27.11.2012 18:25

Միջազգային հիմնադրամները դադարեցնում են Խոսրովի արգելոցի ֆինանսավորումը «որսագող տնօրենի պատճառով»

Միջազգային հիմնադրամները դադարեցնում են Խոսրովի արգելոցի ֆինանսավորումը «որսագող տնօրենի պատճառով»

Վայրի բնության համաշխարհային հիմնադրամն ու Կովկասի բնության հիմնադրամը դադարեցնում են Խոսրովի արգելոցի ֆինանսավորումը: Այդ մասին այսօր ասուլիսում հայտնեցին հիմնադրամների հայաստանյան ներկայացուցիչները: Ինչպես նշեց Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի Հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանը, համագործակցության դադարեցման միակ պատճառը որսագող տնօրենի նշանակումն է: «Խոսրովի արգելոցի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթում հաղթած Գաբրիել Պողոսյանը չի համապատասխանում այդ պաշտոնին ստանձնելու համար անհրաժեշտ որևէ պայմանի: Նա պետք է ունենա բարձրագույն կրթություն, որը չունի, պետք է ունենա համապատասխան տեսլական, հրատարակված մասնագիտական հոդվածներ և այլն: Մենք դեմ ենք Գաբրիել Պողոսյանի պաշտոնավարմանը` որպես Խոսրովի արգելոցի տնօրեն և դադարեցնում ենք ֆինանսավորումը, մինչև որ նա ազատվի աշխատանքից և տնօրենի թափուր պաշտոնի համար նորից մրցույթ հայտարարվի»,- ասաց նա:

Հայաստանում Կովկասի բնության հիմնադրամի ազգային համակարգող Արման Վերմիշյանն իր հերթին տեղեկացրեց, որ հիմնադրամը նամակ է հղել ՀՀ բնապահպանության նախարարին, որում կոչ է արել ազատել Գաբրիել Պողոսյանին զբաղեցրած պաշտոնից և քայլեր ձեռնարկել բոլոր պայմաններին համապատասխանող տնօրեն նշանակելու համար: «Ես անձամբ եղել եմ այն հանձնաժողովի անդամ, որը 85 բալ նշանակեց այդ թեկնածուին, բայց, ըստ իս, նա բացարձակապես չի համապատասխանում պահանջներին: Մենք չէինք կարող աչք փակել նման իրողության վրա: Կովկասի բնության հիմնադրամը 250 հազ. եվրոյի եռամսյա ֆինանսավորման ծրագիր էր իրականացնում Խոսրովի արգելոցում, և վերջին փոխանցումը` մոտ 40 հազ. եվրո, պետք է կատարվեր հենց երկրորդ կիսամյակում, ինչը չարվեց վերը նշված պատճառով»,- նշեց նա` հավելելով, որ պահանջներին համապատասխանող տնօրենի նշանակման դեպքում հիմնադրամը պատրաստ է անմիջապես վերսկսել ֆինանսավորումը:

Աղբյուրը՝ PanArmenian.Net