13.01.2015 12:32

Գյումրիի մարդասպանը պետք է դատվի ՀՀ օրենքներով

Գյումրիի մարդասպանը պետք է դատվի ՀՀ օրենքներով

Գյումրիում նախօրեին տեղի ունեցած ողբերգական սպանության գործով քննությունը վարող մարմնի հարցը դեռ պարզ չէ: Գլխավոր դատախազի խորհրդական Քրիստինե Մելքոնյանը iLur.am-ին ասաց, որ այս պահին քննարկումներ են ընթանում՝ արդյո՞ք Հայաստանի, թե Ռուսասատանի իրավապահներն են քննելու Ավետիսյանների ընտանիքի վեց անդամների սպանության և մեկ նորածնի վիրավորելու գործը:

Հիշեցնենք, որ հանցանք կատարելու կասկածանքով հունվարի լույս 13-ի գիշերը հայ-թուրքական սահմանի մոտ բերման է ենթարկվել Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայում ծառայող ՌԴ քաղաքացի Վալերի Պերմյակովը: Նրա նկատմամբ ՌԴ իրավապահների կողմից մեղադրանք է առաջադրվել զինված դասալքության և սահմանն ապօրինաբար հատելու փորձի հոդվածներով, իսկ ՀՀ իրավապահները նրան կասկածում են դաժան սպանության մեջ:

Բերման ենթարկվելուց հետո Պերմյակովը գտնվում է ռուսական ռազմաբազայում՝ փաստացի Ռուսաստանի իրավապահների հսկողության ներքո: Այստեղ նրանից առաջին ցուցմուքներն են վերցրել:

Մինչ Հայաստանի և Ռուսաստանի իրավապահները քննարկում են, թե որ երկրում է քննվելու ողբերգական սպանության գործը, տեղեկացնենք, որ համաձայն ՀՀ օրենսդրության՝ ՀՀ տարածքում հանցանք կատարած անձը ենթակա է պատասխանատվության ՀՀ քրեական օրենսգրքով: Միևնույն ժամանակ, ՌԴ քրեական օրենսգրքի համաձայն՝ՌԴ-ի՝ օտարերկրյա պետությունում տեղաբաշխված զինծառայողները օտարերկրյա պետությունում կատարած հանցանքի համար ենթակա են քրեական պատասխանատվության ՌԴ քրեական օրենսգրքով, եթե ՌԴ միջազգային պայմանագրով այլ բան նախատեսված չէ :

Իսկ միջազգային պայմանագրի, տվյալ դեպքում՝ «Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմական բազայի տեղակայման հետ կապված գործերի իրավազորության և փոխադարձ իրավական օգնության հարցերով» ՀՀ և ՌԴ միջև 2002-ին կնքված համաձայնագրի 4-րդ հոդվածը նախատեսում է, որ ՀՀ տարածքում հանցանք կատարած, ռուսական բազայում ծառայող անձանց և նրանց հարազատների նկատմամբ կիրառվում է ՀՀ օրենսդրությունը, և գործում են նրա իրավասու մարմինները:

Ըստ նույն համաձայնագրի 5-րդ հոդվածի՝ 4-րդ հոդվածի դրույթները չեն տարածվում միայն այն դեպքերում, երբ 

-հանցանքը կատարվել է ռուսաստանյան ռազմաբազայի տեղակայման կետերի տարածքում,

-հանցանքը կատարվել է ընդդեմ Ռուսաստանի Դաշնության կամ անձանց դեմ, որոնք ընդգրկված են ռազմաբազայի կազմում կամ նրանց ընտանիքների անդամների դեմ,

-ռազմական հանցագործությունների դեպքում:

Ինչպես տեսնում ենք, Գյումրու հանցագործության վրա նշված կետերից որևէ մեկը չի տարածվում:

Կասկածյալ Վալերի Պերմյակովի նկատմամբ ՌԴ իրավազորությունը կարող է տարածվել, օրինակ, զորամասը ինքնակամ լքելու փաստի վրա (ինչի մասին էլ խոսել է ոստիկանապետի տեղակալ Հունան Պողոսյանը), սակայն Ավետիսյանների սպանության հարցը միանշանակորեն գտնվում է ՀՀ իրավազորության ներքո: Որոշ լրատվամիջոցներում տարածվող այն տարբերակը, թե իբր եթե Պերմյակովին բերման ենթարկեին ՀՀ իրավապահները (նրան բերման են ենթարկել տեղի գյուղացիները՝ ռուս զինվորականների օգնությամբ), այդ դեպքում գործը կքններին հայ իրավապահները, որևէ քննադատության չի դիմանում: