24.01.2015 11:47

Տնտեսագետ. Տնտեսության զարգացման գլխավոր խոչընդոտներից մեկը վստահության բացակայություն է

Տնտեսագետ. Տնտեսության զարգացման գլխավոր խոչընդոտներից մեկը վստահության բացակայություն է

iLur.am-ի զրուցակիցն է «Առաքելություն» կուսակցության վարչության անդամ, տնտեսագիտության թեկնածու Մեսրոպ Առաքելյանը:

- Որպես տնտեսագետ, ձեր կարծիքով՝ Հայաստանի համար 2015թվականը տնտեսական առումով հե՞շտ տարի է լինելու, թե՞ ոչ:

- 2014թ. վերջին ամիսներից արդեն նկատվում է տնտեսության  վիճակի վատթարացում: Դրամի արժեզրկումը, գնաճը, տրանսֆերտների կտրուկ նվազումը իրենց բացասական անդրադարձն են թողնում տնտեսական ողջ համակարգի վրա: Նման ազդեցությունը շարունակվելու է նաև ամբողջ 2015թ . ընթացքում, ինչը լուրջ խոչընդոտներ կառաջացնի, առաջին հերթին՝ բնակչության գերակշիռ մասի մոտ` եկամուտների նվազում, աղքատության աճ… Տարին բավական ծանր է լինելու բոլորիս համար, ավելի բարդ և վերակագնման երկարատև ժամկետով, քան 2008-09թթ. ճգնաժամի ժամանակ:

- Համաշխարհային բանկն այս տարի Հայաստանում կանխատեսել է 3,3 տոկոս տնտեսական աճ, իսկ Վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկն իր կանխատեսումներում նշել է, որ ՀՀ-ն տնտեսական աճ չի ունենա, թեև՝ կանխատեսվել էր 3.2 տոկոս աճ: Ռեա՞լ են արդյոք այս գնահատականները:

- ՀԲ գնահատականները, ինչպես նաև Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի՝ մի քանի ամիս առաջվա գնահատականները տնտեսական աճի վերաբերյալ 3-3.5 տոկոսների սահմաններում էին, սակայն տարեսկզբին արդեն տեսնում ենք բացասական վերանայումներ  տնտեսական աճի, ընդհանուր տնտեսական վիճակի գնահատականների մասին: Նշված բացասական սպասումները առաջիկա ամիսներին կդառնան նոր վերանայումների հիմք, և կարծում եմ՝ այս տարի կարձանագրենք 3-4 տոկոս տնտեսական անկում: Հաջորդ տարիներին ևս տնտեսական աճի մակարդակը մոտ կլինի 0-ի:

- Խոսելով Հայաստանի տնտեսության բացասական վիճակի մասին՝ միշտ շեշտվում է արտաքին գործոնների դերը, մասնավորապես՝ ՌԴ տնտեսության վիճակը: Ի՞նչ եք կարծում, միայն արտաքին գործոններով պայմանավորելը որքանո՞վ է ընդունելի և օբյեկտիվ:

- Ակնհայտ է, որ ՀՀ տնտեսությունը լուրջ կախվածություն ունի ՌԴ տնտեսությունից, մասնավորապես՝ պետական բյուջեի չափ տրանսֆերտների ստացումը այդ երկրից տնտեսական մեծագույն ռիսկ է, ինչի ազդեցությունը, այո, երևում է ամբողջ տնտեսության վրա: Իհարկե, ամեն ինչ կապել Ռուսաստանի տնտեսության հետ՝ սխալ է: Առկա են բազմաթիվ ներքին գործոններ, որոնք ունեն իրենց ազդեցությունը այս իրավիճակի վրա, ինչպես նաև առկա է այսպես ասած «տնտեսական անգործություն», որը հանգեցնում է ռուսական ազդեցության բարձր մակարդակի պահպանմանը: Մասնավորապես, բնակչության եկամուտների մեջ տրանսֆերտների՝ նման բարձր մակարդակը, արտաքին առևտրի բացասական հաշվեկշիռը, արտադրության բավական ցածր մակարդակը, տնտեսության խիստ մոնոպոլացումը այդ գործոններն են, որոնք ունեն բացասական լուրջ անդրադարձ:

- Իսկ ներքին գործոնները չեզոքացնելու ի՞նչ ուղիներ եք տեսնում:

- Առաջին հերթին՝ բացակայում է տնտեսության զարգացման երկարաժամկետ ծրագիր, որը իր մեջ պետք է ներառի տնտեսության ողջ համակարգի որակական փոփոխությանն ուղղված քայլեր, մասնավորապես՝ տնտեսության նկատմամբ վստահության վերականգնում՝ սկսած սպառողից մինչև օտարերկրյա խոշոր ներդրող: Անհրաժեշտ է շատ արագ զարգացնել ներքին արտադրությունը, որը կարող է մեծ հետաքրքրություն առաջացնել նաև դրսի ներդրողների համար` հաշվի առնելով որակյալ և համեմատաբար էժան աշխատուժը և  էժան արտահանման հնարավությունները՝ կապված տրանսպորտային ծախսերի հետ: Նշվածը պետք է հիմք հանդիսանա եկամուտների ներքին աղբյուրների աճի և արտահանման ծավալների աճի համար: Ստվերային տնտեսության և մոնոպոլ համակարգի վերացումը նույնպես կարևորագույն քայլ կդառնա տնտեսության որակական զարգացման համար:

- Եվ վերջապես, համամի՞տ եք, որ հիմա այլևս ՀՀ-ի տնտեսությունն առողջացնելու համար ոչ այնքան տնտեսական, որքան քաղաքական լուծումներ են հարկավոր:

-Ինչպես նշեցի, տնտեսության զարգացման գլխավոր խոչընդոտներից մեկը վստահության բացակայությունն է: Խոշոր ներդրողներից մինչև ընտանեկան ծախս անող սպառողի վրա բացասական սպասումները թողնում են լուրջ անդրադարձ, երբ բացակայում են ապագայի նկատմամբ դրական սպասելիքները: Տնտեսվարող սուբյեկտները, սպառողները, ներդրողները նման պայմաններում չեն կարող կառավարել իրենց ռիսկերը և զարգացմանն ուղղված քայլեր կատարել: Առանց կարճաժամկետ և երկարաժամկետ վստահության՝ տնտեսական ցանկացած բարեփոխում դատապարտված է ձախողման, իսկ նման վստահության ստեղծումը բացառապես քաղաքական քայլ է, ինչը ներկայումս բացակայում է Հայաստանում:

Արման Գալոյան