25.12.2014 20:41

Գեղարքունիքի թեմը մամուլի հրապարակումներից հետո կզբաղվի «Պոնչի» խնդրով (լուսանկար)

Գեղարքունիքի թեմը մամուլի հրապարակումներից հետո կզբաղվի «Պոնչի» խնդրով (լուսանկար)

Օրերս համացանցում տարածվել է մի լուսանկար, որը պատկերում է եկեղեցում տեղադրված մոմասեղան՝ «Պոնչից» մակագրությամբ: Սոցիալական ցանցերում բուռն քննարկումների եւ հիմնականում զվարճալի մեկնաբանությունների տեղիք տված այս մոմասեղանը, պարզվեց, գտնվում է Սեւանի ափին գտնվող Հայրավանքում (IX-XIVդդ.):

Վանքը գտնվում է Գեղարքունիքի թեմի ենթակայության տակ, եւ այնտեղ երբեմն եկեղեցական արարողություններ են տեղի ունենում: iLur.am-ի հարցմանն ի պատասխան թեմի առաջնորդարանից հայտնեցին, որ թեմակալ առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանն արդեն տեղյակ է խնդրի մասին: «Ամենայն հավանականությամբ, հավատացյալներից մեկը ցանկացել է նվեր անել տաճարին, բայց, հակառակ ընդունված կարգի, դա արել է առանց առաջնորդարանի հետ համաձայնեցնելու», -մեզ հետ հեռախոսազրույցում ասաց թեմակալ առաջնորդի ռեֆերենտ-օգնականը: Առանց մանրամասնելու, թե հատկապես ինչ ճակատագիր է սպասվում «Պոնչի» ընծային, ռեֆերենտը նշեց, որ «համապատասխան մարդիկ արդեն զբաղվում են խնդրով»:

Նշենք, որ ըտ ՖԲ մի շարք օգտատերերի վկայության, «Պոնչից» մակագրությամբ մոմասեղանը Հայրավանքում է գտնվում առնվազն 2007-ից ի վեր: 

Լուսանկարը՝ Զորիկ Գալստյանի ՖԲ էջից