19.01.2015 18:55

«Բոկո հարամի» գրոհայինները Կամերունում տասնյակ մարդկանց են առևանգել

«Բոկո հարամի» գրոհայինները Կամերունում տասնյակ մարդկանց են առևանգել

Նիգերիայում գործող իսլամիստական արմատական «Բոկո հարամ» խմբավորման գրոհայինները հարևան Կամերունի հյուսիսում հարձակվել են Մաբաս բնակավայրի և հարակից գյուղերի վրա, այրել ու ավերել են տասնյակ տներ և առևանգել 80 հոգու, այդ թվում՝ մոտավորապես 30 չափահաս մարդկանց, մյուսները10-15 տարեկան երեխաներ: Տեղացիներից երեք հոգի սպանվել է: Ծայրահեղականները կռվի են բռնվել օգնության հասած կամերունցի զինվորականների հետ, բայց կարողացել են հասնել Նիգերիայի սահմանին և գերիներին տանել իրենց հետ:

«Բոկո հարամի» գրոհայինների հարձակումները Կամերունում վերջերս հաճախակի են դարձել: Հարևանին օգնելու համար Չադի իշխանությունները Կամերուն են ուղարկել իրենց զորքերը և ռազմատրանսպորտային տեխնիկայի 400 միավոր:  Չադի նախագահ Իդրիս Դեբի Ինտոն դիմել է Կենտրոնական Աֆրիկայի երկրների տնտեսական միությանը՝ առաջարկելով ստեղծել դաշինք՝ այդ խմբավորման դեմ պայքար մղելու նպատակով: Ինտոն հայտարարել է, որ իր երկիրը չի կարող անտարբեր մնալ կատարվածի հանդեպ: «Կամերունը տնտեսական տեսակետից Չադի ելումուտի դարպասն է: Այն, ինչ կատարվում է Կամերունում, անմիջականորեն վերաբերում է նաև մեզ, և մենք չենք կարող անտարբեր մնալ»,- ասել է Ինտոն:

ԿԱԵՏՄ-ի գործող նախագահը հայտարարել է, որ միությունը քննարկում է համատեղ զորամիավորումներ ստեղծելու հարցը՝ «Բոկո հարամի» դեմ պայքարելու համար: Փոխանցում է euronews-ը: