30.01.2015 12:59

Գրանորություն. Անահիտ Հայրապետյանի «Սիրուն»-ը

Գրանորություն. Անահիտ Հայրապետյանի «Սիրուն»-ը

Երբ կինը հանդարտվում է, ամեն ինչ հայտնվում է ապակու ետևում,  նույնիսկ՝ արձագանքը: Եվ նրա բոլոր ապրումները, քայլերը, պոռթկումներն ու սպասումները դառնում են հայացք, երբեմն՝ կշռադատված, կիսով՝ թեթև, կիսով՝ հեռուն նայող: Հեռուն, բայց ապակուն: Ապակու ետևից արևի շողերը վառ են, ամեն ինչ հստակվում է նոր բացված վերքի նման: Բայց ցավը, այնուամենայնիվ, թեև ապակեպատված, սակայն անվերջ վերադարձող արձագանքի նման պտտվում է հասուն կնոջ ակվարիումային իրականության մեջ…

« սիրուն
սիրունից բան չմնաց
սիրունը գիրացել
սիրունը մի քանի անգամ մայրացել ա
սիրունը գնացել ա
հեռացել ա
ավիրվել ա
սիրունը ինքն իրան քանդել ա
ջրցան մեքենաներից շաղ ա եկել
սիրունը օդապարիկից կախ
սիրունը ծառերի վրա մագլցելով
սիրունի կրունկները կոշտացել են
եղունգները ջարդվել են
սիրունի մատները արագ արագ կտրտում են
բադրիջանը
եղունգների տակը սևացել ա
սիրունի ձիգ մարմինը թուլացել ա
աչքերի փայլը կորցրել ա
մի խոսքով սիրունից բան չի մնացել
էն
ինչ
մնացել ա
խանութում մի քանի սենթով կարելի ա հանձնել
մեքենան անիվների մեջ ճմրթի
էժանագործ բանվորը հավաքի լցնի պարկը
սիրունից
բան
չի
մը-նա-ցել
սիրունին լցրին պարկը
ախ սիրունին տարան
ախ սիրունին տարան
սիրունը ինքն իրան ավիրել ա
հրթիռներ ա բաց թողել մեջը
սև արկղերն էդ են պնդում
սիրունի հագուստը
սիրունի երեխեքը
սիրունի դրած տուն տեղը
սիրունի ցանկությունը մարել ա
աչքերի փայլի տեղ աչքերի խամր ա
փայլուն մազերից բան չի մնացել
ձիգ տոտոշները
պարանոցը
սիրունի յարերը կորել են
երկունքի ցավերը բռնել են
գրելու իղձը մարել ա
մարդամիջում լինելու
իրարանցում անելու
ձենը գլուխը գցելու վախտերը անցել են
մեքենան անիվների մեջ ճմրթի
էժանագործ բանվորը հավաքի տանի
սիրունից բան չի մնացել
ախ սիրունին տարան
ախ սիրունին տարան

«Անտարես» հրատարակչության կողմից «Հայ ժամանակակից պոեզիա» մատենաշարով լույս ընծայված՝ Անահիտ Հայրապետյանի «Սիրուն» բանաստեղծությունների ժողովածուն հարցրեք գրախանութներում:

Խորագրի պատասխանատու՝ Հովհաննես Թեքգյոզյան