15.09.2012 08:55

Ինչի մասին է հակաիսլամական ֆիլմը: Հարցեր և պատասխաններ

Հազարավոր մահմեդականներ մասնակցում են ԱՄՆ-ում նկարահանված հակաիսլամական ֆիլմի դեմ բողոքի գործողություններին: BBC-ի խնդրանքով Ջեյմս Լոնգմանը բացատրում է, թե հատկապես ինչն է վիրավորական ընկալվել այդքան մեծ թվով մարդկանց կողմից՝ ամբողջ աշխարհում:

Ի՞նչ է ցուցադրում ֆիլմը

Համացանցում տեղադրված տեսանյութը, որը «Իսլամի անմեղությունը» ֆիլմի նախաբանն է, իսլամը ներկայացնում է որպես ատելության և բռնության կրոն, իսկ Մուհամեդ մարգարեին՝ հիմար և փառամոլ մարդ: Տեսանյութն սկսվում է մի տեսարանով, որում ղպտի-քրիստոնյաների ընտանիքը ժամանակակից Եգիպտոսում  մի խումբ մահմեդականների կողմից հարձակման է ենթարկվում: Հայրը դուստրերին ասում է, որ մահմեդականները ձգտում են ոչնչացնել բոլոր քրիստոնյաներին, իսկ իսլամական պետությունը պարտակում է նրանց հանցագործությունները:  Այնուհետև ֆիլմում հայտնվում է Մուհամեդ մարգարեն, և պատմվում է անապատում ընտանիքի և համախոհների ընկերակցությամբ նրա  դեգերումների մասին: Ասվում է, որ նրա կինը՝ Խադիջան, հորինում է Ղուրանը՝ հիմք ընդունելով Հին և Նոր կտակարանները: Ֆիլմում նաև կան մարգարեի, նրա կնոջ և այլ կանաց սեռական կյանքը ներկայացնող տեսարաններ: Մուհամեդի համախոհները ֆիլմում ներկայացվում են որպես վայրի մարդասպաններ, որոնք հարստության են ձգտում ու սպանում են կանանց ու երեխաների: Մի տեսարանում մարգարեն հայտարարում է, որ ինքը միասեռական է: Ընդ որում՝ թեպետ ֆիլմում, ենթադրաբար, կարող են լինել մեջբերումներ Ղուրանից, այնուհանդերձ՝ շատ դրվագներ,  որոնցում հատկապես խոսվում է սպանության կամ բռնության մասին, ակներևաբար լրիվ հորինված են:

Ինչո՞ւ է այս ֆիլմն այդքան վիրավորել մահմեդականներին

Իսլամն արգելում է Մուհամեդ մարգարեին որևէ կերպ պատկերել, առավել ևս՝ ծաղրել: Նրա կինը՝ Խադիջան, և  նրա դեգերումների ուղեկիցները նույնպես սրբեր են համարվում: Նրանց ծաղրելն ընկալվում է որպես աստվածանարգություն: Իսլամի գլխավոր դրույթներից մեկի համաձայն՝ Ղուրանը Ալլահի խոսքն է, որը հաղորդվել է Մուհամեդին այն նպատակով, որպեսզի վերջինս էլ այն փոխանցի բոլոր մարդկանց: Աստվածաշնչի հիման վրա Ղուրանը գրող Խադիջայի կերպարը հակասում է այդ դրույթին, որն իսլամի համար առանցքային է:

Ի՞նչ է հայտնի ֆիլմի ստեղծման մասին

Ֆիլմը, ըստ երևույթին, տևում է մոտավորապես մեկ ժամ, թեև բողոքողների մեծ մասը տեսել է համացանցում լայնորեն տարածված ընդամենը 14 րոպեանոց տեսանյութը: Ժապավենի նկարահանման համար, ակներևաբար, քիչ ծախս է արվել՝ էժանագին դեկորներ և ոչ արհեստավարժ դերասաններ: Նկարահանումները կատարվել են անցյալ տարվա օգոստոսին, Կալիֆոռնիայի մի կինոստուդիայում, և տևել են հինգ օր: Նկարահանող խումբը բավական բազմամարդ է եղել՝ գրեթե 50 դերասան: Ամենավիրավորական տեսարանները սկզբնական վարկածում չեն եղել, դրանք հետագայում են ավելացվել:

Ո՞վ է Նակուլա Բասսլի Նակուլան

Տեսանյութը համացանցում՝ Youtube-ում էր տեղադրվել  sambacile օգտատիրոջ կողմից, որն իբր իսրայելցի է և նկարահանումներն իրականացնելու նպատակով հինգ միլիոն դոլար է հավաքել ամերիկյան հրեաների շրջանում: Սակայն հայտնի է, որ իրականում նման մարդ գոյություն չունի: ԱՄՆ իշխանությունները հայտարարել են, որ ֆիլմի հեղինակը եգիպտացի ղպտի Նակուլա Բասսլի Նակուլան է, որն ապրում է Կալիֆոռնիայում: 2010 թ. այդ մարդը խարդախության համար ենթարկվել է 790 հազար դոլար տուգանքի: Ենթադրվում է, որ նա օգտվել է Sam Bacile կեղծանունից: Նա ինքը հերքում է այդ մեղադրանքները:

Ի՞նչ են ասում ֆիլմի մասին այնտեղ նկարահանված դերասանները

Դերասանների խոսքերով՝ կինոնկարի թեմայի առնչությամբ իրենց թյուրիմացության մեջ են գցել՝ ասելով, թե այն ոչ մի կապ չունի իսլամի կամ Մուհամեդի հետ: Նրանք պնդում են, որ բոլոր վիրավորական տեսարաններն ավելացվել են ավելի ուշ: Դերասանուհի Սինդի Լի Գարսիան, որը ոչ մեծ դեր է խաղում ֆիլմում, պատմել է, որ իրեն և մյուս դերասաններին ֆիլմի սցենարը ներկայացրել են «Անապատի ասպետները» վերնագրով: Նա պնդում է, որ կարծել է, թե ֆիլմը պատմական դրամա է, որի գործողությունները տեղի են ունենում Մերձավոր Արևելքում: Նա նաև ասել է որ Նակուլա Բասսլիին տեսել է նկարահանումների ժամանակ:

Ուրիշ ի՞նչը կարող էր բողոքի ալիք բարձրացնել

Այն բանից հետո, երբ 2006 թ. Դանիայում Մուհամեդ մարգարեի ծաղրանկարները հրապարակելուց հետո մահմեդականների շրջանում բողոքի ալիք բարձրացավ, պարզ դարձավ, որ իսլամական աշխարհում շատ քաղաքական գործիչներ և կրոնական առաջնորդներ իրենց շահերին են ծառայեցնում իսլամը վիրավորելու իրական կամ երևակայական փաստերը: Բողոքի ալիքը ծայր է առել Եգիպտոսում, այնտեղից անցել է տարածաշրջանի մյուս երկրներ, հավանաբար՝ ավելի բորբոքվելով տեղական ԶԼՄ-ների կողմից: Բողոքի գործողությունները ներծծված են Արևմուտքի նկատմամբ անվստահությամբ և ագրեսիվությամբ: Մերձավոր Արևելքում  հակաարևմտյան տրամադրություններն արդեն վաղուց են առկա, ինչն ավելի է բորբոքվում հասարակության ծայրահեղ աղքատ շերտի սոցիալական անելանելիության և հիասթափության պատճառով: