22.11.2012 23:06

56 տարի առաջ՝ այս օրը

56 տարի առաջ՝ այս օրը

Ուղիղ 56 տարի առաջ, 1956 թվականի այս օրը  Ավստրալիայի Մելբուռն քաղաքում  մեկնարկեցին 16-դ ամառային օլիմպիական խաղերը: Համաշխարհային սպորտի  գլխավոր մարզահանդեսին մասնակցեցին  67 երկրների 3184 (2813 տղամարդ, 371 կին) մարզիկներ: 17 մարզաձևերում խաղարկվեց մեդալների 145 հավաքածու: Խաղերի բացումը կատարեցին Ֆիլիպ հերցոգ Էդինբուրգսկին և Գուստավ 6-րդը:

Խորհրդային Միության պատվիրակությունը մրցումների մեկնարկից  առաջ գնացքով հավաքի էր մեկնել  Վլադիվոստոկ` կլիմայավարժեցման համար: Այնուհետև ԽՍՀՄ թիմը «Բիրմա» շոգենավով  ուղևորվեց Ավստրալիա:

 Թիմային ոչ պաշտոնական հաշվարկում առաջին տեղը գրավեց ԽՍՀՄ հավաքականը` 98 մեդալ (37 ոսկե, 29 արծաթե, 32 բրոնզե): Նրան  հաջորդեցին ԱՄՆ-ի` 74 (32, 25,17) և Ավստրալիայի` 35 (13, 8,14)  պատվիրակները:

Փայլուն ելույթներով առանձնացան խորհրդային  մարմնամարզիկները: Նրանց պատվին ընդամենը մեկ ժամում, 11անգամ հնչեց ԽՍՀՄ օրհներգը և բարձրացավ դրոշը: Բացի 11 ոսկե մեդալներից մարմնամարզիկներն  իրենց հետ տուն տարան 6 արծաթե և 5 բրոնզե մեդալ` նվաճելով նաև օլիմպիական խաղերի բացարձակ չեմպիոնի կոչումը:

Դափնեկիրների թվում էր նաև մեր փառաբանված մարմնամարզիկ  Ալբերտ Ազարյանը: Նա ոսկե  պարգև ստացավ թիմային պայքարում և օղակների վրա վարժությունում:

Օլիմպիական չեմպիոնի կոչմանն արժանացան նաև ռինգի մեծ վարպետ, բռնցքամարտիկ Վլադիմիր Ենգիբարյանը և ժամանակակից հնգամարտի լեգենդար մարզիկ Իգոր Նովիկովը:

Խորհրդային թիմի հաջողությունն ամրապնդեցին ֆուտբոլիստները: Խաղերի փակման օրը` դեկտեմբերի 8-ին, նրանք եզրափակիչում 1:0 հաշվով հաղթեցին հարավսլավցիներին և արժանացան ոսկե պարգևների: Մեդալակիրների թվում էր նաև մեր հայրենակից Նիկիտա Սիմոնյանը:

Նշենք, որ մոսկվացի ջրագնդորդ, հայազգի Բաբկեն Մարգարյանը արժանացել է բրոնզե մեդալի:

Հետաքրքիր է , որ ձիասպորտի մրցումներն անցկացվել են  Ստոկհոլմում, քանզի  Մելբուռնում այդ ժամանակ կենդանիների համար վեցամսյա  կարանտին էր հայտարարված, հայտնում է ՀԱՕԿ-ի կայքը: