15.09.2012 23:32

Սերժ Սարգսյան. Սիրիայի ցավը մեր ցավն է

Սերժ Սարգսյան. Սիրիայի ցավը մեր ցավն է

Կառավարությունում հրավիրված խորհրդակցության ժամանակ ՍերԺ Սարգսյանն անդրադարձել է սիրիահայությանը աջակցություն տրամադրելու խնդրին:

«Սիրիայի հայության համար, իրոք, փորձության պահ է: Այս վիճակը մեր բաց վերքն է և մեր ամենօրյա թիվ մեկ մտահոգությունը: Սիրիայի ժողովուրդը հայերիս համար ամենածանր պահին գրկաբաց ընդունեց ցեղասպանությունից մազապուրծ եղածներին և իր ունեցածը կիսեց մեզ հետ: Մենք ապրում ենք կողք կողքի և միասին երկար ճանապարհ ենք անցել: Սիրիայի ցավը` մեր ցավն է: Մերձավոր Արևելքում և արաբական պետություններում տեղի ունեցողը` մեր պետության անվտանգության խնդրի հետ ուղիղ փոխշաղկապում ունի: Մենք շատ ենք ցանկանում, որ ստեղծված իրավիճակը հանդարտվի, և այլևս մարդիկ չզոհվեն մեր հարևան և բարեկամ Սիրիայում», - ասել է նա:

Սարգսյանը նշել է, որ Հայաստանի պետական կառույցները սիրիահայության հարցում այս պահին առանձնահատուկ դեր ունեն: Ըստ նրա, շատ կարևոր է, որպեսզի Հայաստանի պետական մարմինները, մասնավորապես` ԱԳՆ-ը, Սփյուռքի, Տարածքային կառավարման նախարարությունները, Ոստիկանությունը, Ազգային անվտանգության ծառայությունը և այլ պատկան մարմիններ, գործեն օպերատիվ և համակարգված, կարողանան համարժեք արձագանքել և որոշում ընդունել ստեղծված կոնկրետ իրավիճակում:

«Մասնավորապես, պահանջում եմ ձեզանից, որպեսզի Սիրիայից ներգաղթած մեր հայրենակիցների նկատմամբ դրսևորեք ամենայն ուշադրություն և, ըստ հարկի, համակողմանի աջակցություն ցուցաբերեք նրանց», - ասել է նա:

Սարգսյանը կարեւորել է առավելագույնս դյուրացված ձևով սիրիահայերին մուտքի արտոնագրերի տրամադրումը: Նա նշել է, որ այդ ուղղությամբ անհրաժեշտ հրատապ քայլեր են ձեռնարկվել իրավական դաշտում: «Պետք է հետամուտ լինենք այդ հեշտացված ընթացակարգերի հարթ կիրառմանը: Հետագա զարգացումների համատեքստում մենք նաև պետք է պատրաստ լինենք մեր հնարավորությունների սահմաններում օժանդակել սիրիահայերին իրենց ցանկացած որոշման դեպքում: Թե՛ Հայաստան եկողները, թե՛ Սիրիայում մնալու որոշում կայացրած մեր հայրենակիցները պետք է հավասարապես զգան, որ մենք իրենց հետ ենք ցանկացած որոշման դեպքում: Մենք մշտապես պետք է ծրագրավորենք մեր հետագա քայլերը զարգացման բոլոր սցենարների դեպքում: Եվ այս ուղղությամբ ևս կոնկրետ արդյունքներ եմ ակնկալում: Հայաստանը աղետի մեջ հայտնված յուրաքանչյուր հայորդու կողքին պետք է լինի աշխարհի բոլոր անկյուններում: Եթե նույնիսկ մեր հնարավորությունները չհերիքեն բոլորին ձեռք մեկնելու, մեր ջերմությունն ու սրտացավությունը պետք է տեղ հասնեն և նեցուկ դառնան նրանց», - ասել է Սերժ Սարգսյանը: