17.12.2014 18:42

Վարդան Հարությունյան. Կասկածից դուրս է, որ այս ամենի թիկունքում կանգնած են իշխանություն ունեցող մարդիկ

Վարդան Հարությունյան. Կասկածից դուրս է, որ այս ամենի թիկունքում կանգնած են իշխանություն ունեցող մարդիկ

iLur.am-ի զրուցակիցն է իրավապաշտպան Վարդան Հարությունյանը:

-Պարոն Հարությունյան, կխնդրեի անդրադառնալ վերջին օրերին ընդդիմադիր գործիչների նկատմամբ բռնությունների շարքին: Ի՞նչ էր սա նշանակում, եւ արդյո՞ք համամիտ եք, որ այս ամենի թիկունքում կանգնած է իշխանությունը:

-Ընդդիմադիր գործիչների նկատմամբ տեղի ունեցող այս բռնությունները, նրանց ավտոմեքենաների հրկիզումները խոսում են այն մասին, որ երկրի իշխանություններն իրենց վարած արտաքին ու ներքին քաղաքականությունների քննադատներ հանդուրժել չեն պատրաստվում: Միշտ էլ նրանք անհանդուրժող են եղել, բայց վերջին դեպքերը ցույց են տալիս, որ ընդդիմության նկատմամբ իրենց վարքագծում այսուհետ շատ ավելի ազատ են լինելու: Ինձ համար կասկածից դուրս է, որ այս ամենի թիկունքում կանգնած են իշխանություն ունեցող մարդիկ, եւ որ` այդ գործողությունները ծրագրվել են մեկ կենտրոնում: Այլ խնդիր է, որ դրանք ի կատար ածելու գործը տարբեր մարդիկ կարող էին հանձն առել: Մի դեպքում` մեկը կարող էր դա կազմակերպել, մեկ այլ դեպքում՝ մեկ ուրիշը, բայց ծրագրվել է մեկ կենտրոնում: Իշխանությունների ներկայացուցիչներն արդեն բացահայտ խոսում են այդ բռնությունների իրականացման պատճառների ու առիթների մասին, իրենց փողոցային մտածելակերպով արդարացնելով դրանք:

-Ազատամարտիկների դեմ միջադեպերից հետո փոխոստիկանապետ, Ներքին զորքերի հրամանատար Լյովա Երանոսյանը հայտարարել էր, թե ով իր ներկայությամբ բան ասի Սերժ Սարգսյանին, նրա ականջները կկտրի: Դուք ինչպե՞ս եք վերաբերվում այս հայտարարությանը:

-Սա բոլորովին էլ չի նշանակում, թե այդ մարդն այդքան նվիրված է Սերժ Սարգսյանին ու այդքան հարգում կամ գնահատում է նրան: Այստեղ չկա ոչ հարգանք նախագահի ինստիտուտի եւ ոչ էլ պետական սիմվոլիկայի նկատմամբ: Սա ավելի շատ վկայում է նրա ծառայամտության մասին: Քրեական մտածողություն ցուցադրող այս  հայտարարությամբ նա ընդամենը Սերժ Սարգսյանին, մեկ ավելորդ անգամ եւս,  իր հպատակությունն է հավաստում: Նորմալ մարդը, էլ չեմ ասում՝ նորմալ նախագահը, այս կարգի հպատակներից, այս կարգի պաշտպաններից եւ այս կարգի ծառայություններից կհրաժարվեր: Ես չգիտեմ՝ պե՞տք է այս ամենը Սերժ Սարգսյանին, ընդունու՞մ է նա այս ծառայություննրը, թե՝ ոչ, բայց քանի դեռ նա հրապարակավ չի սաստել այս եւ մյուս ծառայամիտներին՝ իրենից է հասարակությունը այս բռնությունների հետ կապված բացատրություններ պահանջելու:

-Լյովա Երանոսյանն իր հայտարարությունից հետո ընդամենը նկատողություն է ստացել իր վերադասի կողմից: Ի՞նչ եք կարծում՝ դա համաչա՞փ պատիժ էր, թե` ոչ:

-Այս դեպքում ինձ հետաքրքրում են ոչ թե պատիժը եւ դրա համաչափությունը, այլ ՀՀ նախագահի վերաբերմունքը: Վերջին հաշվով` ամեն ինչ ասվում է հրապարակավ, ու նրա անունն է հնչում:

-Արդյո՞ք իշխանությունները նրան «կզոհաբերեն», եւ եթե մինչեւ հիմա չեն պատժել, կարելի՞ է ենթադրել, որ Սերժ Սարգսյանն առնվազն խրախուսում է նման գործելաոճը:

-Քանի դեռ Սերժ Սարգսյանը հրապարակավ չի սաստել կամ չի  պատժել այս կարգի հայտարարությունների հեղինակին կամ հեղինակներին, քանի դեռ նա այս կապակցությամբ լռություն է պահպանում, նշանակում է, որ ինքը դրանք եթե անգամ չի խրախուսում, ապա չի էլ դատապարտում: Իսկ սա արդեն բռնությունների կազմակերպիչներին ու իրականացնողներին նոր գործողություններ իրականացնելու թույլատվություն տալու պես մի բան է:

-Եվ վերջապես, ինչպե՞ս պետք է այս ամենի դեմն առնել:

-Ակտիվ պետք է լինեն ընդդիմադիր ուժերը: Յուրաքանչյուր առիթով հրապարակը պետք է լցնել բողոքող մարդկանց բազմությամբ: Այս դեպքու՛մ միայն իշխանությունը կլսի իրեն ուղղված պահանջը: Ե՛ւ իր ծառայամիտ հպատակներին կպատժի, ե՛ւ բռնությունները չեն կրկնվի, ե՛ւ իշխանության մեջ ներգրավված քրեական տարրերը չափի մեջ կլինեն: Իհարկե, ասելը շատ ավելի հեշտ է, քան իրականացնելը, բայց իշխանությունների վրա  լուրջ կարող է ազդել միայն այս հանգամանքը: Մեր ժողովուրդը միշտ էլ ցույց է տվել, որ հրապարակ դուրս գալու պատրաստ է, մնում է այդ պատրաստակամությունը ճիշտ օգտագործել: Իրեն բացարձակապես անպատիժ զգացող իշխանություններին կասեցնելու այլ տարբերակ ես չգիտեմ: 

Արման Գալոյան