04.02.2015 18:13

Գրանորություն. Իրակլի Սամսոնաձեի «Ականջաբարձը»

Գրանորություն. Իրակլի Սամսոնաձեի «Ականջաբարձը»

Գրանորություն. Իրակլի Սամսոնաձեի «Ականջաբարձը»

Իրականացված և մանավանդ չիրականացված հեղափոխություններից հետո կյանքը հաճախ դառնում է պատառիկային՝ նման կտրտված, փախչող, շուտ ասվող, հարահոս տեքստի: Սահուն-սողանք, որի ընթացքի մեջ որոշ շրջան գոյատևելուց  ու պտտվելուց հետո փորձում ես խմբագրել կյանքդ՝ լուսանցքում թողնելով՝անգազ իրականությունը, պոռնիկի վրայից փչող կծվահամ կարագ-հոտը, հորաքրոջդ աջիկախառը օղին, թաթարների խնդալու պատերազմը, վաճառքի հանվող ու պահանջարկ վայելող երիկամդ, տղայիդ դեմքին վառվող կնոջդ ապտակ-ձեռքերը… Խմբագրվածները դեն նետելուց հետո գլուխդ դնում ես ականջաբարձին ու զարմանքով նկատում, որ խմբագրվելուց հետո ինքդ ես հայտնվել լուսանցքում նման կտրտված, փախչող, շուտ ասվող, հարահոս տեքստի…
«Հեռուստատեսության առաջին ալիք: Կառավարական ալիք: Հաղորդավարուհին՝ խիստ լացակումած ձայնով՝ ձե, ձե, իա, ձե, շվիլի, շվիլի, ձեուրի, իա, անի, ձե, շվիլե: Եվ հետո՝ չարտերային չվերթով Դուբայ մեկնողներին… Ովքեր ցանկանում են մեկնել… Արի՛ գնանք, ա՛յ տղա, գնանք՝ նավթավառներ բերենք: Էժան նավթավառներ են, ա՛յ տղա: Գնանք: Ասում են՝ օգուտը մեկին մեկ է… Հը՞, տո՛ մունդռիկ: Չես գալի՞ս: Տո՛, ոտքերիս թե չես գալիս: Գալիս ե՞ս: Դե՛ գնացինք: Աբա՜: Դուբա՜յ: Դուբայ: Դուբայ: Տա ռա՜ ռա՜ ռի՜ ռա, ռի, ռի, ռի, ռա՝ Դուբայի ճերմակին, Դուբայի հրաշքին, ով քեզ սիրեց, նրա հոգուն էլ՝ տա ռա՜ ռա՜: Հայրենիքը մարդու համար ինչ-որ շատ մտերիմ բան է նշանակում: Ասես անձամբ ես ճանաչում: Յուրային է: Միշտ քո սրտի մեջ է: Միշտ կարող ես ինչ-որ տեղ հանդիպել նրան: Մետրոյում: Ավտոբուսում: Փողոցում: Ռեստորանում: Եթե այսօր էլ չհանդիպես, փույթ չէ, քանզի գիտես, որ վաղը, մեկ է, պիտի հանդիպի քեզ…»
«Անտարես» հրատարակչության կողմից «օտար***գիր» մատենաշարով լույս ընծայված Իրակլի Սամսոնաձեի «Ականջաբարձ» վեպը՝ Անահիտ Բոստանջյանի թարգմանությամբ՝ հարցրեք գրախանութներում:
Խորագրի պատասխանատու՝ Հովհաննես Թեքգյոզյան