20.01.2015 21:25

Քենիայի ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել երեխաների դեմ

Քենիայի ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել երեխաների դեմ

Քենիայի ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել՝ ցրելու համար երեխաներին, որոնք բողոքել են իրենց դպրոցի խաղահրապարակը շինարարական մի ընկերության հանձնելու և այնտեղ նոր նախագիծ իրականացնելու դեմ:

Միջադեպը տեղի է ունեցել Նայրոբիի դպրոցներից մեկում, երբ 8-ից 13 տարեկան առնվազն 100 երեխաներ, ծնողների և ուսուցիչների աջակցությամբ, փորձել են կոտրել դպրոցին պատկանող հողատարածքի մի մասի շուրջ հապշտապ կառուցված ցանկապատը:

Բողոքավորներին չեզոքացնելու համար դեպքի վայր են ժամանել 40-ի չափ ոստիկաններ՝ շների ուղեկցությամբ:

Առնվազն հինգ երեխայի բժշկական օգնության անհրաժեշտություն է եղել: Հաղորդվում է, որ մի ոստիկան թեթև վնասվածք է ստացել: Ցուցարարներին, այնուամենայնիվ, հաջողվել է կոտրել շինհրապարակի ցանկապատը:

Միջադեպը վրդովել է Քենիայի հանրությանը: Ըստ ոստիկանության վերահսկողության վարչության ղեկավարի՝ արցունքաբեր գազի կիրառումը երեխաների դեմ ներելի չէ: Իշխանությունները խոստացել են արդար քննություն անցկացնել: Փոխանցում է euronews-ը: