13.01.2015 17:18

Հայկական թե՞ ռուսական կողմը պետք է քննի գործը. պարզաբանում է Գագիկ Ջհանգիրյանը

Հայկական թե՞ ռուսական կողմը պետք է քննի գործը. պարզաբանում է Գագիկ Ջհանգիրյանը

Հայկական թե՞ ռուսական կողմը պետք է քննի գործը, ո՞ր դատարանը պետք է իրականացնի արդարադատությունը և որտե՞ղ պետք է կրի իր պատիժը Գյումրու ողբերգության մեղավորը: Այս հարցերի շուրջ Ազատություն TV-ն մեկնաբանություն է վերցրել ՀՀ նախկին զինդատախազ, ԱԺ Հայ ազգային Կոնգրես խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանից:

«Ռազմական բազայի տարածքում կատարված հանցագործությունները ենթակա են ռուսական զինվորական իրավապահ մարմինների քննությանը: Բազայի տարածքից դուրս կատարված հանցագործությունները արդեն մեր զինվորական իրավապահ մարմինների քննչական ենթակայության առարկա են»,- հայտարարել է Գագիկ Ջհանգիրյանը, ապա մանրամասնել, որ սահմանապահ ծառայության կանոնների խախտումը, որը թույլ է տվել այդ զինծառայողը, այն է՝ ինքնաձիգով լքել է դիրքը, դուրս է եկել ռազմական բազայի տարածքից, մտել է քաղաք, այդ ամենը ենթակա է ռուսական իրավապահ մարմինների քննությանը:

«Բայց արդեն բուն սպանությունը, սպանության հանգամանքները, փաստը, որակումը, քննությունը պետք է կատարեն մեր զինվորական իրավապահ մարմինները: Այնուհետև, նախաքննության ավարտից հետո գործը պետք է փոխանցվի էլի ռուսական սահմանապահ զորքերի դատական մարմիններին, դատաքննությունը նրանք պետք է իրականացնեն»,- նշել է Գագիկ Ջհանգիրյանը: