23.11.2012 16:37

«Շախտյորի» ավագը հանդես է եկել հայտարարությամբ

«Շախտյորի» ավագը հանդես է եկել հայտարարությամբ

Դոնեցկի «Շախտյորի» ավագ Դարիո Սրնան հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ անդրադարձել է Չեմպիոնների լիգայի «Նորդշելանդ» - «Շախտյոր» (2:5) հանդիպման ընթացքում տեղ գտած տհաճ միջադեպին, երբ Լուիս Ադրիանոն ֆեյր-փլեյի կանոններին հակառակ գոլ խփեց:

«Ֆուտբոլը խաղ է, իսկ խաղը` զգացմունքներ: Երբ կան զգացմունքներ, մեկ վայրկյանի ընթացքում միշտ չէ, որ կարելի է ճիշտ որոշում կայացնել: Նման իրավիճակում մենք երբեք չենք հայտնվել, եւ վստահ կարող եմ ասել, որ երբեք չենք հայտնվի: Եթե անկեղծ լինենք, ապա մենք սկզբից նույնիսկ չգիտեինք, թե ինչպես ճիշտ վարվել: Մենք որոշեցինք մրցակցին գոլ խփելու հնարավորություն տալ: Սակայն Տարաս Ստեպանենկոն չկողմնորոշվեց այդ իրավիճակում եւ գնդակը հեռացրեց:

Չեմ ցանկանում ասել, թե մենք հատուկ բաց թողեցինք երկրորդ գնդակը, սակայն բոլորս էլ շատ էինք ցանկանում այն բաց թողնել: Ամենակարեւորը, որ այն տեղի ունեցավ Լուիս Ադրիանոյի գոլից մեկ րոպե անց: Կյանքում առաջին անգամ մենք ուրախացել էինք բաց թողած գնդակի համար: Դրանից հետո մենք վստահությամբ լցվեցինք, եւս չորս գոլ խփեցինք, եւ ապացուցեցինք, որ արժանի էինք հաղթանակի: Եւ Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆ դուրս գալը նույնպես օրինաչափ էր: Սա «Շախտյորի» համար մեծ նվաճում էր»,- Սրնայի խոսքն է մեջբերում «Շախտյորի» պաշտոնական կայքը: