21.11.2012 16:27

Նաիրա Զոհրաբյան. Սա փախուստ էր, իսկ փախուստը թուլության նշան է

Նաիրա Զոհրաբյան. Սա փախուստ էր, իսկ փախուստը թուլության նշան է

«Ես չգիտեմ՝ պարոն Ծառուկյանը Հայաստանում է, թե ոչ, կարծում եմ՝ մամուլի խոսնակը կպատասխանի այդ հարցին, ներկա չգտնված պատգամավորներից երեքը ՀՀ-ում չեն, որից երկուսն առողջական խնդիրների պատճառով են երկրից բացակայում, անձամբ խոսել եմ բոլորի հետ»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով լրագրողների այն հարցին, թե ինչու որոշ ԲՀԿ-ական պատգամավորներ ներկա չէին արտահերթ նիստին:
Պատասխանելով iLur.am-ի այն հարցին, թե ինչու, այնուհանդերձ, ՀՀԿ-ն չմասնակցեց նիստին՝ ԲՀԿ-ական պատգամավորն ասաց.
«Եթե իրենք վստահ էին, որ իրենց հիմնավորումները երկաթյա էին, ապա քաղաքականապես ճիշտ և գրագետ կլիներ, որ գային, նիստերի դահլիճում հիմնավորեին իրենց տեսակետը։ Փախուստը ուղղակիորեն հերթական և ևս մեկ անգամ ապացուցում է որ իրենք կյանքի գնով չեն ցանկանում հրաժարվել մեծամասնական ընտրակարգից, որովհետև դա այն բոնուսն է, որ ստարտային վիճակում իրենք ընտրություններից առաջ ունեն իրենց գրպանում»:
Նաիրա Զոհրաբյանի բնորոշմամբ՝ ՀՀԿ-ի քայլը փախուստ էր, իսկ փախուստը թուլության նշան է։ 
Վերջինս այն կարծիքի է, որ ըստ էության՝ սա բոյկոտ չէր, քանի որ ՀՀԿ-ն բոյկոտելու մասին նախապես չէր հայտարարել, այլ պարզապես փախուստ էր նիստից՝ այն տապալելու համար:

Լուսանկարը՝ PanArmenian Photo