման եւ, ընդհանրապես, ՌԴ տնտեսության մեջ տեղի ունեցող երեւույթներով: Իսկ ինչո՞ւ հայկական տնտեսությունը չունի այնքան իմունիտետ, որպեսզի որոշակիորեն չեզոքացնի ռիսկերը:

- Հայաստանում այսօր ապրում է այնքան մարդ, որքան հայ կա ՌԴ-ում: Բայց ի տարբերություն Հայաստանի, ՌԴ-ում ապրում են աշխատող հայերը: Մարդիկ աշխատում, փող էին ուղարկում, եւ հիմա,երբ տրանսֆերտները նվազում են, դա իր ազդեցությունն է ունենում տնտեսության վրա: Ինչ վերաբերում է ձեր նշած իմունիտետին, ապա վերջին տարիների ընթացքում մենք գնացել ենք տնտեսական փոքր փլուզումների ճանապարհով: Ուստի, կորցրել ենք իմունիտետը: Սա նման է այն իրավիճակին, որ մարդը միկրոինֆարկտներ է ստանում, բայց չի իմանում այդ մասին: Հիմա մենք պետք է խուսափենք խոշոր փլուզումից:

- Արդյո՞ք մեծ փլուզում է սպասվում:

- Կարծում եմ` ոչ, որովհետեւ փլուզվելու բան էլ չի մնացել:

- Քանի որ արդեն ականատես ենք լինում մեծ գնաճի, ի՞նչ եք կարծում ` ի՞նչ է հարկավոր անել գնաճի հետեւանքները չեզոքացնելու համար:

- Դրամի արժեզրկումը միանշանակ տանելու է աղքատացման: Ուստի, իմ առաջարկն է` ավելացնել մարդկանց եկամուտները, սուբսիդավորել վարկերը:

Արման Գալոյան