12.02.2015 17:48

Վարդան Հարությունյան. Իշխանությունները փորձում են երկրում վախի մթնոլորտ ստեղծել

Վարդան Հարությունյան. Իշխանությունները փորձում են երկրում վախի մթնոլորտ ստեղծել

iLur.am-ի զրուցակիցն է հայտնի իրավապաշտպան, խորհրդային տարիների այլախոհ Վարդան Հարությունյանը

-Պարոն Հարությունյան, կխնդրեի անդրադառնալ վերջին շրջանում ոչ իշխանական գործիչների դեմ հաճախակի դարձած հարձակումներին: Ի՞նչն է սրա պատճառը, ինչո՞ւ են կրկին հաճախակիացել ֆիզիկական հաշվեհարդարները:

-Մեզանում սա նորույթ չէ: Այս կարգի հարձակումներ հասարակական ակտիվ գործիչների, քաղաքական գործիչների եւ, ընդհանրապես, քաղաքացիական հասարկության  ներկայացուցիչների դեմ եղել է միշտ: Մի մեծ շրջան չափազանց հաճախ հարձակման էին ենթարկվում լրագրողները: Ավելի ուշ լրագրողների նկատմամբ կիրառվող բռնությունները սկսեցին նվազել, փոխարենը թիրախում հայտնվեցին հասարակական ու քաղաքական գործիչները: Վերջին մեկ-երկու տարվա ընթացքում հատկապես նկատելի են ակտիվ հասարակական դիրքորոշում ունեցող երիտասարդների նկատմամբ կիրառվող բռնությունները: Սրա հիմնական պատճառն այն է, որ իշխանությունները փորձում են երկրում վախի մթնոլորտ ստեղծել: Քաղաքացիական հասարակության ակտիվ ներկայացուցիչներին այս կարգի բարբարոս հարձակումների ենթարկելով՝ ցանկանում են մյուսներին սարսափեցնել: Փորձում են ստեղծել մի այնպիսի իրավիճակ, երբ ակտիվ քաղաքացին կամ պետք է ֆիզիկական բռնությունն աչքի առաջ ունենալով՝ իրեն զսպի ու փողոց դուրս գալու փոխարեն գլուխը կախ տանը նստ, կամ՝ արտագաղթի: Սա է նպատակը: Բայց հայաստանյան այսօրվա իշխանությունները բացարձակապես չեն ցանկանում պատմությունից դասեր քաղել: Այսպես պաշտոնավարել, այս ճանապարհով իշխանություն պահել շատերն են փորձել, մեր իշխանավորներից շատ ավելի հզոր իշխանավորներ են փորձել, շատ ավելի մեծ հնարավորություններ ունեցող դիկտատորներ ու դիկտատորական նկրտումներ ունեցողներ են փորձել ու բոլորն էլ, որպես կանոն, անհաջողության են մատնվել: Սա սեփական խնդիրները լուծելու ճանապարհ չէ: Ավելի շուտ սա վաղ թե ուշ դեպի սեփական կործանում, կամ դեպի մեղադրյալի աթոռ տանող ճանապարհ է: Սա է ցույց տալիս փորձը: Ամենաթարմը Ուկրաինայի նախկին նախագահ Յանուկովիչի օրինակն է, ում անգամ նախագահի կոչումից են զրկել եւ ում նկատմամբ հետախուզում է հայտարարվել: Ում անունն իր հայրենիքում, անկախ մարդկանց ունեցած քաղաքական կողմնորոշումներից, անկախ իրար նկատմամբ եղած հակասություններից, անգամ՝ թշնամությունից,  հայհոյանքի նման մի բան է:

-Պատահակա՞ն է, արդյոք, այն փաստը, որ վերջին ամիսներին կատարված հարձակումների մեծ մասն այդպես էլ չի բացահայտվել, իսկ որոնք բացահայտվել են, կամ՝ իրագործողները հայտնի են, նրանց հետքերը տանում են դեպի իշխանություն: Սա ինչպե՞ս կմեկնաբանեք:

-Այս հանցագործությունները չեն բացահայտնվում, որովհետեւ պատկան մարմինները դրանք բացահայտելուն ուղղված քայլեր չեն կատարում: Նրանք ուղղակի դրանք բացահայտելու հանձնարարական չեն ստանում: Ընդհակառակը, երբ ինչ-որ հետքեր են ի հայտ գալիս, հենց այդ մարմիններն են դրանք կոծկում: Կոծկմանն ուղղված այդ քայլերը հասարակությանը տեսանելի ու հայտնի են: Բռնությունների շատ դեպքեր են եղել, երբ դրանց իրականացնողների անունները լրագրողների կամ այլ շահագրգիռ մարդկանց ջանքերով հայտնի են դարձել, բայց նրանց նկատմամբ կամ որեւէ քրեական գործ չի հարուցվել ու գործը կոծկվել է, կամ էլ՝ նրանք աննշան պատիժների են ենթարկվել: Շատ դեպքերում խրախուսվել են:   

-Եվ վերջապես, ո՞րն է ելքը:

-Ելքը ակտիվ քաղաքացիական կեցվածքի դրսեւորում է: Ուրախացնող է, որ բոլոր բռնության ենթարկվածներն էլ առիթի դեպքում հայտարարում են, որ իրենք ահաբեկված չեն ու պատրաստ են շարունակել իրենց պայքարը: Ես առիթ ունեցել եմ ասելու՝ ինչ կարգի բռնություններ էլ որ կիրառեն իշխանությունները, ինչքան էլ որ արտագաղթը մեծանա միեւնույնն է՝ մեր երկրում իր սեփական արժանապատվության համար հրապարակ դուրս եկող բավականաչափ մարդ կգտնվի: Մարտի 1-ի այրունահեղությունից հետո, հայրուրավոր քաղբանտարկյալների առկայությունից հետո, իշխանության մեջ երեւի շատերն էին վստահ, որ մարդիկ սարսափած տներն են գնալու ու փողոց դուրս գալու միտք անգամ չեն ունենալու, բայց մեր հրապարակներն ու փողոցներն այս ողջ ընթացքում երբեք դատարկ չեն եղել: Միշտ էլ մեծ կամ փոքր խմբերով մարդիկ բողոքել են: Իսկ այս հանգամանքն ինքնին արդեն ելք է: Ելքը մեր ավելի մեծ ակտիվությունն է: Ելքը ազնիվ նպատակներ հետապնդող քաղաքական ուժերի համախմբումն է, ելքը ամեն օր փողոց դուրս եկող ու բռնությունների ենթարկվող երիտասարդներն են եւ վերջապես՝ ելքը մեր մեջ եղած վստահությունն է, որ մենք ոչ միայն ավելի լավին ենք արժանի, այլ, որ մենք կկարողանանք ավելի լավը կերտել մեր աշխատանքով, մեր պայքարով ու մեր քրտինքով:

Արման Գալոյան