16.09.2012 16:32

Ինչ էլ արել եմ, լավ եմ արել, եթե հնարավորություն ունենամ, էլի եմ անելու. Վ.Այվազյան

Ինչ էլ արել եմ, լավ եմ արել, եթե հնարավորություն ունենամ, էլի եմ անելու. Վ.Այվազյան

Ազգային ժողովի ՀՀԿ-ական պատգամավոր, նախկին բնապահպանության նախարար Վարդան Այվազյանը news.am-ի թղթակցի հետ զրույցում հերքել է լրատվամիջոցներում տարածված տեղեկությունները, թե Վրաստանում շուտով ավարտելու է իր մեծ ռեստորանի շինարարությունը: Նա նշեց, որ ինքը ռեստորան չի կառուցում, պարզապես ծնունդով Վրաստանից է, այնտեղ բազմաթիվ կապեր ունի և օգնում է իր ընկերոջը ռեստորանի կառուցման հարցում: Պատգամավորը վստահեցրեց, որ կառուցվող ռեստորանում ինքը որևէ մասնաբաժին չունի:

Անդրադառնալով Նյու Յորքի դաշնային դատարանի` իր դեմ  37,5 մլն դոլարի վճիռ կայացնելու մասին տարածված տեղեկություններին` նա նշեց, որ դա անհեթեթություն է, իրեն չէին կարող տուգանել, որովհետև ինքը ոչ պայմանագրի կողմ է, ոչ պայմանագրի առկա մասնակից: «Ինչ էլ արել եմ, լավ եմ արել, եթե հնարավորություն ունենամ, էլի եմ անելու»,- նշեց նա` վստահեցնելով, որ իր կողմից որևէ կոռուպցիա, պահանջների չարաշահում չի եղել:

«Ոչ պայմանագրի կողմ եմ, ոչ էլ պայմանագրի քննարկմանը մասնակցություն, աջակցություն եմ ունեցել, արբիտրաժը քննարկում է զուտ պայմանագրային հարաբերություններ, մնացածի մեկնաբանությունը թողնում եմ ձեզ, դա մոտավորապես նույնն բանն է, որ Կամբոջայում տանեն դատեն»,- նշեց նա:

Վարդան Այվազյանը նաև հավելեց, որ իրեն տուգանելու մասին առաջինը տեղեկացել է լրատվամիջոցներից և չի հասկանում, թե դա ինչ է: Պատգամավորի խոսքով` իրեն չեն տուգանել, պարզապես վարույթ են սկսել պայմանագրային կողմերի միջև և նախատեսվում է վարչական տուգանք ներկայացնել: Նա կեսկատակ-կեսլուրջ էլ ասաց, թե հենց հիմա, հասնելով Երևան, կգնա և կվճարի այդ գումարը, կամ էլ եթե վճիռ են կայացրել, կարող են գալ և իրեն բռնել:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ամերիկյան դատարանը Վարդան Այվազյանին կոռուպցիոն գործունեության համար պարտավորեցրել է $37,5 միլիոն վճարել:

Լուսանկարը՝ «Առավոտ» օրաթերթի: