24.11.2012 22:12

Հայրենասիրության ընկալումը հայ իրականության մեջ

 Հայրենասիրության ընկալումը հայ իրականության մեջ

Հայ ազգային կոնգրեսում պարբերաբար տեղի ունեցող սեմինարների, դասախոսությունների, քննարկումների շարքում երեկ պատմական գիտությունների թեկնածու, Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի անդամ Աշոտ Սարգսյանի «Հայրենասիրության ընկալումը հայ իրականության մեջ» դասախոսություն-քննարկումն էր։ Նկատի ունենալով շուրջ 1500-ամյա շրջան ընդգրկող ընդարձակ այդ նյութի հետաքրքրությունը՝ այն ներկայացնում ենք նաեւ մեր ընթերցողին։

 Հայրենասիրության ընկալումը հայ իրականության մեջ

Հայերեն հնագույն գրավոր աղբյուրներում հայրենիք  հասկացությունն ավելի շատ կիրառվել է ժառանգություն, սեփականություն, նախնիներ  եւ այլ նշանակություններով, բայց դրանց կողքին երբեմն օգտագործվել է նաեւ այսօրվա իմաստով: Ավելի հազվադեպ է օգտագործվել դրանից կազմված «հայրենասեր» բառը: Հայ հին եւ միջնադարյան գրականության մեջ դրա կարծես թե եզակի կիրառությունը, որը նույնպես տվյալ կոնտեքստում ունի մեզ հետաքրքրող ժամանակակից իմաստը, Պատմահայր Մովսես Խորենացու «Հայոց Պատմության» մեջ է: Դրանով նա պատվել է Հայկից սերված Արամ նահապետին, որն ընդարձակել էր Հայաստանի սահմանները բոլոր կողմերի վրա, եւ որի անունով էլ օտարները մեզ եւ մեր երկիրը ճանաչել եւ անվանակոչել են. «Նա՝ երկիրը շենացնող եւ հայրենասեր, ավելի լավ էր համարում  մեռնել հայրենիքի համար, քան տեսնել, թե ինչպես են օտարածինները ոտնակոխ անում հայրենիքի սահմանները, կամ  իր արյունակից հարազատների վրա իշխում օտար մարդիկ»:

Սակայն հայրենասեր  բառի հաճախակի չհանդիպելն, անշուշտ, չի նշանակում, թե չի եղել հասկացությունը, թե չի եղել հայրենասիրության ըմբռնում, պատկերացում եւ մանավանդ՝ հայրենասիրության քարոզ եւ դաստիարակություն: Այդ ըմբռնումը, ինչպես եւ հիմա, հետեւյալն է. հայրենասերն այն հերոսն է, որը պայքարում է հասարակայնորեն ընդունված արժեքային համակարգի բարձրագույն արժեքներն անխաթար պահելու, պաշտպանելու, ավելացնելու համար, պատրաստ է դրա համար գնալ զոհողության, ընդհուպ անձնազոհության: Այսինքն՝ բովանդակային առումով հայրենասիրություն երեւույթը կամ դրա մասին պատկերացումները սերտորեն կապված են եւ բխում են տվյալ հանրության, ժողովրդի կողմից ընդունված արժեքային համակարգից: դրսեւորման կամ ձեւի առումով այն ցուցադրում է ընդունված կամ խրախուսվող այն գործողությունները, մեթոդները, որոնց դիմում է կամ պատրաստ է դիմել անհատ-հերոսը՝ դրանով իսկ առարկայացնելով հայրենասերի իր համարումը:

Հայ իրականության մեջ այս հասկացությունը ըմբռնման եւ դրսեւորման ձեւերի առումով կարեւոր փոփոխություններ է կրել`կապված այն բանի հետ, թե ինչպիսի փոփոխություններ է կրել արժեքային համակարգը։ Մյուս կողմից, սակայն, ե՛ւ ըմբռնման, ե՛ւ դրսեւորման ձեւերի համար ստեղծված կաղապարները զարմանալի պահպանողականություն եւ կենսունակություն են ցուցաբերել՝ հասնելով ընդհուպ մեր օրերը:

Որքան էլ որ հայրենասիրությունը, նեղ իմաստով, քաղաքական հասկացություն չէ, հասարակական գիտակցության մեջ այն սերտորեն կապվել է քաղաքական մտքի, դրա կրողների, առաջին հերթին՝ քաղաքական գործիչների հետ, օգտագործվել է որպես վերջիններիս հատկանիշ ու գնահատման չափանիշ: Լինի պատմական, գեղարվեստական, թե այլ ժանրի երկերում՝ հայրենասեր հերոսի կերպարը կոչված է եղել դաստիարակելու այնպիսի անհատ եւ հասարակություն, որն ամրորեն կանգնի տվյալ ժողովրդի ինքնությունը, գոյությունն ու ապագան երաշխավորող կարեւորագույն արժեքների պաշտպանության առաջին շարքում: Եւ ամեն ինչ կախված է եղել նրանից, թե որոնք են համարվել այդ արժեքները, ինչպիսին է եղել արժեքների սանդղակը:  Ըստ այդմ էլ՝ կարելի է նկատել հայրենասիրության ընկալման եւ դրսեւորման ձեւերի հետեւյալ կարեւոր շրջափուլերը:

 

  1. 1.   Ելակետային շրջան

5-րդ դարից առաջ հայ հասարակության արժեքային համակարգի խնդիրը փոքր-ինչ այլ է՝ կապված դրա համար գրավոր աղբյուրների ոչ հայկական եւ սակավ լինելու հետ: 5-րդ դարից սկսած՝ հարուստ մատենագրական ժառանգությունը առատ նյութ եւ լիակատար հնարավորություն է տալիս պատկերացնելու այս խնդիրը:

Հենց սկզբում կարելի է նկատել արժեքների ընկալման, արժեքային համակարգերի երկու՝ միմյանցից տարբեր սանդղակ:

Առաջինը, այսպես ասենք՝ կառուցված է աշխարհիկ հիմքի վրա, ու առավել ցայտուն եւ ամբողջական ներկայացնում է պատմահայր Մովսես Խորենացու «Հայոց Պատմությունը»։  Երկրորդ արժեքային սանդղակը՝ հոգեւոր հիմքի վրա, որ ներկայացնում է Եղիշեի «Վարդանի եւ Հայոց պատերազմի մասին» երկը:

Ցայտուն արտահայտված այս երկու ելակետերից ծայր առնող որոշակի գծերն են անցնում հետագա պատմության, պատմագրության, քաղաքական մտքի ու հասարակական պատկերացումների միջով, ժամանակի ընթացքում եւ նույն ժամանակի կողմից թելադրված փոխակերպումներով հասնում, փաստորեն, ընդհուպ մեր օրերը: Եւ դրանց հետ միասին, նույն կերպ, որպես դրանց ուղեկից արբանյակ՝ հայրենասիրության ըմբռնումը, արժեւորումը եւ դրսեւորման ձեւերը:

Պատմահայր Մովսես Խորենացու Պատմությամբ ներկայացող արժեքային համակարգի առաջին տեղում, արժեքների սանդղակի ամենաբարձր աստիճանում, որպես գերագույն արժեք, անկախ պետականությունն է: Դա է մյուս արժեքների՝ ժողովրդի ազատության, ազգի գոյատեւման եւ հարատեւության, ինքնության պահպանման, նրա անդամների արժանապատիվ կյանքի ու բնականոն զարգացման երաշխիքը: Մնացած ամեն ինչ եւ, առաջին հերթին՝ հայրենասիրությունը, անմիջականորեն կամ միջնորդավորված, ածանցվում է այս տրամաբանությունից ու ծառայում այդ նպատակին: Եւ հայրենասեր հերոսի առաջին պարտականությունն այս արժեքը պաշտպանելն է, ամրապնդելը, հզորացնելը, եթե այն խաթարված է՝ վերականգնելը: Այս առումով ազգի պատմության նրա էպիկական սկիզբն արդեն իսկ խորհրդանշական է. ազատ ու անկախ ապրելու պայքարի դրվագով է սկսվում Հայկ Նահապետը: Նա ընդդիմանում է, երբ հավասար հսկաներից մեկը՝ Բելը, փորձում է բռնանալ մյուսների վրա: Հայկն ընդդիմանում է, ստիպված ընդունում է պարտադրված պատերազմը, ճակատամարտում սպանում բռնացողին եւ ապահովում իր ընտաիքի (ժողովրդի) ազատությունն ու անկախությունը:

Պետականության խորհրդանիշը, ըստ Պատմահոր, թագավորություն ունենալն է։ Թագավորի՝ երկրի ու պետության ղեկավարի, ժողովրդի պատասխանատուի դերը նրա համար չափազանց մեծ է ու վճռորոշ: Եւ առաջին հերթին նրան՝ թագավորին են ներկայացվում բարձրագույն արժեքի՝ պետականության համար հոգ տանելու, այն պահպանելու, այսինքն՝ հայրենասեր լինելու պահանջները: Երկրի քաղաքական պատասխանատուի՝ թագավորի իդեալական կերպարի համար նա ունի հատկանիշների տասնյակից ավելի պահանջների մի ամբողջ շարք՝ ֆիզիկապես անթերի լինելուց մինչեւ մտավոր ու բարոյական առաքինություններ, քաջությունից ու համարձակությունից մինչեւ հանդուրժողականություն եւ իմաստնություն։ Յուրաքանչյուր թագավորի դեպքում Պատմահայրն ուշադիր արձանագրում է, թե որքանով նա ունի այդ հատկանիշները կամ որքանով է բավարարում այդ պահանջներից յուրաքանչյուրին: Խորենացին ունի նաեւ թագավորի պարտականությունների մի ցանկ, որի մեջ առաջնահերթը երկրի սահմանների պաշտպանությունն է, հնարավորության դեպքում՝ ընդարձակումը, ապա նաեւ՝ բոլոր խավերի համար բարգավաճ, ապահով եւ արժանապատիվ կյանքի ապահովումը, շինարարական գործերը, կարգուկանոնի եւ օրինականության պահպանումը, հասարակական խավերի ներդաշնակ համակեցության ապահովումը եւ այլն: Այս պահանջներն առավելագույնս ապահովողն է Պատմահոր համար իդեալական հայրենասեր թագավորը:

Հայ նահապետների եւ թագավորների երկար շղթայում Խորենացին, որպես իդեալ, առանձնացնում է երեքին՝ Հայկ, Արամ, Տիգրան, որոնք եւ բավարարում են նրա բոլոր պահանջները, ունեն հայրենասեր-թագավոր- հերոսի բոլոր հատկանիշները: Ընդ որում՝ նրանց գործերից կարեւորագույնները նույնանում են՝ երկրի սահմանները պաշտպանելը եւ ընդարձակելը, երկիրը շենացնելը, խաղաղությունն ապահովելը: Եւ եթե  բարձրագույն գնահատականի արժանացած այս երեք հերոսներից մեկի՝ Արամի համար, ինչպես վերեւում ասացինք, Պատմահայրը, որպես որակում, օգտագործում է «հայրենասեր» բառը, ուրեմն այդ նույն կերպ վերաբերվում է նաեւ մյուս երկուսին՝ որպես նրանց նույնատիպ գործունեության գնահատական:

«Ովքե՞ր ենք մենք» հարցադրմանը Խորենացու պատմությունը տալիս է հետեւյալ հստակ պատասխանը. առաջինը եւ վճռորոշը՝ պետության վարչական, աշխարհագրական սահմաններից ներս ապրողներ կամ Հայաստանի թագավորի հպատակներ, այսօրվա հասկացությամբ՝ Հայաստանի քաղաքացիներ: Մյուս հատկանիշները՝ լեզուն, դավանանքը, ընդհանուր սովորություններ եւ այլն՝ ածանցյալ են առաջինից, ավելի ճիշտ՝ առաջինը կոչված է ապահովելու մյուսների անխաթարությունը: Եւ նրա արժեքային համակարգն էլ կառուցված է այս հատկանիշներով առանձնացող հանրությանը ծառայելու համար:  Այդ «մենքի» գոյության եւ ազգային ինքնության պահպանման երաշխիքը թագավորությունը կամ անկախ պետականությունն է՝ առանձնացված, պաշտպանված պետական-վարչական, աշխարհագրական սահմաններով: Այստեղից էլ՝ բնական է, որ Խորենացին ազգի համար ամենամեծ չարիքը, դժբախտությունն ու վտանգը պետք է համարեր գերագույն արժեքի՝ անկախ պետականության, թագավորության կորուստը, ինչից հետո վտանգվում են նաեւ մյուս բոլոր արժեքները: Եւ հենց սա է նրա Պատմության առանցքային գաղափարը:

 

Նույն 5-րդ դարի պատմիչ Եղիշեի  «Վարդանի եւ Հայոց պատերազմի մասին» գործը ներկայացնում է արժեքային համակարգի երկրորդ՝ հոգեւոր հիմքով սանդղակը: Այստեղ գերագույն արժեքը, ազգի ու նրա ինքնության պահպանման երաշխիքը հավատն է, դավանանքը: Դրա պահպանման համար է, որ պետք է կենաց ու մահու կռվի գնալ: Մնացած ամեն ինչ արդեն ենթարկվում է ա՛յս արժեքի տրամաբանությանը: Հայրենասեր հերոսն այստեղ, առաջին հերթին, պաշտպանում է հավատի, դավանանքի սահմանները, հսկում ժողովրդի հոգեւոր անձեռնմխելիությունը: Պարսիկը թշնամի ու հակառակորդ է ոչ թե նրա համար, որ տիրել է Հայաստանին, հարկեր է դրել, ու պետք է նրանից ազատվել, այլ՝ որովհետեւ նա փորձում է հավատափոխ անել: Ըստ այդմ էլ՝ հայրենասիրության առարկան ոչ թե առարկայական երկիրն է, այլ՝ եկեղեցին, հավատը, իսկ հայրենասիրության դրսեւորումն էլ՝ ոչ թե օտարի լծից ազատվելը, թագավորության տեսքով պետականության վերականգնումը, այլ դավանանքի ազտությունն ապահովելը: Այդպիսին է հիմնական հերոսի՝ Վարդան Մամիկոնյանի առջեւ դրված խնդիրը, այդպիսին են նրա զինակիցները: Եղիշեի մոտ արդեն դրվում են այն հիմքերը, որի հիման վրա «մենք»-ին պատկանելու առաջին հատկանիշը դառնալու է հավատը, իսկ նրա սահմանները դառնալու են ոչ առարկայական, ոչ աշխարհագրական:

 

 

                           2. Սրբագործման շրջան

 Դատելով մեզ հասած պատմագրական եւ գրավոր այլ հուշարձաններից՝ հետագա դարերի հայ իրականության մեջ աշխարհիկ եւ հոգեւոր հիմքերով արժեքային համակարգերից երկուսի ազդեցությունն էլ զուգահեռ կարելի է նկատել: Սակայն տիրապետողն ու վճռորոշն, այնուամենայնիվ, աստիճանաբար դառնում է երկրորդը՝ հավատը, դավանանքը՝ որպես բարձրագույն արժեք ունեցող համակարգ: Խնդիրն, անշուշտ, դավանաբանական նեղմտությունը չէր: Թերեւս, պատմական իրադարձությունները, պետականության վերականգնման օբյեկտիվ դժվարություններն ակամա նպաստեցին, որ պետականության փոխարեն՝ դավանական ինքնամեկուսացումը միջոց դառնա ազգի անխաթարությունն ու գոյատեւումն ապահովելու համար: Անշուշտ՝ ոչ նույնքան արդյունավետ միջոց, որքան պետականության գոյությունն է: Բայց ազգը եւ նրա քաղաքական միտքը տեւական ժամանակի մեջ ենթագիտակցորեն կարող էին համակերպվել, հարմարվել, եւ կարծես թե համակերպվեցին, հարմարվեցին այս փոխարինմանը՝  անխուսափելիորեն ինչ-որ տեղ թուլացնելով անկախ պետականության՝ որպես ազատության եւ ազատ զարգացման բնական երաշխիքի ձգտումը: Դավանական հիմքի վրա հենված ընդհանրության զգացողությամբ եւ եկեղեցու հոգեւոր իշխանությամբ միավորվող ժողովուրդի մեջ աստիճանաբար պետք է խամրեր պետական ընդհանրությամբ ապրելու ձգտումը: Այն պետք է ձեռք բերեր համայնքային ինքնագիտակցություն ու մտածողություն, ինչը եւ պետական մտածողության հակոտնյան է:

Եկեղեցական մատենագրությունը ստեղծեց հայրենասեր հերոսների ամբողջ մի շարք, որոնք եւ ծառայում են հենց այս նպատակին: Դրանք վկայաբանական գրականության հերոսներն են: Վկայաբանությունը քրիստոնեական գրականության, հատկապես նրա վաղ շրջանի կարեւորագույն ժանրերից է, որը ծառայել է հատկապես նոր կրոնի տարածման ու ամրապնդման նպատակին: Այլ ժողովուրդների գրականության մեջ այս ժանրով ստեղծվող գործերը որքան ավելի ուշ, այնքան ավելի հազվադեպ են հանդիպում, հայ իրականության մեջ՝ ընդհակառակը, ժամանակի հետ դրանք ավելի հաճախադեպ են դառնում եւ հասնում ընդհուպ մինչեւ 19-րդ դար: Հստակ առանձնանում է երկու շրջան՝ ազնվականական կամ իշխանական (5-11-րդ դարեր), երբ վկայաբանությունների հերոսները ազնվականներ, իշխաններ են, եւ դրան հաջորդող շրջան, երբ այդ հերոսներն ամենատարբեր դասերից են, հիմնականում՝ սովորական ծագում ունեցողներ: 5-11-րդ դարերի հայրենասեր-հերոսները, ինչպես եւ Վարդան Մամիկոնյանը, որպես ազնվականներ, իշխաններ՝ տիրապետում են զինական ուժի եւ ճակատամարտեր են մղում: Նրանց մղած պատերազմները կարելի է դիտել նաեւ որպես դասական ազգային-ազատագրական պայքար: Եւ կարելի է չկասկածել, որ դրանք իրենց ժամանակում հենց այդպես էլ եղել ու համարվել են: Սակայն որպես նրանց կենսագրության եւ գործունեության բարձրակետ՝ եկեղեցական մատենագրությունը ներկայացվում է ոչ թե այդ պայքարի ազգային-ազատագրական լինելու հանգամանքը, այլ այն, որ նրանք նահատակվում են հանուն հավատի, որպես Քրիստոսի վկաներ: Դրա համար է, որ բարձրագույն պատվի են արժանանում եւ եկեղեցու կողմից սրբացվում: Սրանք էին հայրենասեր հերոսների խրախուսվող ու քարոզվող կերպարները: Այսպիսին է վկայաբանություններով եւ պատմագրական հուշարձաններով ներկայացող հայրենասիրության  ըմբռնումը, որ հստակորեն, որպես դաստիարակման, վարքագծի ընդօրինակման առարկա, մեր մատենագրությամբ հասցեագրված են նույն խավին՝ հայ ազնվականությանը: Գործնական իմաստով սա հասկանալի է. հայ ազնվականությունը Հայկական լեռնաշխարհում, թեկուզ անկախության բացակայության պայմաններում, դեռեւս շարունակում էր իրական տնտեսական, ռազմական եւ քաղաքական կշիռ ունենալ: Վերջին հաշվով՝ նրանք էին ժողովրդի անմիջական աշխարհիկ տերերը, եւ վճռորոշ էր նրանց դերակատարությունը:

Բագրատունիների պետության անկումից հետո Հայոց եկեղեցին ավելի ու ավելի է «ստիպված լինում» պետության գործառույթներ ստանձնել, դառնալ ազգի միակ քաղաքական պատասխանատուն: Հոգեւոր «պետության» անվտանգությունն ապահովելու համար հետագա դարերում վերջնականապես լուծվում են համապատասխան խնդիրները: Հասարակական պատկերացումներում «մենք»-ի կամ ազգ-ընդհանրության պետական-վարչական սահմաններին վերջնականապես փոխարինում են աշխարհագրական որոշակիությունից զուրկ՝ դավանական սահմանները, պետական սահմանները հսկող զինվորին փոխարինում է եկեղեցու՝ դավանանքի սահմանները հսկող սպասավորը, որպես հայրենասեր հերոս՝ վերջնականապես դառնում է հավատի նահատակը: Հայ ազգ կոչվող ընդհանրության լիարժեք անդամ համարվելու համար բավարար էր, եթե մարդն ապրում էր իր հավատակիցների մեծ կամ փոքր խմբի (համայնքի) հետ որոշակի բնակավայրում եւ վայելում եկեղեցու հոգեւոր իշխանությունը, իրեն զգում էր որպես հայ եկեղեցու հոգեւոր հոտի, «հոգեւոր պետության» հպատակ-«քաղաքացի»-հարկատու: Եւ որպես այդպիսին էլ վերջինիս նկատմամբ հավասար իրավունքների ու պարտականությունների գիտակցություն էր ձեռք բերում: Որպես ժողովրդի («հոգեւոր հոտի») վրա իշխանություն եւ քաղաքական պատասխանատու՝ եկեղեցին եւս կարծես թե առանձնապես խնդիր չուներ, թե որտեղ են բնակվում իր հպատակները: Աշխարհի ցանկացած ծայրում էլ նրանք կարող են լինել իր հպատակները եւ հարկատուները: Ավելին՝ գաղթօջախներում հաճախ ավելի մեծ տնտեսական հաջողությունների եւ բարեկեցության հասած համայնքներն ու նրա անդամներն ավելի առատաձեռն էին եկեղեցու հանդեպ: Եկեղեցու իշխանությունն անսակարկելի էր, քանի դեռ մարդն իրեն համարում էր այդ դավանանքի հետեւորդը: «Ովքե՞ր ենք մենք» հարցին որպես պատասխան՝ հայ լուսավորչական դավանանքին պատկանելությունը դառնում է ոչ միայն հիմնական, այլեւ սպառիչ: Որպես ազգի ինքնապաշտպանական միջոց՝ Հայ եկեղեցին ավելի ու ավելի էր դառնում ինքնամփոփ եւ պարփակված: Գերագույն արժեքի՝ դավանանքի սահմաններն ամուր պահպանելուն էր ուղղված, անշուշտ, Հայ եկեղեցու խստացող անհանդուրժողականությունը նաեւ ազգի ներսում: Ըստ այդմ՝ քաղկեդոնական հայը այլեւս «վրացի» է համարվում, կաթոլիկ հայը՝ «ֆրանկ», էլ չենք խոսում մահմեդականություն ընդունածների մասին, եթե անգամ սրանք բոլորը շարունակում էին խոսել հայերեն:

Եւ վերջապես, եկեղեցին պետք է շարունակեր իր հասարակությանը՝ «հոգեւոր հոտին» դաստիարակել ընդօրինակելի հերոս-հայրենասերների կերպարներով: Ինչպես արդեն ասացինք, դա արվում էր, առաջին հերթին, վկայաբանական գրականության միջոցով: Բագրատունիների թագավորության անկումին հաջորդած դարերում Հայաստանում սկսվեց եւ արագ խորացավ ազնվականության տնտեսական եւ քաղաքական կշռի աստիճանական վայրէջքը: Եւ հենց այստեղից սկսած ու ընդհուպ մինչեւ 19-րդ դար, հայ մատենագրության մեջ տեսնում ենք վկայաբանության ժանրի ստեղծագործությունների հսկայական առատություն (մոտավորապես՝ 200): Սակայն նախորդ դարերի համեմատությամբ՝ մի էական տարբերությամբ. վկայաբանական այս հուշարձանների հերոս-հայրենասերն արդեն հոգեւոր հոտի սովորական (ոչ ազնվականական) ծագմամբ անդամն է՝ շինական, արհեստավոր, առեւտրական, եկեղեցական եւ այլն:  Վկայաբանությունների կաղապարն էլ հիմնականում նույնն է, ավարտը՝ բազմաթիվ չարչարանքների ենթարկվելուց հետո հերոսի նահատակվելը հանուն հավատի:

Ազգովին միասին ապրելու եւ հարատեւելու բնական ձգտման իրականացման հայտնի միջոցը հայրենի երկրում անկախ պետականություն ունենալն է: Դրա բացակայության պայմաններում Հայ եկեղեցին, դառնալով դրա յուրատեսակ փոխարինիչը, միաժամանակ դարձավ յուրատեսակ «ազգային միասնության» առանցք, իսկ նրա դավանանքն ընկալվեց որպես ազգային պատկանելության հայտանիշ, յուրատեսակ «ազգային գաղափարախոսություն»: Ստացվեց, որ ազգը լիակատար միասնականության զգացողություն է ձեռք բերում ի դեմս հայ եկեղեցու դավանանքի, միասնական իշխանություն ունենալու զգացողություն՝ ի դեմս նույն եկեղեցու կառույցների, ապահովության զգացողություն՝ եթե այդ դավանանքի նկատմամբ ոտնձգություն չկա այն պետության կողմից, որի տիրապետության տակ ապրում են:

Պետականության տեւական բացակայությունն ու անազատության երկար դարերը համատարած էին դարձրել սեփական ուժերով ազատության հասնելու հեռանկարի անհնարինության մասին պատկերացումը: Ուստիեւ՝ ինքնապահպանման բնազդով թելադրված ազատության բնական պահանջը առարկայական ձգտումից վերածվեց վերացական անուրջի: Սեփական ուժերով դրան հասնելու անհնարինությունը  դարձավ տիրապետող պատկերացում,  եւ դրա ամենահին արտահայտությունը, թերեւս, այն էր, որ ժողովուրդն իր ազատության համար պայքարող՝ էպոսի վերջին հայրենասեր հերոսին՝ Փոքր Մհերին, արգելափակեց ժայռի մեջ՝ դուրս գալու համար դնելով անիրականանալի պայմաններ («երբ գարին կդառնա մասուրի չափ...»): Ըստ այդմ էլ՝ թե՛ ժողովրդի պատկերացումներում եւ թե՛ այն դեպքում, երբ ազատության ձգտումը վերածվում էր քաղաքական ծրագրի, հիմքում անպայման ունենում էր երրորդ ուժի  վճռական դերակատարության գաղափարը: Որպես այդպիսին՝ դիտվում էին նախ եվրոպական քրիստոնյա պետությունները, ապա նաեւ Ռուսաստանը: Այսինքն՝ ազատությանը հասնելու գործում ժողովուրդն ավելի շատ դիտվում էր որպես օբյեկտ, որին պետք է ազատագրել, քան որպես սուբյեկտ, որը պետք է լուծի սեփական ազատության հարցը: Հայրենասեր գործիչներն էլ, ըստ այսմ, պետք է ամեն ինչ անեին դրսի այդ օժանդակությունն ստանալու համար։

3. Հեղափոխական շրջան

19-րդ դարի երկրորդ կեսին եւ մանավանդ՝ վերջին տասնամյակներին, մի շարք երեւույթներ ու զարգացումներ անմիջականորեն կամ միջնորդավորված պայմանավորեցին հայ իրականության մեջ քաղաքական նոր պատկերացումների  հանդես գալը: Օսմանյան կայսրությունը քայքայման ակնհայտ նշաններ էր ցույց տալիս: Նրա տիրապետության տակ գտնվող տարբեր ժողովուրդներ ազգային ազատագրության համար ծրագրեր էին կազմում եւ պայքար մղում: Ոմանք նաեւ հաջողություններ էին արձանագրում: Եվրոպական պետությունները եւ Ռուսաստանը Թուրքիային պահում էին ուշադրության կենտրոնում՝ աշխատելով առավելագույն բաժին ստանալ այդ կայսրության քայքայումից: 1877-78թթ. ռուս-թուրքական պատերազմից հետո կնքված պայմանագրի մեջ մտցվեց Արեւմտյան Հայաստանում բարենորոգումներ անցկացնելու մասին հոդված: Այսպես ծնվեց «Հայկական հարցը»: Հայ եկեղեցին, ի դեմս Կ. Պոլսի պատրիարքարանի, հանդես եկավ որպես «Հայկական հարցի» կողմ: «Ազատության» գաղափարը՝ առարկայացված «Հայկական հարցի» մեջ, ամբողջությամբ բավարարում էր նաեւ հայ քաղաքական մտքի ավանդույթի ամենակարեւոր պահանջը, այն է՝ ազատության իրականացումը կարող է տեղի ունենալ երրորդ ուժի շնորհիվ, որ եվրոպական երկրներն էին եւ Ռուսաստանը: Եւ այսպես՝ «Հայկական հարցը» դարձավ հայ քաղաքական մտքի իդեա-ֆիքսը, դրա համար պայքարը՝ հայրենասիրության դրսեւորման ամենատարածված, եթե չասենք՝ միակ ձեւը:

Միաժամանակ, 19-րդ դարի նույն տասնամյակներում Եվրոպայում եւ Ռուսաստանում հսկայական չափերով ծավալվում էին հեղափոխական գաղափարներ եւ շարժումներ: Դրանցում ակտիվորեն ներգրավվում էր հատկապես ուսանողությունը: Իսկ հայ ուսանողություն կար թե՛ Եվրոպայում, թե՛ Ռուսաստանում: Այս հիմքի վրա էլ 80-ականների կեսերից ձեւավորվեցին հայ քաղաքական «հեղափոխական» կազմակերպությունները: Վերջիններս նույնությամբ ու անքննադատ պատճենել էին արեւմտյան եւ ռուսական հեղափոխական կազմակերպությունների, մասնավորապես՝ ռուսական նարոդնիկական շարժման խռովարարական ուղղության գործելակերպը: Իսկ խնդիրն արդեն ձեւակերպված էր՝ ի դեմս «Հայկական հարցի»: Վերջինս, հիշեցնենք, ո՛չ անկախություն էր ենթադրում, ո՛չ անգամ ազգային ինքնավարություն, այլ՝ բարենորոգումներ Թուրքիայի հայկական գավառներում:

Դժվար է ասել, թե ինչպիսին կլինեին արդյունքներն ու հետեւանքները, եթե եկեղեցին նաեւ հետագա տասնամյակներում շարունակեր մնալ որպես արեւմտահայության միակ քաղաքական պատասխանատու: Հեղափոխական կազմակերպություններին չպետք է բավարարեին եւ չբավարարեցին այն միջոցները եւ ձեւերը, ինչով կարող էր եկեղեցին հետապնդել «Հայկական հարցի» լուծումը: Նրանք, բնականաբար, պետք է մրցակցության մեջ մտնեին եկեղեցու հետ եւ փորձեին նրանից խլել քաղաքական պատասխանատուի դերը, ինչը եւ կարճ ժամանակում հաջողվեց: Սա, առաջին հերթին, նշանակում էր Թուրքիայում հայության 600-ամյա համակեցության  քաղաքականությունից անցում առճակատման քաղաքականության՝ առանց դրա համար բավարար հիմքերի ստեղծման:

Առաջին հայացքից կարող է թվալ, թե շփման կամ նմանության որեւէ եզր չպետք է ունենային հայության քաղաքական պատասխանատուի դերը վիճարկող եկեղեցական եւ «հեղափոխական» կազմակերպությունների գաղափարախոսությունները: Առաջինն ուներ հազարամյա տեղական ավանդույթ, երկրորդը մեխանիկորեն պատճենված էր բոլորովին այլ՝ ժամանակի եվրոպական ու ռուսական հեղափոխական շարժումներից: Թվում է՝ նույնքան տարբեր պետք է լինեին դրանց հիմնագաղափարները եւ դրանց վրա պատկերացվող ու խրախուսվող հերոս-հայրենասերների կերպարները: Հեղափոխական կազմակերպությունները, իրոք, մի կողմ դրեցին արժեքների ավանդական պատկերացումների բովանդակությունը, բայց ամբողջությամբ օգտագործեցին մշակված կաղապարները՝ դրանցում տեղադրելով նոր՝ «հեղափոխական» արժեքային համակարգը: Ըստ այդմ էլ փոխվեցին պատկերացումները հայրենասիրության մասին:

Եւ ստացվեց այսպիսի պատկեր:

 ա) Ազգային միասնություն եւ գաղափարախոսություն

 Եկեղեցու կողմից հասարակությանը մատուցված բարձրագույն արժեքը՝ քրիստոնեական ուսմունքը՝ հայ եկեղեցու դավանաբանության տեսքով, ըստ էության, համարվում էր ազգային գաղափարախոսություն, որը եւ ապահովում էր ազգային միասնությունը։ Հեղափոխականի համար բարձրագույն արժեքը հեղափոխական գաղափարախոսությունն էր։ Հեղափոխական կազմակերպությունները նույնպես ենթադրում էին, որ իրենց գաղափարները պետք է դավանի ողջ ազգը, իսկ իրենք, որպես առաջամարտիկներ, պետք է տային դրա օրինակը։ Եթե ազգն ըստ դավանանքի միասնական մի օրգանիզմ է՝ անկախ բնակության վայրից, ապա Հայաստանի ազատագրման ծրագրեր կարող էին գրվել աշխարհի ցանկացած  ծայրում, օրինակ՝ Հնդկաստանում։ Հիմա էլ հեղափոխական գաղափարները ազգային միասնության կաղապարում տեղավորելու արդյունքն էր, որ Արեւմտահայաստանի ազատության խնդիրներով զբաղվող հայրենասիրական կազմակերպությունները առաջացան բացառապես դրսում՝ Մարսելում, Ժնեւում, Լոնդոնում, Թիֆլիսում, Բաքվում, Շուշիում, բայց ոչ երբեք բուն Արեւմտյան Հայաստանում:

բ) Հիմնական գաղափարի վերացականության ապահովումը

Եկեղեցու համար գերնպատակը ուսմունքի անխաթարության միջոցով ժողովրդի հոգեւոր անվտանգության ապահովումն էր: Դրա համար բավարար էր դավանանքի ազատություն ունենալ, թեկուզ օտար իշխանության պայմաններում, իսկ ժողովուրդն էլ հետեւեր միայն մեկ գաղափարի՝ հայ եկեղեցու ուսմունքին: Հիմնական գաղափարի վերացականությունն ապահովում էր, որ սովորական հավատացյալի համար այն լինի անքնին, եւ գաղափարը ներկայանում էր դոգմաների տեսքով: Ազատության գաղափարն  էլ եկեղեցու ու նրա հավատացյալի համար հիմնականում սահմանափակվում էր դավանանքի ազատության հնարավորությամբ: Հեղափոխական կազմակերպությունները, որպես գերնպատակ, որդեգրեցին «Հայկական հարցի» լուծումը, ու երբ դրան ուղղված մի քանի փորձերը չհաջողվեցին, այն,  որպես ազատության հանգրվան, աշխատեցին դարձնել նույնքան վերացական, անհասանելի ու անքնին: Ինքնազոհության գնացող շարքային հեղափոխականի համար «Հայկական հարցը» հասկանալի էր նույնքան, որքան շարքային հավատացյալի համար՝ Քրիստոսի մեկ թե երկու բնություն ունենալը։

գ) Երրորդ ուժի դերակատարությունը

Հեղափոխական կազմակերպությունները ընդօրինակեցին նաեւ հայ եկեղեցական «դիվանագիտության» այն սկզբունքը, ըստ որի՝ ազատության (ինչպես էլ որ այն պատկերացնեին) հնարավոր է հասնել միայն արտաքին ուժի վճռական դերակատարության շնորհիվ: 1878թ. «Հայկական հարցի» նախաձեռնությունը ամբողջությամբ հենվում էր հենց այս հայեցակարգի վրա: Սակայն որպես փաստարկ՝ ժողովրդի թշվառ վիճակն օտարներին պարզ ներկայացնելը, ինչն անում էին հոգեւոր իշխանությունները, չէր կարող բավարարել հեղափոխական կազմակերպություններին: Այս դեպքում էլ, վերցնելով կաղապարը, նրանք դրա մեջ նոր բովանդակություն դրեցին, այն է՝ եվրոպական երկրներին եւ Ռուսաստանին պետք է ոչ թե խնդրել, այլ «ստիպել»,  որ նրանք զբաղվեն «Հայկական հարցով»: Ու քանի որ նրանց անմիջապես ստիպելու լծակներ չկային, ուրեմն պետք էր այնպիսի իրավիճակներ ստեղծել, որ նրանք ստիպված լինեն  զբաղվել դրանով: Ինչպե՞ս։ Համարվում էր, որ նրանք դա կանեն՝ ի տես թափված շատ արյան։ Զանազան «հեղափոխական ակտերը», «ապստամբությունները», ցույցերը, պետական պաշտոնյաների դեմ ահաբեկչական գործողությունները սկսեցին հրամցվել ու դիտվել որպես հայրենասիրության  բարձրագույն դրսեւորումներ։ Ու դրանք չէին դադարում այդպիսին դիտվելուց՝ անկախ այն բանից, որ թուրքական իշխանությունները դրանց պատասխանում էին զանգվածային ջարդերով ու կոտորածներով, եւ դրանք  ոչ մի կերպ չէին ազդում ո՛չ Եվրոպայի, ո՛չ Ռուսաստանի վրա: Թվում է, թե մի քանի անգամ տեսնելով նույն արդյունքը՝ հեղափոխական կազմակերպությունները պետք է դադարեցնեին այդօրինակ «հայրենասիրական» գործողությունները: Սակայն դրանք շարունակվում եւ բորբոքվում էին նոր ուժով: Բանական բացատրություն դժվար էր գտնել։ Միակ բացատրությունն այն էր, որ «հեղափոխական» տրամաբանության դաշտում դա էր երրորդ ուժի  ժառանգված կաղապարն օգտագործելու միակ ձեւը։

դ) Նահատակվելու պատրաստակամություն

Եկեղեցու ավանդական, նահատակվելու պատրաստ հերոս-հայրենասերի կաղապարի մեջ հեշտությամբ տեղավորվեց 19-րդ դարի վերջի հայ շարքային հեղափոխականը: Ճիշտ է՝ իր նախատիպի նկատմամբ նա ուներ էական տարբերություններ: Հավատի համար նահատակության գնացող հայրենասերը բացարձակ ինքնուրույն էր, սեփական խղճի թելադրանքով էր կայացնում իր վճիռը: Նոր հայրենասեր հերոսը նման քայլի գնում էր հեղափոխական ուսմունքի քրմերի՝ «վերեւից» իջեցրած հրամանը կատարելով: Եկեղեցու նահատակ-«հերոսը», գերագույն արժեք գաղափարի համար զոհվելով ՝ կանխում էր  այդ արժեքի նկատմամբ կոնկրետ ոտնձգությունները: Նոր հեղափոխական մարտիկը համարում էր, որ իր տեսակի նկատմամբ արդեն իսկ առկա է այդ վտանգը:

Նախկին «հերոսը», իր գաղափարին հավատարիմ մնալով ու հանուն դրա նահատակվելով, որպես կանոն, ուրիշ որեւէ մեկին չէր վնասում, նրա նահատակությունը իմաստավորվում եւ արդյունավորում էր նրանով, որ իր հավատակիցների մեջ ամրացնում էր նույն գաղափարը, նպաստում իր հավատակիցների դավանանքի ազատությանը, նույնիսկ՝ իր մահով անհավատների դարձի բերում: Այժմ՝ նոր՝ «հեղափոխական հերոսի» գործողության հաջող թե անհաջող ավարտին հետեւում էին նրա ազգակիցների զանգվածային ջարդեր ու ավերածություններ: Եւ դա նույնպես համարվում էր դրական արդյունք:

ե) Մշտական թշնամի

Եկեղեցու «հերոսը» սովորաբար նախահարձակ ու ագրեսիվ չէր, այդպիսին էր հակառակ կողմը՝ «անհավատը», որը եւ հանդես էր գալիս որպես մշտական թշնամի: Վերջինս ինչ-որ պայմաններում նրանից հավատափոխություն էր պահանջում, իսկ «հերոսը» դիմադրում էր, դիմանում բոլոր տանջանքներին եւ նահատակվում: Հեղափոխական դոգմաներ կրող հայրենասերն ինքն էր նախաձեռնող, ակտիվ ու նախահարձակ կողմը: Իսկ մշտական թշնամին՝ Օսմանյան պետությունն էր, որ հրաժարվում էր լուծել «Հայկական հարցը»:

զ) Իշխանության մենաշնորհի արտոնություն

Հաջորդ կաղապարը, որից օգտվեցին հեղափոխական կուսակցությունները, ողջ ժողովրդի (հայության) վրա «ի վերուստ» իշխանության մենաշնորհ  ունենալու իրավունք էր: Այդպես անսակարկելի ու աներկընտրանք էր Հայ եկեղեցու իշխանությունը հայության վրա: Եւ դա հենվում էր այն համոզմունքի վրա, որ եկեղեցու որդեգրած դավանանքն է ազգային պատկանելության հատկանիշը, իսկ եկեղեցին՝ այդ դավանանքի պահապանը: Ըստ այդմ էլ՝ ով այդ դավանանքի հետեւորդը չէ, նա այլեւս հայ չէր համարվում: Նույն կերպ Դաշնակցությունը պիտի սկսեր համարել, որ միայն իրեն է տրված հայ ժողովրդի բախտը տնօրինելու մենաշնորհը եւ կրկնել նույն բանաձեւը՝ «ով դաշնակցան չէ, նա հայ չէ»: Եւ սա էլ հենվում էր այն համոզմունքի վրա, որ որպես հայրենասերների միություն՝ իրենք են ազգի ընտրանին ու պահապանները: Նույն գաղափարները եւ ծրագրերը որդեգրած, նույն նպատակին լծված, նույն գործելակերպից օգտվող, իրենց նույն կերպ հայրենասեր համարող հայկական կուսակցությունները, անգամ ժողովրդի համար ամենաաղետալի պայմաններում, այդպես էլ երբեւէ համագործակցության եզրեր չգտան ո՛չ միմյանց հետ, ո՛չ, առավել եւս, եկեղեցու: Նրանցից յուրաքանչյուրը հավատացած էր, որ ինքն է ժողովրդի՝ «ի վերուստ» որոշված քաղաքական ընտրանին եւ տերը: Ավելին՝ այս հիմքի վրա նրանց միջեւ անպակաս էին նաեւ բախումները:

*  *  *

Կեղծ հայրենասիրական պատկերացումները, որպես ժամանակի հայ քաղաքական մտքի որակներ, իրենց սեւ գործն արեցին նաեւ Առաջին հանրապետության տարիներին ու մեծապես կանխորոշեցին Հայաստանի ճակատագիրը: Հայաստանից դուրս գտնվող գաղութահայությունն, ինչպես միշտ, իր պարտքն ու իրավունքն էր համարում որոշելու, թե ինչպիսին պետք է լինի Հայաստանը: Եւ ինչպես միշտ՝ նա իր ծրագրերում ու պահանջներում «շատ ավելի հայրենասեր էր», քան Հայաստանում ապրողները։ Գաղութահայության անունից հանդես եկող «Ազգային պատվիրակությունը» Առաջին աշխարհամարտում հաղթած երկրներին էր ներկայացրել «ծովից ծով Հայաստանի» պահանջ եւ չէր ընդունում պետականության գոյությունը Հայաստանում՝ եթե դրա մեջ չեն մտնում բոլոր պատմական հայկական հողերը: Սեւրի պայմանագիրը, որի հիմքում հայկական պահանջների «չափավոր» տարբերակն էր, ստորագրումից օրեր անց դատապարտվեց ձախողման, երբ նախատեսվող «երրորդ ուժը»՝ ԱՄՆ-ը, հրաժարվեց ընդունել Հայաստանի մանդատը՝ խնամակալությունը: Իսկ այդ ընթացքում վերացավ, ի չիք դարձավ պատերազմից անմիջապես հետո դաշնակիցների կողմից առաջարկված իրական եւ իրագործելի, շուրջ 60.000 կմ/քառ. տարածքի վրա անկախ պետություն ունենալու հնարավորությունը, որին նրանք պատրաստ էին ամեն կերպ աջակցել, որի իրականացմանը համաձայնել էր Թուրքիան, եւ որը, նույն «հայրենասիրական մղումներով», մերժել էր Առաջին Հանրապետության կառավարությունը: Ժամանակին ընդունվեր այդ առաջարկը՝ այսօր մենք կունենայինք առնվազն 60.000 կմ/քառ տարածքով երկիր։

 

4. Խորհրդային տասնամյակների շրջանը Հայաստանում եւ Սփյուռքում

Կոմունիստական իրականությունը եկավ իր բոլորովին նոր գաղափարախոսությամբ,  արժեքային համակարգով եւ հայրենասիրության մասին իր պատկերացումներով։ Նախկին պատկերացումների դեմ կոմունիստական գաղափարախոսության պայքարը միայն «դասակարգային» դիրքերից էր, ու չէր կարող ըստ էության վնասել դրանց կաղապարներին։ Ավելին, ինչ-որ տեղ այդ պայքարը նպաստեց, որ հայրենասիրության ավանդական դոգմաները ոչ միայն պահպանվեն, այլեւ, աննշան սրբագրումներով, սրբագործվեն ու փոխանցվեն հաջորդ սերունդներին։ Քաղաքական կլիմայի փոքր-ինչ մեղմացման պայմաններում կրկին հենց այդ կաղապարների վրա էր հենվում 60-ական թվականների հայ հայրենասերների այլախոհական միտքը։

Նույն շրջանում, սփյուռքի բոլորովին այլ պայմաններում եւս հնարավոր չեղավ, ըստ էության, անդրադառնալ անցած դարձածին ու արդյունքների հիման վրա քարացած պատկերացումները սրբագրելու լուրջ հետեւություններ անել։ Այստեղ տեղափոխված «ավանդական կուսակցությունները», մի քանի տարում շփոթմունքը հաղթահարելուց հետո, իրենց գործունեության հիմնական ոլորտներից մեկը դարձրին սեփական անցյալը գունազարդելու, այն որպես անմնացորդ հայրենասիրական ձեռնարկումների շղթա ներկայացնող պատմագրության ստեղծումը։ Եթե մի քանի գիտնականների ու նախկին գործիչների աշխատություններում ու հուշերում օբյեկտիվ հետեւություններ եղան, ապա այս պայմաններում դրանք լայն տարածում չէին կարող ստանալ։

 

5. Հայկական ժողովրդավարական շարժման շրջան

1980-ական թվականների հայ  հասարակության արժեքային համակարգը եւ հասարակական պատկերացումները քիչ էին տարբերվում այն ավանդականից, որ գործում էր դարասկզբին: Դրանց կաղապարները խորհրդային տարիներին՝ կոմունիստական գաղափարախոսության պայմաններում, եթե ինչ-որ ձեւախեղման էին ենթարկվել, ապա չէին փոխել իրենց էությունը:

Լեռնային Ղարաբաղի խնդրով սկսված համաժողովրդական հուժկու շարժումը քաղաքական բացառիկ ակտիվություն հաղորդեց ողջ հասարակությանը: Առաջին ամիսների հանրահավաքների ելույթներում ու ծրագրային փաստաթղթերում ավանդական պատկերացումների կողքին հստակ ուրվագծվում էր նաեւ դրանցից հրաժարվելու եւ դրան հակադրվող պատկերացումների միտումը: Դրանք արտահայտվեցին Ղարաբաղյան կամ հայկական ժողովրդավարական Շարժման ղեկավարության՝ «Ղարաբաղ» կոմիտեի կողմից ու 1988թ. օգոստոսի 19-ին հրապարակած Հայոց համազգային շարժման ծրագրում: Պաշտոնապես այն ընդունվեց 1989թ. նոյեմբերի 6-ին՝ Շարժման հիմնադիր համագումարում: Այդ Ծրագիրը հենվում էր բոլորովին այլ արժեքային համակարգի վրա եւ տրամագծորեն հակադրվում հայ քաղաքական մտքի եւ հասարակական պատկերացումների հիմքում դրած հարյուրամյա սրբագործված պատկերացումներին ու դրանց կաղապարներին.

- Որպես գերագույն արժեք՝ ներկայանում էր անկախ պետականությունը, որի պայմաններում եւ որի միջոցով կարելի է լուծել ազգի հարատեւման եւ նրա առջեւ ծառացած խնդիրները:

- Մերժվում էին երրորդ ուժին  ապավինելու եւ քաղաքական կողմնորոշման գաղափարները. «Հայ ժողովուրդն իր ազգային ծրագրերն իրագործելիս պետք է ապավինի իր ուժերին, հույս չդնի ուրիշի հովանավորության վրա: Ամեն մի հակառակ պնդում ժխտվում է պատմական փորձով եւ ծառայում է մեր ժողովրդին հոգեկան ստրկության մեջ պահելու գործին»:

- Մերժվում էր «մշտական բարեկամ»  գաղափարը. «Մենք մերժում ենք անբարոյական եւ մեր ազգի համար անպտուղ այն քաղաքականությունը, որը, մի կողմից, իբրեւ «դիվանագիտություն» ՝ ենթադրում է հավատարմության անտեղի հավաստիացումներ եւ համաժողովրդական քծնանք այլ ժողովուրդների նկատմամբ, մյուս կողմից՝ պահանջում է թշնամություն քարոզել ուրիշ ժողովուրդների կամ կրոնների դեմ:

- Մերժվում էր մշտական թշնամու  գաղափարը. «Մեր Շարժումն ուղղված չէ որեւէ ժողովրդի դեմ: Մեր սկզբունքն է՝ խաղաղ եւ համերաշխ ապրել հարեւան բոլոր ժողովուրդների հետ: Բայց մենք համոզված ենք, որ խաղաղությունը եւ համերաշխությունն ամուր են լինում միայն այն դեպքում, երբ հիմնվում են արդարության վրա, երբ չեն ոտնահարվում որեւէ ժողովրդի իրավունքները»:

Սա մի իրական հեղափոխություն էր հայ քաղաքական մտքի մեջ եւ մարտահրավեր՝ ինչպես կոմունիստական, այնպես էլ ավանդական քաղաքական ռոմանտիզմի քարացած պատկերացումներին: Այն որակապես բոլորովին նոր հիմք էր նաեւ հայրենասիրության ընկալման, հայրենասիրական մղումների բովանդակությունը, ուղղությունը եւ գործադրման ձեւերը որոշելու համար: Իրական արժեքային համակարգի, իրատեսական քաղաքական մտքի եւ իրական հայրենասիրական պատկերացումների համատեղմամբ էր, որ Շարժման եւ դրան հաջորդած տարիներին ձեռք բերվեցին հաղթանակներ, արձանագրվեցին հաջողություններ, որոնք նախապես անհավատալի էին թվում առկա ուժերի, հնարավորությունների եւ իրավիճակի պայմաններում:

Սակայն ավանդական պատկերացումները չէին վերացել: Եւ պատճառը հասարակական լայն շերտերի համոզվածությունը չէր: Պարզապես՝ ժամանակի ընթացքում դրանք յուրատեսակ եկամտաբեր արտադրության, բիզնեսի էին վերածվել «ազգային կուսակցությունների», «ազգային մտավորականների», զանազան կարիերիստների համար: Դրանք ոչ միայն կոնկրետ եկամուտ, այլեւ հասարակական դիրք էին ապահովում մարդկանց համար, որոնք այլ կերպ դրանք չէին կարող ունենալ։ Արտաքնապես գրավիչ, ազգային ինքնասիրությունը շոյող ու ամբիցիաները լիուլի բավարարող պատկերացումները հեշտությամբ են դառնում քաղաքական շահարկումների հիմք: Այնպես որ, ինչպես Շարժման, այնպես էլ անկախ պետականության տարիներին նրանք կատաղի պայքար էին մղում ռեւանշի հասնելու համար: Ռեւանշի հասնելու համար պայքարի հայտնի դրվագներից մեկն էր, օրինակ, «ազգային գաղափարախոսության» եւ «ազգային միասնության» թեմայով 90-ականներին ծավալված բանավեճը։ Եւ 1998թ. փետրվարյան հեղաշրջումն իրականացվեց «ավելի հայրենասերների» կողմից, «ավելի հայրենասիրական» կարգախոսներով ժողովրդին մոլորեցնելով: Այդ հեղաշրջման գաղափարական հիմքում, ըստ էության, դրված էին հին կաղապարները։ Դրան հետեւած մեկուկես տասնամյակը կրկին գլխիվայր շրջեց ողջ արժեքային համակարգը, նաեւ՝ դրանից բխող պատկերացումը հայրենասիրության մասին, ու բերեց այն կործանարար հետեւանքները, որոնք արդեն իսկ համեմատելի են ցեղասպանության հետեւանքների հետ։