23.12.2014 17:35

Հրաչյա Ռոստոմյան. Եվրոպական խաղերը Բաքվի սեփականությունը չեն

Հրաչյա Ռոստոմյան. Եվրոպական խաղերը Բաքվի սեփականությունը չեն

Եվրոպական խաղերը Բաքվի սեփականությունը չեն. դրանք կազմակերպում է Միջազգային օլիմպիական կոմիտեն, որը վերահսկելու է իրավիճակը: Այդ մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը:

Նա նշել է, որ առայժմ Բաքվում Եվրոպական խաղերին մասնակցությունից Հայաստանի հրաժարվելու պատճառներ չի տեսնում, սակայն ՀԱՕԿ վերջնական որոշման մասին կհայտարարվի 2015 թ. փետրվարին: Ըստ որում, նա ավելացրել է, որ մարզիկները հոգեբանական առումով խնդիրներ չունեն, և անհրաժեշտության դեպքում նրանք պատվով կներկայացնեն Հայաստանը ու մեդալներ կնվաճեն:

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք ավելի լավ չէ Հայոց ցեղասպանության 100-ամյակի նախաշեմին բոյկոտել Բաքվի խաղերը` Ռոստոմյանը հարցով է պատասխանել. «Իսկ ավելի լավ չէ մասնակցել դրանց ու հաղթել` այդպիսով հարգանքի տուրք մատուցելով Ցեղասպանության զոհերի հիշատակին»:

Ռոստոմյանը նաև ամփոփել է տարվա արդյունքները, որը, նրա խոսքով, հաջող է եղել, քանի որ հայ մարզիկները լավ արդյունքներ են գրանցել միջազգային ասպարեզում: Այս մասին հաղորդում է ԱրմԻնֆոն: