13.01.2015 10:01

Պերմյակովը պատմել է, որ գնացել էր ջուր խմելու

Պերմյակովը պատմել է, որ գնացել էր ջուր խմելու

Հայաստանի իրավապահ համակարգի ներկայացուցիչները այս պահին գտնվում են Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայում, որտեղ հարցաքննվում է ընտանիքի վեց անդամների սպանության մեջ կասկածվող ռուսաստանցի զինվորական Վալերի Պավելի Պերմյակովը: Այս մասին  news.am-ի հետ զրույցում ասել է ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը, ով գլխավորում է ոստիկանապետի հրամանով ստեղծված օպերատիվ խումբը:

Պերմյակովը սկսել է ցուցմունք տալ և պատմել է, որ դուրս է եկել պոստից, ցանկացել է մի քիչ զբոսնել, գնացել է այդ հասցեն՝ ջուր խմելու, դուռը ծեծել է, չեն բացել, փորձել է մտնել, այնուհետև մարդ է արթնացել ու այդպես տեղի է ունեցել այն, ինչ եղել է:

Հունան Պողոսյանը նաև հավելել է, որ այժմ քննարկում են քրեական գործի վարույթը իրականացնելու խնդիրը, դատավարական ընթացակարգերը: Խնդիրն այն է, որ Պերմյակովի դեմ պետք է գործ հարուցվի նաև զորամասը լքելու, պոստից զենքով փախչելու, սահմանը անցնելու փորձի վերաբերյալ: «Իրենք հակված են, որ մենք քննենք, քանի որ դեպքը տեղի է ունեցել մեզ մոտ, այն ծանր հանցագործություն  է: Օրվա ընթացքում երկու երկրների դատախազները իրար հետ կզրուցեն և կպայմանավորվեն: Կարծում եմ՝ մենք էլ կքննենք գործը, պարզապես վերադասության կարգով կստանանք համապատասխան ցուցում և ռուս գործընկերների վարույթում քննվելիք գործն էլ կտեղափոխվի մեզ մոտ»,-ասել է ոստիկանապետի տեղակալը:

Նա նշել է, որ Վալերի Պերմյակով ընդամենը մի ամիս և մի քանի օր է՝ ինչ Գյումրիում է, նա նկարագրվում է իբրև նորմալ անձնավորություն, բայց արտաքին տեսքը խոսում է այն մասին, որ ինչ-որ խնդիրներ կան, դա կպարզի համապատասխան փորձաքննությունը: