24.02.2015 09:51

Շրջակա միջավայրը աղտոտողները. «ՉԻ»

Շրջակա միջավայրը աղտոտողները. «ՉԻ»

Երեկ, երբ լրագրողները Գալուստ Սահակյանին հարցեր են տվել ԲՀԿ խմբակցության կողմից ԱԺ նիստերը բոյկոտելու և քաղաքական այլ հարցերի վերաբերյալ, վերջինս բարկացել է լրագրողների վրա ու ասել. «Դուք պետք է լուսաբանեք, իսկ դուք չեք լուսաբանում, այլ աղտոտում եք»: 

«Չորրորդ իշխանությունը» այս կապակցությամբ գրում է. Փաստորեն լրագրողների հիմնական գործը պիտի լինի Գալուստ Սահակյանին լուսաբանելը, և ոչ թե հարցեր տալն ու դրանով իսկ «աղտոտելը»: Պատկերացրեցի՞ք վիճակը: Ասենք` Գալուստ Սահակյանը քայլում է ԱԺ միջանցքներով, քորում գլուխը, ինքն իրեն ինչ-որ մտքեր հայտնում, իսկ լրագրողները քայլ առ քայլ հետևում են նրան ու լուսաբանում` առանց հարցեր տալու:

Համաձայնվեք` դա իսկապես հետաքրքիր կլիներ: Կարելի էր պարզապես եթեր հեռարձակել Գալուստ Սահակյանի մտքերը և հեռուստավիկտորինա կազմակերպել` «Ի՞նչ էր ուզում ասել Գրիգորիչը» անվանումով:

Իսկ ընդհանուր առմամբ նա, իհարկե, իրավացի է: Հենց որ լրագրողները որևէ պաշտոնյայի հարցեր են տալիս` ամեն ինչ միանգամից աղտոտվում է:  Այն պարզ պատճառով, որ պաշտոնյաները ստիպված են լինում պատասխանել: