14.01.2015 12:41

Ռուսաստանի զինվորների մայրերի կոմիտե. 2013 թվականի վերջից Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանից սկսել են հաճախ բողոքներ հնչել

Ռուսաստանի զինվորների մայրերի  կոմիտե. 2013 թվականի վերջից Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանից սկսել են հաճախ բողոքներ հնչել

Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանից 2013 թվականի վերջից սկսել են հաճախ բողոքներ հնչել: Այդ մասին «Մոսկովսկի կոմսոմոլեցին» հայտարարել է Ռուսաստանի զինվորների մայրերի  կոմիտեի պատասխանատու քարտուղար, ՊՆ առընթեր հանրային խորհրդի անդամ Վալենտինա Մելնիկովան:

«Նախկինում, 2009-2013 թթ. այնտեղ ընդհանրապես հանգիստ էր, զինվորներից կամ նրանց մայրերից մենք ոչ մի բողոք չենք լսել: Սակայն, ինչպես հասկանում եք, ծառայողական մթնոլորտը զորամասում մեծապես կախված է հրամանատարից: Եվ ահա 2013 թվականի վերջից այդ զորամասից սկսեցին բավականին հաճախ բողոքներ հնչել: Չեմ կարող ասել, թե դրանք զանգվածային էին, սակայն, այնուամենայնիվ, կային», - նշել է Մելնիկովան:

Նրա ասելով, դժգոհում էին, հիմնականում, այն բանից, որ զինծառայողներից փող են վերցնում, նվաստացնում են և ժամանակին ուղարկում հոսպիտալ` բուժման, ընդ որում զինվորները, հիմնականում, մեղադրում էին ոչ թե ծառայակիցներին կամ զորամասի հրամանատարությանը, այլ` հենց կրտսեր սպաներին: «Մեզ վիճակվել է այդ դեպքերի առնչությամբ դիմել զինդատախազին: Մասնավորապես, դա վերաբերել է փող վերցնելուն, ինչից հետո նման խախտումները դադարել են», - ասել է նա: Հաղորդում է ԱրմԻնֆոն: