28.01.2015 18:35

Հայկական բանակի փաստացի ստեղծումը մինչեւ 1992-ի հունվարի 28-ը

Հայկական բանակի փաստացի ստեղծումը մինչեւ 1992-ի հունվարի 28-ը

Անկախության գնացող եւ ինքնիշխան իրավունքներն ամրապնդող Հայաստանի՝ 1990թ. ամռանից հաստատված նոր իշխանության համար կարեւորագույն խնդիրներից մեկը, բնականաբար, զինված ուժերի՝ բանակի ստեղծման հարցն էր: Բանակի ստեղծումը ո՛չ հռչակագրերով ու հայտարարություններով, ո՛չ էլ աշխարհազորային ջոկատների մեխանիկական գումարումով չէր կարող իրականացվել: Ոչ միայն այն պատճառով, որ դա առայժմ կարող էր հանդիպել Մոսկվայի սուր հակազդեցությանը, այլ նաեւ այն, որ դրա համար բացակայում էր նվազագույն անհրաժեշտ նյութատեխնիկական բազան: Վերջինս ամբողջությամբ գտնվում էր կենտրոնական իշխանության ձեռքում: Այս իրավիճակում հանրապետության քաղաքական ղեկավարությունը որոշում ընդունեց պաշտպանական ու հասարակական կարգի պահպանության գործառույթներն առժամանակ համատեղել եւ զինված ուժերի փաստական ստեղծման առաջին քայլերը կատարել Ներքին գործերի նախարարության շրջանակներում:

Հայաստանի համար խնդիրն ուներ մի քանի յուրահատկություն: Առաջին՝ այն առավել հրատապ էր դառնում՝ կապված Լեռնային Ղարաբաղի իրավիճակի ու հանրապետության սահմանամերձ շրջանները հարձակումներից պաշտպանելու անհրաժեշտության հետ: Երկրորդ՝ հենց այդ անհրաժեշտության բերումով, արդեն իսկ մինչ այդ ստեղծվել էին աշխարհազորային ջոկատներ, եւ դրանց գոյության փաստը պետք էր հաշվի առնել: Երրորդ՝ ազգամիջյան հակամարտությունների հողի վրա շատ հայ զինծառայողներ խորհրդային բանակից հարկադրված թողնում էին ծառայությունը եւ վերադառնում հանրապետություն: Զինված ուժերի ստեղծումը ակնհայտորեն պետք է հենվեր գոյություն ունեցող ջոկատների եւ երիտասարդների զորակոչի հիմքի վրա:

Աշխարհազորային ջոկատների օրինականացման եւ պետական մարմինների վերահսկողության տակ առնելու համար որոշակի օրենսդրական ու գործնական քայլեր արվել էին, ինչի շնորհիվ դրանց մեծագույն մասը պետականորեն վերահսկվում էր: 1990-ի հուլիսի 30-ին սկիզբ դրվեց 1114 հոգուց բաղկացած Միլիցիայի օպերատիվ հակազդեցության ջոկատի (ՄՕՀՋ) ձեւավոմանը: Նրա հիմնական գործառույթների մեջ նախատեսված էր նաեւ ՀԽՍՀ սահմանների պաշտպանությունը: Այս ուղղությամբ կատարված հաջորդ քայլը ՀՀ  Ներքին գործերի նախարարությանն առընթեր, հանրապետության պաշտպանության եւ հասարակական կարգի պահպանության Հատուկ գնդի ստեղծումն էր: Նոր ստորաբաժանումների գործառույթը ձեւակերպված էր հետեւյալ կերպ. ա) Հայաստանի սահմանամերձ շրջանների պաշտպանություն, հասարակական կարգի եւ ազգաբնակչության անվտանգության ապահովում, բ) բնական աղետների, էկոլոգիական եւ եւ արտադրական խոշոր վթարների դեպքում փրկարար աշխատանքների եւ ազգաբնակչության էվակուացիայի կազմակերպում, գ) կազմակերպված հանցագործության կանխարգելում եւ կանխում։ Ստորաբաժանումները պետք է համալրվեին կամավորական հիմունքներով՝ ինքնապաշտպանական աշխարհազորային ջոկատների անդամներով, նրանք պետք է ունենային հատուկ համազգեստ, տարբերանշաններ եւ վկայականներ։ Հոկտեմբերի 5-ին տեղի ունեցավ Հատուկ գնդի շքերթը եւ երդման արարողությունը: Սա հայկական բանակի փաստական կազմավորման սկիզբն էր, նրա ծնունդը: Գնդի մարտիկներին օրհնեց Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինը:

Նախնական քայլեր էին արվել նաեւ զինակոչիկների ծառայության կազմակերպման հետ կապված: Դեռ մայիսի 3-ին, Հայոց համազգային շարժման ճնշմամբ, կոմունիստական Գերագույն խորհուրդը կասեցրել էր հանրապետությունից գարնանային զորակոչը, ինչպես նաեւ հանձնարարել զինվորական ծառայությունը հարկադրաբար թողած զինվորների հետագա ծառայության չկրած մասը կազմակերպել հանրապետության ներսում տեղակայված խորհրդային բանակի զինվորական ստորաբաժանումներում: Սակայն այդ որոշման երկրորդ մասը խորհրդային գործադիր մարմինների կողմից չէր իրականացվել: Նոր Գերագույն խորհուրդն այժմ հանձնարարեց կառավարությանը եւ զինվորական կոմիսարիատին՝ երկու ամսվա ընթացքում լուծել այդ հարցը: Գերագույն խորհրդի հոկտեմբերի 17-ին կայացրած որոշմամբ կասեցվեց համընդհանուր զինապարտության մասին ԽՍՀՄ օրենքի գործողությունը հանրապետության տարածքում: Հերթական զորակոչի ենթակա անձինք իրենց ծառայությունը պետք է անցնեին դարձյալ խորհրդային զորքերի կազմում, բայց Հայաստանի տարածքում տեղակայված զորամիավորումներում: Զորակոչիկներն այլ տեղերում կարող էին ծառայել միայն իրենց ցանկությամբ եւ Հայաստանի կառավարության կողմից հաստատված կարգով:

Այսինքն՝ Հայաստաի իշխանությունները բանակի հարցում, ի հեճուկս որոշ ընդդիմադիր ուժերի բարձրացրած աղմուկի, չընտրեցին պոպուլիստական անզգույշ ու վտանգավոր որոշումներ ընդունելու ճանապարհը։ Հանրապետության տարածքում տեղակայված ԽՍՀՄ զինված ուժերի ստորաբաժանումներում հայաստանցի զինակոչիկների ծառայության կազմակերպումն այդ զորամասերը ըստ էության վերածելու էին հայկական զորամասերի՝ օժտված համապատասխան զինվածությամբ, հանդերձանքով եւ անհրաժեշտ այլ պայմաններով։ Հակառակ դեպքում անհայտ էր, թե ինչով եւ ինչպես պետք է արտահայտվեր հավաքված հազարավոր զինակոչիկների ծառայությունն առանց դրա համար անհրաժեշտ նյութատեխնիկական բազայի։

1991թ. մայիսի 4-ին ստեղծվեց ՀՀ կառավարությանը կից Պաշտպանության պետական կոմիտեն։ Նույն թվականի դեկտեմբերի 5-ին ՀՀ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրամանագրով Պաշտպանության նախարար նշանակվեց Վազգեն Սարգսյանը։ Իսկ 1992թ. հունվարի 28-ին Կառավարությունը ընդունեց «Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մասին» որոշում` դրանով իսկ փաստացի արդեն ստեղծված  բանակին տալով իրավական կարգավիճակ:

Բանակի երկու կարեւոր բաղադրիչներին՝ երկրապահ կամավորական ջոկատներին ու նորակոչիկներին ավելացավ շատ կարեւոր երրորդ բաղադրիչը. ՀՀ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ ՌԴ նախագահ Ելցինի միջեւ կայացած պայմանավորվածությամբ Հայաստան հրավիրվեցին ռուսական բանակում ծառայող 800-ից ավելի բարձրաստիճան հայ սպաներ։ Զինված ուժերի կազմավորման ասպարեզում մեկ քայլ առաջ լինելու հանգամանքն էր, որ պայմանավորեց մեր հաղթանակները։

Աշոտ Սարգսյան