26.01.2015 11:03

Յան Գիլանը դիմել է Գյումրիի բնակիչներին

Յան Գիլանը դիմել է Գյումրիի բնակիչներին
Իէն Գիլանը Գյումրիում: © Ֆոտոլուր

Աշխարհահռչակ Deep Purple ռոք-խմբի երգիչ Յան Գիլանը նամակով դիմել է Գյումրիի բնակիչներին՝ հունվարի 12-ի ողբերգության կապակցությամբ: Այս մասին հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը: Հունվարի 25-ով թվագրված նամակում ասված է.

«Հարգելի ընկերներ,

Ցանկանում եմ հայտնել անկեղծ ցավակցություններս հունվարի 12-ին Գյումրիում կատարված վայրագության կապակցությամբ:

Այդ քստմնելի և անիմաստ հանցագործությունը` Ավետիսյանների ընտանիքի սպանությունը, հոգիս ցավով և տխրությամբ լցրեց Գյումրիի ժողովրդի համար: Նրանք քաջ և սիրող մարդիկ են, որոնց հետ ես ուժեղ հոգևոր կապ եմ զգում:

Մի քանի օր փորձում էի խոսքեր գտնել, որպեսզի բացատրեմ ապրումներս, սակայն բառերը չէին գալիս: Այսօր, անցկացնելով այս խաղաղ կիրակի օրը Անգլիայի իմ տանը, վերջապես որոշեցի արտահայտվել, սակայն չեմ կարող առաջարկել ավելին, քան իմ սերը և բոլորիդ գրկելու ցանկությունը:

Սովորական մարդիկ ի զորու չեն հասկանալ, թե ինչպես կարելի էր նման կենդանական արարք գործել: Աղոթում եմ, որ իշխանությունները ճիշտ որոշումներ կայացնեն և արդարադատությունը ի կատար ածվի այնպես, որ հարգի անմեղ զոհերի հիշատակը, որոնց մենք հիշելու ենք հարգանքով և սիրով»:

1989 թվականին Գիլանը մասնակցեց Rock Aid Armenia (Ռոքն օգնում է Հայաստանին) բարեգործական նախաձեռնությանը, որի նպատակն էր օգնել 1988թ. երկրաշարժից տուժած Հայաստանին:

2009 թվականին Գիլանը Հայաստան եկավ Rock Aid Armenia-ի կազմակերպիչ Ջոն Դիի և Black Sabbath խմբի կիթառահար Թոնի Այոմիի հետ Մեդիամաքս-ի նախաձեռնած «Հայաստանը շնորհակալ է ռոքին» ծրագրի շրջանակում: Այդ այցի ժամանակ Գիլանը, Դին և Այոմին հայտնեցին Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի վերակառուցմանը աջակցելու գաղափարի մասին, որից հետո մի քանի տարի դրամահավաք էր ընթանում: 2013թ. սեպտեմբերին Իէն Գիլանը և Ջոն Դին Գյումրիում մասնակցեցին երաժշտական դպրոցի նոր շենքի բացմանը: