15.01.2015 09:38

ՀՀ իշխանություններն ի սկզբանե ձախողել են Պերմյակովին ՀՀ իրավազորության ներքո թողնելը

ՀՀ իշխանություններն ի սկզբանե ձախողել են Պերմյակովին ՀՀ իրավազորության ներքո թողնելը

Վերջին երկու օրերին Հայաստանի հանրությունը ցնցած ողբերգական իրադարձության՝ Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի վեց անդամների սպանությունից հետո թերեւս ամենաշատ քննարկվող հարցը մնում է այն, թե ո՞վ պետք է արդարադատություն իրականացնի հանցանքի մեղավոր(ներ)ի նկատմամբ: Երեկ երեկոյան ՀՀ դատախազությունը հայտարարեց, որ սպանության մեջ կասկածվող Վալերի Պերմյակովին ՀՀ իշխանություններին հանձնելու հարցը չի քննարկվում, եւ, վկայակոչելով ՌԴ Սահմանադրությունը, նշեց, որ նա շարունակելու է գտնվել է ՌԴ իրավապահների հսկողության տակ:

Համադրելով վերջին երկու օրում արձանագրված մի քանի փաստեր, փորձենք պարզել, թե ինչպե՞ս եղավ, որ մեկ ամսից էլ պակաս Գյումրիում ծառայող 19-ամյա Վալերի Պերմյակովը (որը, ըստ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի վկայության, մտավոր ունակություններով չի փայլում) անծանոթ տեղանքում գրեթե մեկ օր թափառելուց հետո, այն դեպքում երբ տեղի բնակչությունն ու իրավապահները փնտրում էին նրան, հայտնաբերվեց միայն օրվա վերջում՝ Գյումրիից 16 կիլոմետր հեռու, հայ-թուրքական սահմանի մոտ ՌԴ  զինվորականների կողմից: Սա այն դեպքում, երբ ՀՀ ոստիկանությունը ոչ միայն Գյումրիում, այլեւ միջքաղաքային ճանապարհներին եւ Երեւանի փողոցներում ինտենսիվորեն նրան էր փնտրում:

Արդեն ամսի 13-ի կեսօրին, երբ հայտնի էր, որ Պերմյակովին բերման են ենթարկել ռուս զինվորականները, վարկած առաջ քաշվեց, ըստ որի, հենց այս հանգամանքն էլ հիմքեր է ստեղծում, որ գործը քննվի ՌԴ իրավապահների կողմից: Այն դեպքում, երբ մի շարք փորձագետներ, վկայակոչելով «Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմական բազայի տեղակայման հետ կապված գործերի իրավազորության և փոխադարձ իրավական օգնության հարցերով» ՀՀ և ՌԴ միջև 2002-ին կնքված համաձայնագիրը, նշում էին, որ մարդասպանն ամեն դեպքում պետք է գտնվի ՀՀ իրավազորության ներքո:

Այնուհանդերձ, Վալերի Պերմյակովի՝ ՌԴ իրավապահների հսկողության տակ գտնվելու հանգամանքն այժմ բացատրվում է հիմնականում նրանով, որ նրան հայտնաբերել եւ բերման են ենթարկել ռուսաստանցի, եւ ոչ թե հայ իրավապահները: 

Այս առումով, արդեն հետահայաց հայացք գցելով իրադարձությունների վրա, մի շարք ուշագրավ մանրամասներ ներկայացնենք:

Նախ, դեպքից մի քանի ժամ անց, դեպքի վայրից ստացված առաջին տեսանյութերում երեւում է, որ տեղում հավաքված են հայ ոստիկաններ՝ զինված հրազենով: Ավելի ուշ, ենթադրյալ հանցագործի որոնողական աշխատանքների մասին պատմող տեսանյութերում  տեսնում ենք, որ դրանցում ներգրավված են եւ առավել ակտիվ դերակատարում ունեն ռուսական համազգեստներով  եւ հրազենով զինված մարդիկ: Ընդ որում, նրանց ուղեկցող հայ ոստիկաններից ոչ մեկի ձեռքին զենք չկա:  Եւս մեկ ուշագրավ հանգամանք. ըստ Գյումրիի «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանի տեղեկությունների, հունվարի 12-ի երեկոյան, երբ որոնողական աշխատանքները դեռ շարունակվում էին, Գյումրու յոթ ելքերից չորսը՝ դեպի Երեւան, Արմավիր եւ Վանաձոր ուղղություններով խիստ հսկողության տակ էին, մինչդեռ մնացած երեք ելքերը, որոնք տանում են դեպի արեւմուտք՝ հայ-թուրքական սահման, չէին հսկվում: Հիշեցնենք, որ Պերմյակովը հայտնաբերվել է հենց այս ճանապարհներից մեկի վրա:  Ավելին, ըստ Բարսեղյանի, այդ ժամերին ոստիկանության Շիրակի վարչությունում իրավիճակին պատշաճող անցուդարձ չի նկատվել, իսկ բերման ենթարկելու մասին տեղեկատվությունը տարածելուց շուրջ մեկ ժամ անց դեռ «դադար» չէր հայտարարվել՝ ճանապարհները հսկողություն իրականացնող ոստիկանները տեղյակ չէին բերման ենթարկելու մասին: Այս ամենը խոսում է ոստիկանության ոչ ադեկվատ գործողությունների մասին:

Գոյություն ունի վարկած, որ ոստիկանությունը ավելի վաղ հայտնաբերել, ապա՝ ինչ-ինչ պատճառներով ռուսներին է հանձնել Պերմյակովին: Ամեն դեպքում, հանցավոր համաձայնությամբ, թե ակնարողունակության պատճառով, ոստիկանությունը Գյումրիի մարդասպանին հայտնաբերելու գործողությունը ձախողել է՝ անհնար դարձնելով նրա նկատմամբ ՀՀ-ում արդարադատություն իրականացնելու հնարավորությունը:

Մյուս կողմից, ուշագրավ է նաեւ դեպքի առիթով այս օրերին Գյումրիում գտնվող փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի կեցվածքը, որը, խոսելով գործը ՀՀ-ում քննելու հնարավորության մասին, ըստ էության ապավինելով ոչ թե օրենքներին, այլ ՌԴ իշխանությունների բարի կամքին՝ հայտարարեց . «Իրենք (ռուսները-խմբ) հակված են, որ մենք քննենք, քանի որ դեպքը տեղի է ունեցել մեզ մոտ, այն ծանր հանցագործություն  է… Կարծում եմ՝ մենք էլ կքննենք գործը»:  Փաստորեն, ՀՀ իշխանությունները ոչ միայն չեն փորձել մարդասպանին վերցնել իրենց հսկողության տակ, իսկ նրա՝ ՌԴ իրավապահների ձեռքն ընկնելուց հետո ոչ միայն չեն պահանջել հանձնել նրան, այլ  ի սկզբանե ՌԴ-ին են հանձնել ՀՀ 6 քաղաքացիների դաժան սպանության գործի քնության իրավունքը: