15.12.2014 14:09

Օրվա կադրը. ՀՀԿ-ի «հայրենասիրական» մտագրոհ

Օրվա կադրը. ՀՀԿ-ի «հայրենասիրական» մտագրոհ

Օրվա կադրն արված է այսօր ԱԺ-ում: Կադրում ՀՀԿ խմբակցության երեք կարկառուն դեմքեր են՝ Արտաշես Գեղամյանը, որին Սերժ Սարգսյանը ժամանակին անվանում էր Դատարկ Դհոլ, Հայկ Բաբուխանյանը՝ երբեմնի «կատաղի» ընդդիմադիր, որին ընդդիմության հանրահավաքի ժամանակ Արտաշատում ժամանակին նույնիսկ դանակահարել էին, (իր իսկ խոսքերով՝ իր ներկայիս «թիմակից» Հովիկ Աբրահամյանի մարդիկ) և Առաքել Մովսիսյանը՝ Շմայսը:

Վերջինս օրերս աչքի ընկավ իր հերթական գլուխգործոց հայտարարություններով, թե «ով իրան նորմալ չի կարում պահի, մենք կարող ենք հանգստացնել… Ով ինչ անի, իրա պատասխանը պիտի ստանա՝ անկախ նրանից՝ ազատամարտիկ ա, սովորական քաղաքացի ա, թե պաշտոնյա»:

Շմայսը աչքի ընկավ նաև դրանից հետո. պարզվեց, որ Արամ Մանուկյանի վրա հարձակում գործած և նախկինում ադամանդի մաքսանենգության համար դատպարտված ու համաներմամբ ազատ արձակված անձը ժամանակին նույն Շմայսի վարորդներից է եղել:

Մնում է միայն պարզել, թե ի՞նչ են քննարկում ՀՀԿ խմբակցության «ուղեղները» այս բրեյնսթորմի ժամանակ:

Չի բացառվում, որ նախկին «կարկառուն և հալածված» ընդդիմադիրները Շմայսին խորհուրդներ են տալիս, թե ինչպես է պետք հարձակվել ընդդիմադիրների վրա: