20.02.2015 21:09

Սոմալիում ահաբեկիչները գրոհել են նախարարներով եւ պատգամավորներով լի հյուրանոցը

Սոմալիում ահաբեկիչները գրոհել են  նախարարներով եւ պատգամավորներով լի հյուրանոցը

Մոգադիշոյում գրոհի է ենթարկվել հյուրանոցը, որտեղ գտնվել են Սոմալիի կառավարության նախարարներ եւ խորհրդարանի պատգամավորներ: Այս մասին հայտնում է Reuters-ը:


Մահապարտ-ահաբեկիչը պայթեցրել է մեքենան սոմալիական մայրաքաղաքի կենտրոնում գտնվող Central Hotel համալիր տանող դարպասների մոտ: Դրանից հետո, շենք են ներխուժել ահաբեկիչները, որոնք կրակ են բացել շենքում գտնվողների ուղղությամբ: Ոստիկանության տվյալներով, ահաբեկչության զոհ են դարձել 10 մարդ, չի բացառվում, որ նրանց մեջ կան սոմալիական խորհրդարանի պատգամավորներ: Հաղորդվում է տասնյակ վիրավորների մասին, որոնց թվում են վարչապետի տեղակալը եւ տրանսպորտի նախարարը:

Գրոհի պատասխանատվությունը արդեն իր վրա է վերցրել «Հարակատ աշ-Շաբաբ» խմբավորումը: Ինչպես հայտարարել է նրա ներկայացուցիչը, հյուրանոցի վրա հարձակումը՝ լայնածավալ գործողության մաս է, որը իսլամիստները այժմ անցկացնում են Մոգադիշոյում:

«Հարակատ աշ-Շաբաբ» խմբավորումը, 2004 թվականին ստեղծված «Իսլամական դատարանների միության» ժառանգորդն է: Այն շարիաթի կանոններով ապրող հասարակության ստեղծման խնդիր է դնում եւ նախատեսում է հասնել դրան ջիհադի միջոցով: