04.02.2015 09:17

«Կլյուչնչիկներին» հավաքելով իրականությունը չի փոխվում. «Ժողովուրդ»

«Կլյուչնչիկներին» հավաքելով իրականությունը չի փոխվում. «Ժողովուրդ»

Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների վարչության պետ Արթուր Օսիկյանը հավաքել էր Հայաստանի բոլոր բանտերի ղեկավարներին եւ շատ լրագրողներից թաքուն ինչ-որ հարցեր էր քննարկում, գրում է «Ժողովուրդը»: Սակայն հանդիպումից մանրամասներ հայտնի չեն, քանի որ ՀՀ գլխավոր «կլյուչնչիկը» հարկ չէր համարել հրավիրել մամուլին:

Հետեւելով պաշտոնական լրահոսին՝ հասկանալի դարձավ, որ ինչ-որ թվերի մասին են խոսել՝ ներկայացնելով, որ, օրինակ, նախորդ տարի 157 քրեակատարողական ծառայողներ ենթարկվել են կարգապահական, ծառայողական պատասխանատվության: Դե, իհարկե, սա տիտանական աշխատանք է. փաստորեն թափանցիկ, պրոֆեսիոնալ պաշտոնյայի իմիջ ունեցող Արթուր Օսիկյանը երբեմն-երբեմն պատժում է բանտերի աշխատակիցներին, որոնք տարատեսակ ծառայություններ են մատուցում կալանավորներին: Սակայն, ցավոք, իրականությունը դրանից չի փոխվում: Կալանավայրերում ազատազրկման դատապարտված քաղաքացիների ընտանիքի անդամները շարունակում են բանտում գտնվողներին սնունդով ապահովել, որ սովից չմահանան, այդ «տուլիկը» տեղ հասցնելու համար «մաղարիչներ» են շարունակվում տրվել, ինչպես ավանդաբար եւ այսպես շարունակ:

Այսինքն՝ որքան էլ քրեակատարողական հիմնարկների վարչության պետ Արթուր Օսիկյանն իր «կլյուչնիկ» ենթակաների հետ դեմքի ինտելեկտուալ արտահայտությամբ փորձի իրավիճակին դրական բնորոշիչներով գնահատականներ տալ, միեւնույն է՝ իրականում ոչինչ չի փոխվել կալանավայրերի գործունեության մեջ:

Ավելին՝ հենց նախորդ տարվա նոյեմբերին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել էր քրեական գործ՝ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի պահպանման, բաց թողնման եւ հաշվառման պարտականությունը խախտելու մասով: Այսինքն՝ հոգեմետ դեղեր էին անհետացել կալանավայրերի հիվանդանոցից: Եւ ի՞նչ, իհարկե, ոչ մի պատիժ: Դեռ 2012-ին ՀՀ արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանը ծառայողական քննության ընթացքում ժամանակավորապես դադարեցրել էր Արամ Խաչատրյանի լիազորությունները, սակայն ավելի ուշ կրկին վերադարձրեց նույն պաշտոնին:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։