21.11.2012 16:08

Կեղծ ավտոպատահարների համար քրեական պատիժ կսահմանվի

Կեղծ ավտոպատահարների համար քրեական պատիժ կսահմանվի

Ավտոմեքենաների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության ներդրումից հետո անցել է երկու տարի: Ոլորտը կարծես թե կայանում է, քաղաքացիներն ընտելանում են քաղաքակիրթ մեթոդներով վթարների լուծմանը: Սակայն ոլորտում ի հայտ են եկել մտահոգիչ երևույթներ: Ըստ «Ապահովագրական շուկայի մասնակիցների ասոցիացիայի» տնօրեն Անդրանիկ Օհանջանյանի՝ ԱՊՊԱ-ի ոլորտում աճել են խարդախության դեպքերը, և կեղծ ավտոպատահարների հայտերի աճ է արձանագրվել: Դա կրում է ինչպես կենցաղային, այնպես էլ կազմակերպված հանցագործության բնույթ:

ՀՀ Կենտրոնական բանկի հասարակայնության կապերի ծառայության բաժնից «Արմենպրեսին» տեղեկացրել են, որ հաշվի առնելով ավտոապահովագրական շուկայի մասնակիցների մտահոգությունները սույն խնդրի շուրջ՝ Կենտրոնական բանկի կողմից մշակվել և շրջանառության մեջ է դրվել «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը պետք է ներկայացվի ՀՀ Ազգային ժողովի քննարկմանը: Նոր օրենքի ընդունումից հետո կեղծ ավտոպատահարների կազմակերպիչներին և մասնակիցներին սպասվում է քրեական օրենսգրքի դրույթներից բխող համապատասխան պատիժ:

Աղբյուր