14.01.2015 20:37

Պերմյակովին կդատեն ՀՀ տարածքում. Կոստանյան. Panorama

Պերմյակովին կդատեն ՀՀ տարածքում. Կոստանյան. Panorama

Նախագահական նստավայրից դուրս գալուց հետո գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը հայտարարել է, թե Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազան ինքնակամ լքած եւ ապա Գյումրիի Մուսայելյան փողոցի տներից մեկում մի ամբողջ ընտանիքի սպանության համար կասկածվող Վալերի Պերմյակովը, որին ձերբակալել են ռուսական սահմանապահները, եւ որը արդեն ինքնախոստովանական ցուցմունք է տվել, քրեական պատասխանատվության կենթարկվի ՀՀ տարածքում:

«Վաղը առավոտյան` ժամը 10-ին, ես կլինեմ Գյումրիում և գյումրեցիներին կներկայացնեմ ամբողջ ընթացակարգը: Ես ուզում եմ նաև դիմել գյումրեցիներին և ողջ ժողովրդին` այս ոճրագործությունը ողջ ժողովրդի խնդիրներ է և բոլորիս նպատակը նույնն է, որպեսզի հանցագործը պատասխանատվության ենթարկվի օրենքի ողջ խստությամբ: Ես վստահեցնում են, որ հանցագործը քրեական պատասխանատվության կենթարկվի Հայաստանի Հանրապետության տարածքում և մենք բոլորս կտեսնենք և հնարավորություն կունենանք հետևելու ամբողջ ընթացակարգին և կտեսնենք պատասխանատվության ենթարկվելու ողջ գործընթացը»,- Panorama.am-ի փոխանցմամբ հայտարարել է Կոստանյանը: 

Նշենք, որ այսօր Գյումրիում կայացած ցույցի մասնակիցները պահանջում էին Պերմյակովին հանձնել ՀՀ իրավապահ մարմիններին եւ նաեւ, որպեսզի դատավարությունն իրականացվի ՀՀ դատական համակարգի կողմից: Ցուցարարները մինչեւ վաղը ժամը 17-ը ժամանակ են տվել դատախազությանը հարցը քննարկելու համար, որից հետո խոստացել են նորից բողոքի ցույց անցկացնել:

Կոստանյանի հայտարարությունից, սակայն, այդպես էլ պարզ չի դառնում` ցուցարարների պահանջը կատարվե՞լ է, թե՞ դատախազությունը փորձում է ժամանակ շահել: Որովհետեւ ամեն դեպքում, Պերմյակովը կարող է պատասխանատվության ենթարկվել ՀՀ տարածքում, բայց` ոչ ՀՀ իրավապահ մարմինների կողմից: