12.01.2015 17:29

Գյումրիի միջադեպի հետևանքով հիվանդանոց տեղափոխված երեխային բարեհաջող վիրահատել են

Գյումրիի միջադեպի հետևանքով հիվանդանոց տեղափոխված երեխային բարեհաջող վիրահատել են:

Ինչպես  տեղեկացնում է ՀՀ Առողջապահության նախարարության պաշտոնական կայքը, Գյումրիում տեղի ունեցած միջադեպի հետևանքով Ավստրիական հիվանդանոց է տեղափոխվել մինչև 1 տարեկան տղա երեխա, որին վիրահատել են: Երեխան կրծքի շրջանում վերք է ունեցել: Նրա մոտ կատարվել է որովայնի խոռոչի օրգանների մանրակրկիտ հետազոտություն: Արդյունքում պարզվել է, որ որովայնի խոռոչի օրգանները վնասված չեն: 40 րոպե տևողությամբ վիրահատությունը բարեհաջող է անցել: Այժմ երեխան գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Բժիշկները նրա առոջական վիճակը գնահատում են ծանր: Նշենք, որ Գյումրիում անհայտ անձը սպանել է ընտանիքի 6 անդամի` հորը, մորը, որդուն, հարսին, աղջկան և մեկուկես տարեկան երեխային: Իսկ վեց ամսական երեխան ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց: Դեպքի վայրում գտնվել են զինվորական սապոգներ, որոնց վրա գրված են եղել փախուստի դիմած զինծառայողի անունը և ազգանունը: Դեպքի վայրում հայտնաբերվել են նաև ԱԿ- 74 ինքնաձիգ, 5,45 ՄՄ տրամաչափի պարկուճներ և մեկ պահունակ` փամփուշտներով: