16.09.2012 14:26

Յոզեֆ Գեբելսի անտաղանդ հետեւորդները, կամ օպերացիա «Փնթի ա Տիգրան, փնթի»

Յոզեֆ Գեբելսի անտաղանդ հետեւորդները, կամ օպերացիա «Փնթի ա Տիգրան, փնթի»

Ընդամենը երկու օր առաջ, երբ գրում էի «Գեբելսի մեթոդները՝ որպես ներհայաստանյան PR-ի հիմնական գործիք», մտքովս անգամ չէր էլ անցնի, որ մի երկու օր անց իշխանությունները մեզ կմատուցեն պրոպագանդիստական հերթական ռեալիթի շոուն: Խոսքը, մասնավորապես, Կառավարությունում Ս. Սարգսյանի հրավիրած արտահերթ խորհրդակցության մասին է: Այդպիսի վատ բեմադրված թատրոն Հայաստանի հանդիսատեսը վաղուց չէր տեսել: Ուրեմն, Սերժ Սարգսյանը հավաքել էր կառավարության անդամներին` Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ, եւ «փնթի ա» ոճով մատ էր թափ տալիս Սարգսյանի վրա: Այն, որ իշխանությունները իրենց պաշտոնական պրոպագանդան վարում են Երրորդ ռեյխի հիմնական իդեոլոգներից մեկի` պարոն Գեբելսի հարուստ ժառանգության հիման վրա, գաղտնիք չէ: Բայց որ այդ պրոպագանդան կարող է հենց այս աստիճան անփույթ (Սերժ Սարգսյանի ասած` «փնթի»), արվել, այս աստիճան անտաղանդ, նույնիսկ դժվար էր պատկերացնելը: Ինչպես հիշում ենք, այդ խորհրդակցության ժամանակ հիմանականում երեք հարց քննարկվեց` Սիրիական ճգնաժամը, Սաֆարովի հարցն ու ներհայաստանյան հարցեր: Նախագահական նստավայրից այդ խորհրդակցության կապակցությամբ երկու հաղորդագրություն տարածվեց. Սիրական ճգնաժամի ու Սաֆարովի հարցի վերաբերյալ առանձին, ներհայաստանյան խնդիրների մասին` առանձին: Առաջինի դեպքում տեսանյութի հետ կցված էր Սարգսյանի ելույթն ամբողջությամբ` ուղիղ խոսքով: Երկրորդի պարագայում` կցված էր մի ընդհանրական տեքստ, որտեղից ուղղակի հանված էին ելույթի ամենազավեշտալի մասերը, եւ թողել էին միայն տեսանյութը: Փաստորեն, նպատակ կար` հաղորդագրության ամբողջ մեխը դարձնել տեսանյութը: Պարզ էր, ըստ նախատեսվածի, տեքստը պիտի որ այնպես չազդեր մարդկանց վրա, ինչպես որ տեսանյութը: Տեսանյութում եւ Սարգսյանի խոսքի առոգանությունն էր երեւում, եւ Սարգսյանի ձայնի տեմբրը, եւ տոնի կտրուկ փոփոխությունները, եւ դեմքի փոփոխվող արտահայտությունը, ավելի կոնկրետ` ջղայն դեմքը, եւ ժեստիկուլյացիան, եւ կառավարության անդամների գլխահակ վիճակը, եւ լռության վայրկյանները, եւ մյուս նրբությունները: Մի խոսքով, այս տեսանյութով հեղինակները մարդկանց վրա էմոցիոնալ ներազդեցություն գործելու հույս ունեին: Մարդիկ, ըստ նախատեսվածի, պիտի նայեին այդ տեսանյութը եւ մտածեին` «ճիշտ ա ասում էլի, էս կառավարության անդամները վատ են աշխատում, գոռա դրանց վրա, այ այդպես, կամ ընդհանրապես, գործից ազատի, արա, ինչի՞ եք խաբում շեֆին էլ, մեզ էլ, էդ մարդը փաստորեն անտեղյակ էր էս ամենից, մի 4 օր առաջ իմացել ա ու հիմա տես սրանց ոնց ա քլնգում»: Ինչ խոսք, նման բովանդակությամբ տեսանյութը տեսականորեն կարող էր նման ազդեցություն ունենալ, սակայն, մեկ պարագայում, եթե այդ տեսանյութը դիտողները քիչ տեղեկացված անձինք լինեին, չիմանային` ով ում բարեկամն է, տեղյակ չլինեին հայաստանյան ներքաղաքական անցուդարձից, կամ էլ` նոր եկած լինեին Հայաստան, եւ ամենակարեւորը` եթե երկրոմ տիրող իրավիճակի մասին արդեն հստակ ձեւավորված պատկերացում չունենային: Բայց Հայաստանը փոքր երկիր է, այստեղ հնարավոր չէ ժողովրդից ծածուկ պահել` ով ով է: Հետեւաբար, բնակչության առնվազն ճնշող մեծամասնության վրա այս տեսանյութը իր նպատակային ազդեցությունը ուղղակի չէր կարող ունենալ: Այո, տեսականորեն, այս PR մեթոդը նախագահական ընտրությունների շեմին «որեւէ երկրի որեւէ ղեկավարի համար» կիրառելի է. երբ նախագահական աթոռին երկրորդ անգամ բազմելու ցանկություն ունեցող անձը ընտրություններից ամիսներ առաջ սկսում է PR արշավը` նպատակ ունենալով մարդկանց հասկացնել, թե պաշտոնավարմանս ժամանակ «ամեն լավ»-ի համար ինքն է եղել պատասխանատու, իսկ «ամեն վատ»-ի համար` իրենից ցածր կանգնած պաշտոնյաները, որ ինքը նոր է տեղեկացվել, թե ինչ է կատարվում երկրում, եւ հենց հիմա ձեռնամուխ է եղել այդ խնդիրները լուծելուն: Բայց գործնականում այն ոչ բոլոր տիպի երկրներում է կիրառելի ու արդյունավետ, առավելեւս, Հայաստանի նման փոքր երկրի պարագայում:  

Սերժ Սարգսյանն այնպիսի զարմացած ու զայրացած դեմքով է խոսում ատկատների, տարօրինակ արժեքներով պետական գնումների, բանակի խնդիրների մասին, ասես` հենց մի 25 րոպե առաջ է իմացել, թե ինչ է կատարվում: Հավատալո՞ւ է: Իհարկե` ոչ, եթե հաշվի առնենք, որ Շիրակի մարզի Անիպեմզա գյուղում ապրող Հմայակ քեռին անգամ գիտի, թե ինչ է կատարվում այս երկրում: Եթե Հմայակ քեռուն խնդրենք ասուլիս հրավիրել այդ թեմայով, նա հատ հատ կպատմի, թե որ չինովնիկն ինչ ոլորտն է մոնոպոլիզացրել, որ ոլորտն է թալանում, եւ ամենակարեւորը` այդ բոլոր ատկատների ու կասկածելի գործարքների տոկոսները մինչեւ ուր են հասնում: Այսինքն, Հմայակ քեռին գիտի, իսկ Սերժ Սարգսյանը` ո՞չ, ով նոր-նոր է իմացել եղելությունն ու որոշել ջղայն տեսքով թուրը հանել ու աջ ու ձախ անել: Հավատալու չէ: Այս ռեալիթի շոուի հեղինակները, թերեւս, չեն հասկանում, որ այս շոուն ոչ թե բարձրացնելու է Սերժ Սարգսյանի առանց այդ էլ չեղած վարկանիշը, այլ` միայն ծիծաղի առարկա է դարձնելու վերջինիս: Քանի որ ցանկացած բանական մարդ, այս տեսանյութը դիտելով միայն երկու եզրահանգման կարող է գալ.

1` Դու էլ ի՞նչ նախագահ, եթե ավելի քան 4 տարի այդ աթոռին նստելով` չես իմացել, թե երկիրը ինչպես են թալանում, (ՊՆախարար ու վարչապետ աշխատած քո տարիներն էլ` վրադիր): Միայն անմեղսունակ մարդուն, այն էլ` նախագահի լիազորություններ ունեցող, կարելի է 4 տարուց ավել խաբել: Եթե 4 տարի նրան խաբել են, ուրեմն, ձեռքներին ճար լինի, էլի կխաբեն: Հետեւաբար, Հայաստանին անմեղսունակ նախագահ պետք չէ: Նման նախագահից պետք է օր առաջ ազատվել:

2` Եթե Սարգսյանը մեղսունակ է, ուրեմն, նրան չեն խաբել, այսինքն, նա ամեն ինչ շատ լավ էլ իմացել է: Ուրեմն, ինքն էլ այդ թալանի մասնակիցն է: Իսկ եթե իմացել է կամ մասնակիցն է եղել, ուրեմն, նորից` մեզ նման նախագահ պետք չէ: Բայց անգամ եթե տեսականորեն, Սարգսյանը միայն իմացել է թալանի մասին, բայց չի մասնակցել դրան, միեւնույն է`հանցանք է գործել: Քանի որ կատարվող հանցագործության մասին իմանալն ու չհայտնելը եւս քրեորեն պատժելի արարք է համարվում: Այնպես որ, «փնթի ա» ֆարսի հեղինակները Սարգսյանին նման զավեշտալի տեսարաններում նկարելու փոխարեն, ավելի լավ կանեին սերիալ նկարեին: Հա ու մեկ էլ հիշեին իրենց պրոպագանդիստական կնքահոր` պարոն Գեբելսի հայտնի միտքը. «Քարոզչությունը կորցնում է իր ուժը, հենց դառնում է բացահայտ»: Պարոնայք, պրոպագանդիստներ, կամերաները անջատեք, շոուն առաջին իսկ դուբլից ձախողվել է:

Պարգեւ Ապրեսյան