26.01.2015 18:30

Իսթվուդի «Դիպուկահարը» սպառնալիքներ է հրահրել մուսուլմանների հասցեին

Իսթվուդի «Դիպուկահարը» սպառնալիքներ է հրահրել մուսուլմանների հասցեին

«Դիպուկահարը» ֆիլմի ցուցադրությունից հետո ավելացել են սպառնալիքները  ամերիկյան մուսուլմանների հասցեին, հաղորդել են մուսուլմանական իրավապաշտպան կազմակերպությունները:

Խտրականության դեմ պայքարի արաբա-ամերիկյան  կոմիտեն՝ ADC-ն, նամակով դիմել է ֆիլմի ռեժիսոր Քլինթ Իսթվուդին և գլխավոր դերակատար Բրեդլի Քուփերին՝ նշելով, թե «վերջին մի քանի օրերին ստացված սպառնալիքների մեծ մասը ուղղակի արդյունքն են այն բանի, թե ինչպես են արաբներն ու մուսուլմանները ներկայացվում ֆիլմում»: Նամակում իրավապաշտպանները Իսթվուդին և Քուփերին կոչ են անում հանդես գալ սոցիալական ցանցերում սպառնալից հայտարարությունների դեմ և փորձել մեղմել մուսուլմանների դեմ թշնամական հռետորաբանությունը: Ինչպես հաղորդում է Reuters-ը, Իսթվուդի  և Քուփերի ներկայացուցիչներն առայժմ չեն արձագանքել ADC-ի իրավապաշտպանների հայտարարությանը:

Ֆիլմի սցենարի հիմքում ամերիկացի դիպուկահար Քրիս Քայլի իրական պատմությունն է, ով չորս ժամկետ, որպես դիպուկահար՝ ծառայել է Իրաքում և ոչնչացրել 160 հոգու՝ դառնալով ամենահռչակավոր ամերիկացի հրաձիգը: Ֆիլմը հիմնված է նրա «Ամերիկացի դիպուկահարը» գրքի վրա, որում նա խոստովանում է, որ ոչ մի բանի համար չի զղջում և իր բոլոր զոհերին համարում է «վայրենիներ»: Փոխանցում է BBC-ն: