10.02.2015 10:19

Կիմ Բալայանին հատուցում են՝ «իրեն ճիշտ պահելու» համար. «Ժողովուրդ»

Կիմ Բալայանին հատուցում են՝ «իրեն ճիշտ պահելու» համար. «Ժողովուրդ»

Ինչպես արդեն հաղորդել էինք, ՀՀ Սահմանադրական դատարանի անդամ Կիմ Բալայանի ավագ որդին՝ Դավիթ Բալայանը, հերթական պաշտոնի բարձրացումն է ստացել, նա նշանակվել է Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ՝ փոխարինելով ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հորը: Մինչ այս Դավիթ Բալայանը զբաղեցնում էր Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնը:

«Ժողովուրդը» այս կապակցությամբ գրում է. «Այսպիսով՝ կարող ենք արձանագրել, որ 2008-ի Մարտի 1-ի դեպքերից հետո Կիմ Բալայանի ընտանիքի անդամների պաշտոնական առաջխաղացումը դեռ չի դադարում: Հիշեցնենք, որ «վիկիլիքսյան» փաստաթղթերից մեկում ՍԴ նախկին անդամ Վալերի Պետորսյանը ԱՄՆ դիվանագետներին պատմել էր, որ 2008-ի նախագահական ընտրությունների վերաբերյալ բողոքը ՍԴ-ում քննարկելիս  այդ դատարանի անդամներից Կիմ Բալայանին ՀՀ իշխանությունները խոստացել էին «իրեն ճիշտ պահելու» դեպքում նրա որդուն նշանակել ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ: Հետագայում հենց այդպես էլ եղավ, Բալայանի որդին՝ Տիգրան Բալայանը, նշանակվեց ԱԳՆ մամուլի խոսնակ»: