16.01.2015 11:29

Գյումրու բժշկական կենտրոն միջադեպից հետո դիմել է 24 տուժած

Գյումրու բժշկական կենտրոն միջադեպից հետո դիմել է 24 տուժած

Գյումրու բժշկական կենտրոն հունվարի 15-ի երեկոյան ժամը 20:00-ից հետո դիմել է 24 տուժած: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նրանցից 14-ը եղել են ոստիկաններ, 10-ը` քաղաքացիական անձինք: Ոստիկանների հոսքը հիվանդանոց սկսվել է ծառայության ավարտից ու իրավիճակի հանդարտեցումից հետո: Բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը տեղեկացրել է, որ ոստիկաններից ծանր եղել է մեկի վիճակը, ով ստացել էր գլխուղեղի վնասվածք: Նրան տեղափոխել են Երեւան` Գր.Լուսավորիչ հիվանդանոց, կատարվել է վիրահատություն, գտնվում է հետվիրահատական փուլում: Հիվանդանոցում այս պահին կա միայն երկու ոստիկան, ում վիճակը գնահատվում է նորմալ:

Վնասվել է «Շանթ» հեռուստաընկերության օպերատոր Արթուր Մելիքյանը. նա ստացել է ձախ ուսի սալջարդ, առաջին բուժօգնություն ստանալուց հետո, սակայն, շարունակել է աշխատանքը:

2015թ. հունվարի 15-ին Շիրակի մարզի դատախազության շենքի մոտ սկսված խաղաղ հավաքի մասնակիցները երթով շարժվել են դեպի ՌԴ հյուպատոսության շենք, որտեղ քաղաքացիների ու ոստիկանների միջեւ միջադեպի արդյունքում արձանագրված առաջին վիրավորին շտապ բուժօգնության մեքենայով Գյումրու բժշկական կենտրոն են տեղափոխել 20:15-ին: Նշենք, որ ականատեսների վկայությմաբ ոստիկանությունը երեկ ցուցարարներին ցրելու փորձի ժամանակ օգտագործել է հատուկ միջոցներ: