25.12.2014 17:26

Արամ Մանուկյան. Ս.Սարգսյանն ու իրեն քծնողները նման քայլերով ավելի են մոտեցնում իշխանափոխությունը

Արամ Մանուկյան. Ս.Սարգսյանն ու իրեն քծնողները նման քայլերով ավելի են մոտեցնում իշխանափոխությունը

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Արամ Մանուկյանն արդեն դուրս է գրվել հիվանդանոցից եւ բուժումը՝ բժիշկների հսկողության ներքո, շարունակում է տանը: iLur.am-ը զրուցել է պարոն Մանուկյանի հետ:

-Պարոն Մանուկյան, ինչպե՞ս եք գնահատում ձեր եւ նաեւ քաղաքական այլ գործիչների, ակտիվիստների ու ազատամարտիկների վրա կատարված հարձակումները, ինքներդ դրանք քաղաքական համարո՞ւմ եք:

-Այն, որ իմ և իմ ընկերների վրա կատարված հարձակումները քաղաքական են և միայն քաղաքական, ավելի քան ակնհայտ է: Իմ գործընկերների և քաղաքական ուժերի հայտարարություններում, ելույթներում, հարցազրույցներում ու հրապարակումներում վերջին հարձակումները գնահատվել են, ու բացահայտվել է դրանց քաղաքական բնույթը: Բոլորին, այդ թվում նաև միջազգային կառույցներին, զանգվածային լրատվամիջոցներին, լրագրողներին, բոլոր աջակիցներին, երևույթներին ճիշտ, անաչառ, ժամանակին և համարձակ գնահատական տվողներին իմ շնորհակալությունն եմ հայտնում:

-Իշխանությունները վարկած էին շրջանառում, ըստ որի՝ փաստացի ստացվում էր, որ բռնությունները հիմնավորված էին, իբր՝ չի կարելի որեւէ բան ասել Սերժ Սարգսյանին, իսկ ասելու դեպքում էլ այսպիսի «ինքնաբուխ» պատասխաններ են լինում:

-Անշուշտ, եղան նաև այլ՝ իշխանության քարոզչությունը սպասարկող վարկածներ, որոնք կամ ընկնում են ծիծաղելի վիճակի մեջ, կամ պարզապես հիմնավորում հարձակումների՝ իշխանության կողմից հրահանգավորված լինելու փաստը։ Այդ բռնությունները չեն տեղավորվում որևէ մակարդակի պատվի, արժանապատվության, տղամարդկության հասկացությունների մեջ։ Թաքուն, մարաղ մտած կատվի պես, խեղճ ու կրակ հանձնակատարների թիկունքում թաքնված, վախվորած խուժանի պես, սեփական հանցանքից ահաբեկված խփել–փախնելով ավելի իրենց խեղճությունն են ցույց տալիս։ Խնդրի լուծումը իշխանության վարձկաններից վրեժխնդիր լինելը չէ:  Խնդիրը այս հանցավոր, ավազակային համակարգից, կազմակերպիչներից ու հովանավորներից ազատվելու և նրանց պատժելու դաշտում է:

-Իշխանությունները կարծես ցանկանում են մկաններ ցույց տալ: Ամեն դեպքում, կարծում եք՝ այդպիսով իրենց հաջողվո՞ւմ է վախեցնել ընդդիմությանը, ժողովրդին, կամ, ընդհանրապես, ի՞նչ են ստանում դրա դիմաց իշխանությունները:

-Սերժ Սարգսյանն ու իրեն քծնողները նման քայլերով ավելի են մեծացնում ժողովրդի ատելությունը իրենց նկատմամբ և մոտեցնում իշխանափոխությունը։ Իսկ իրենցից ազատվելը կենսական անհրաժեշտություն է, քանի որ սրանք մեր, իմ երկիրը դարձրին կազմակերպված բանդայի, փողոցի  խուժանի ձեռքին գործիք ու միջոց: Հիմա ոչ թե իշխանությունը օգտագործում է փողոցային խուժանին ու քրեական տարրերին, այլ գրեթե ամբողջությամբ գտնվում է նրա ձեռքում: Իսկ արդարադատությունը իջեցվել է ակսակալի ու քուչի մակարդակին:

-Այսինքն՝ հիմա ավելի, քան երբեւէ, իշխանություններից ազատվելն անհրաժե՞շտ է:

-Ժողովրդին կեղեքող, թալանող, ահաբեկող էս տեսակի ճիրաններից երկիրն ազատագրելը պետության անվտանգության ու ժողովրդի ապագան փրկելու միջոց է ու օրախնդիր: Էդ տեսակից ազատվելը հիմա ոչ թե պատիվ է ու հերոսություն, այլ չազատվելն է ամոթ, պատվազրկություն: Իսկ հապաղելը կամ ուշացնելը նորանոր հանցագործությունների տեղիք է տալու և վտանգելու երկրի և պետականության գոյությունը: Աշխատելու եմ այս թեմային այլևս չանդրադառնալ: Մնացածը՝ գործով: