21.01.2015 14:57

Գրանորություն. Արտավազդ Եղիազարյան. «Քաղաքը լուսնի տակ»

Գրանորություն. Արտավազդ Եղիազարյան. «Քաղաքը լուսնի տակ»

Երևանի իմաստային ծանրաքարերը չեզոքանում են օդ-լուսավոր զգացողությունների շնորհիվ: Զգացողություններ, որոնք, կողմնացույցի նման, մարդուն ջահելական նրբանցքներով ուղեկցում են  դեպի փաբերի ծխած-ուրախ ընդերքը, ակվարիումային փայլով սրճարանները, դեպի վերբալ, սոցիալական ցանցերի մեջ խճճված քաղաքի կենտրոնը, և ուրախության լվացքի մեքենայի մեջ պտտում են այնքան ժամանակ, քանի դեռ ներքին ջահելությունը չի սպառվել: Հետո՞… Երբեմն օդը կորչում է: Իսկ քաղաքի հակասական քարտեզի վրա մնում են քո ձեռքով արված «Հ+Ա=սեր կամ տու, տու, տու»-ի կարգի «գրությունները…»:
«Օպերացիային դեռ մոտ քառասուն րոպե կար: Նորից գնացին «Ափթաուն»՝ մի-մի հատ էլ խմելու (հո սթափ չէի՞ն գնալու մարդ թալանելու) ու Անիին վերցնելու: Արմենը դեմ էր («Իմ մեքենայում՝ ոչ մի ժուռնալիստ», հայտարարեց նա), բայց Գագիկը պնդեց: Նրա գլխավոր փաստարկն այն էր, որ «մեր մեջ ասած՝ էդ մարդուն դեմքով մենակ ինքը գիտեր»: Մարտինը դրա հետ համաձայն էր: Արմենը համաձայնվեց»:
«Անտարես» հրատարակչության կողմից «Հայ ժամանակակից արձակ» մատենաշարով լույս ընծայված՝ Արտավազդ Եղիազարյանի «Քաղաքը լուսնի տակ» պատմվածքների ժողովածուն հարցրեք գրախանութներում:
Խորագրի պատասխանատու՝ Հովհաննես Թեքգյոզյան