17.02.2015 10:44

Դատախազությունը շարունակում է անխնա օգտագործել պետական բյուջեի գումարները. «Ժողովուրդ»

Դատախազությունը շարունակում է անխնա օգտագործել պետական բյուջեի գումարները. «Ժողովուրդ»

ՀՀ դատախազությունը 2015 թվականի անցած մեկուկես ամսվա կտրվածքով հրապարակած վճարումների համաձայն՝ միայն կոմունալ վճարների համար հատկացրել է 153 միլիոն 792 հազար 800 դրամ գումար: Մասնավորապես, գազի դիմաց վճարման մի պարտավորության չափը կազմում է 52 միլիոն 87 հազար դրամ, իսկ էլեկտրաէներգիայի վճարման պարտավորություններից մեկի գումարը 36 միլիոն 348 հազար դրամ է, գրում է «Ժողովուրդը»:

Իսկ ֆիքսված հեռախոսակապի դիմաց վճարումների երկու պարտավորագրերով դատախազությունը «ԱրմենՏել» ընկերությանը պետք է վճարի ավելի քան 58 միլիոն դրամ գումար: Ի դեպ, ՀՀ դատախազությունն իր ծառայողական ավտոմեքենաների ապահովագրության համար 3 միլիոն 283 հազար դրամ կվճարի «Ռոսգոսստրախ-Արմենիա» ապահովագրական ընկերությանը: Նշված գումարով պետք է ապահովագրվեն դատախազության թվով 92 ծառայողական ավտոմեքենաները։

Ինչպես արդեն հաղորդել էինք, երեկ հայտնի դարձավ, որ դատախազությունը՝ կրկին պետական միջոցներով գլխավոր դատախազի տեղակալ Էմիլ Բաբայանի համար 31.593.575 դրամ արժողությամբ 118.55 քմ մակերեսով բնակարան է ձեռք բերվել Երևան քաղաքի Ադոնցի 8 հասցեի նորակառույց շենքում:

Գնված բնակարանը դատախազության աշխատակցին տրամադրվել է ոչ թե ծառայողական նպատակներով, ինչը նշանակում է, որ բնակարանները պետք է գտնվեին պետության հաշվեկշռում, այլ հատկացվել է սեփականության իրավունքով:

Ըստ գույքի ու եկամուտների հայտարարագրի, Էմիլ Բաբայանը պաշտոնը ստանձնելու պահին՝ 2013թ. հոկտեմբերի 17-ին, ունեցել է բնակարան: Թե պետական բյուջեի միջոցներով էլիտար շենքում ինչու է դատախազի տեղակալի համար ևս մեկ բնակարան ձեռք բերվել, մնում է անհասկանալի: