13.01.2015 18:42

Պերմյակովի ձերբակալությունից 40 րոպե անց ՀՀ ոստիկանությունը դեռ շարունակում էր փնտրել նրան

Պերմյակովի ձերբակալությունից 40 րոպե անց ՀՀ ոստիկանությունը դեռ շարունակում էր փնտրել նրան

Գյումրիի ավագանու անդամ, «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը  «Ազատություն» ռադիոկայանի եթերում ներկայացրել է Գյումրիում նախօրեին տեղի ունեցած ողբերգական սպանության հետ կապված մի շարք ուշագրավ դիտարկումներ: 

Ըստ Բարսեղյանի, գործում մի շարք հանելուկային դրվագներ կան:

Նախ, նա տարակուսելի է համարում ոստիկանության տարածած տեղեկատվությունն այն մասին, որ կասկածյալը զորամասից 4 կիլոմետր ճանապարհ է անցել եւ Ավետիսյանների բնակարան է մտել՝ ջուր խմելու համար:

«Այս տունն ու այս բակը որեւէ բանուկ փողոցի վրա չեն գտնվում: Մարդը մտել է այս բակը, մոտ 60 մետր ճամփա է անցել, կողքի տունը բաց է թողել, հասել է էստեղ, որ ջուր խնդրի, անհեթեթ անհասկանալի բացատրություն է., - նշել է Բարսեղյանը:

Բացի այդ նա տարօինակ է համարում այն, որ ՀՀ ոստիկանությունը երեկ ամբողջ օրը Գյումրիում փնտրում էր կասկածյալին, բայց նրան հայտնաբերել եւ բերման են ենթարկել ռուս սահմանապահները՝ քաղաքից շուրջ 20 կիլոմետր հեռավորության վրա:

«Այս հարցերը բացատրություն չունեն: Ես գիշերը, ժամը 12-ից մինչեւ 12 անց 45 մեքենայով շրջեցի քաղաքի բոլոր յոթ ելքերով: Չորս ելքերի վրա ոստիկանական մեքենաներ կային, հսկում էին, բոլորի հետ զրուցել եմ, մյուս երեք ելքերի վրա, դեպի արեւմտյան սահմանը (որտեղ էլ հայտնաբերվել է Պերմյակովը-խմբ) հսկողություն չկար: Բայց պարզվում է, այդ ընթացքում նրան արդեն բռնել էին», - նշել է Լեւոն Բարսեղյանը:

Այն բանից հետո, երբ Բարսեղյանին տեղեկացրել են կասկածյալին ձերբակալելու մասին, նա ոստիկանության վարչության մոտ է գնացել եւ նկատել, որ այնտեղ որեւէ շարժ չկա:

«Ակնհայտորեն, բռնելուց հետո 40 րոպեի ընթացքում ՀՀ ոստիկանությունը, պարեկող ոստիկանները, ճանապարհային ոստիկանները, որեւէ մեկը տեղյակ չէր դրա ամասին: Սա ապացույց է այն բանի, որ ոստիկանությունը խաղից դուրս է եղել: Կամ, եթե բռնել են, հարմար չեն համարել հայաստանյան կողմին տեղյակ պահել», - նշել է ավագանու անդամը:

Հիշեցնենք, որ Ավետիսյաննների ընտանիքի 6 անդամների սպանության մե կասկածվող Վալերի Պերմյակովին ձերբակալել են ռուս սահմանապահները: Նա տեղափոխվել է 102-րդ ռազմաբազայի տարածք: ՀՀ Դատախազությունը քիչ առաջ հաղորդագրություն տարածեց, նշելով, որ Պերմյակովին Հայաստանի իրավապահներին հանձնելու մասին խոսք լինել չի կարող, քանի որ «այդպես է պահանջում ՌԴ Սահմանադրությունը»:

Մինչդեռ, «Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմական բազայի տեղակայման հետ կապված գործերի իրավազորության և փոխադարձ իրավական օգնության հարցերով» ՀՀ և ՌԴ միջև 2002-ին կնքված համաձայնագրի 4-րդ հոդվածը նախատեսում է, որ ՀՀ տարածքում հանցանք կատարած, ռուսական բազայում ծառայող անձանց և նրանց հարազատների նկատմամբ կիրառվում է ՀՀ օրենսդրությունը, և գործում են նրա իրավասու մարմինները: