09.02.2015 13:11

Ադրբեջանը հրաժարվել է մասնակցել «Եվրոնեստ» ԽՎ 4-րդ նստաշրջանին Երևանում

Ադրբեջանը հրաժարվել է մասնակցել «Եվրոնեստ» ԽՎ 4-րդ նստաշրջանին Երևանում

Ադրբեջանը չի մասնակցի  «Եվրոնեստ» ԽՎ 4-րդ նստաշրջանին, որն անցկացվելու է մարտի 16-20-ը Երևանում:

Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այդ մասին հայտարարել է Եվրոնեստում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Էլհան Սուլեյմանովը: Նրա խոսքով, Ադրբեջանը երկար ժամանակ բողոքում էր այդ կազմակերպությունում Հայաստանի նախագահության դեմ` նրա «օկուպացիոն քաղաքականության» առնչությամբ:

«Սակայն, չնայած ադրբեջանական կողմի բոլոր բողոքներին, լիակազմ նիստը Երևանում անցկացնելու մասին որոշում, այնուամենայնիվ, կայացվեց», -  ասել է Սուլեյմանովը:

Նշենք, որ Երևանում կայանալիք նիստի արդյունքում նախատեսվում է հաստատել չորս զեկույց, որոնք վերաբերում են 2014-2020թթ. «Եվրոպական հարևանության» և «Արևելյան գործընկերության» քաղաքականության շրջանակներում համագործակցության հարցերին: Զեկույցը ներառում է նաև «Արևելյան գործընկերության» մասնակից երկրների տարածքում հաղորդակցությունների խնդիրը, մշակութային երկխոսության, էներգետիկ անվտանգության, այդ թվում` էներգապաշարների նոր աղբյուրներին և էներգիայի այլընտրանքային աղբյուրներին առնչվող հարցեր: