27.02.2015 16:04

Մուրադ Գրիգորյան. Հանրահավաքում կտրվեն մեր ժողովրդին հուզող շատ հարցերի պատասխաններ

Մուրադ Գրիգորյան. Հանրահավաքում կտրվեն մեր ժողովրդին հուզող շատ հարցերի պատասխաններ

iLur.am-ի զրուցակիցն է Հայ ազգային կոնգրես կուսակցության Գյումրիի կառույցի ղեկավար Մուրադ Գրիգորյանը

- Պարոն Գրիգորյան, նախ կխնդրեի ներկայացնել Ձեր գնահատականը՝ վերջին օրերի ներքաղաքական իրադարձություններին:

-Ձեր նշած իրադարձություններից կառանձնացնեի երկուսը. 1. ԲՀԿ-ի շուրջ կատարված հայտնի դեպքերը գնահատում եմ որպես իշխանության կամ, ավելի ճիշտ՝ իշխող բանդայի և քրեական հեղինակությունների կողմից հաշվեհարդարի միջոցով ներքաղաքական հարցեր լուծելու (ավելի կոնկրետ՝ վենդետայի կանոններով ընդդիմությանը լռեցնելու, հասարակությանը վախեցնելու եւ ըստ այդմ՝ ռեժիմին փրկելու) փորձ, որն, իր հերթին, այդ շրջանակների կողմից մի յուրատեսակ փոխհատուցում կարող էր լինել Երևանում վերջերս կայացած հայտնի «սխոդկան» թույլատրելու դիմաց: Կարծում եմ նաև, որ այդ փորձն ամբողջությամբ իր նպատակին չի ծառայի, և արդյունքում՝ ԲՀԿ-ն իրավիճակից դուրս կգա թեպետ թվաքանակի որոշակի կորուստներով` վաղուց հայտնի մոտիվացիայով, սակայն որպես առավել բյուրեղացած քաղաքական կառույց, իր խոսքի ու գործի մեջ իրատեսության ավելացված չափաքանակով: 2. Վերը նշված փորձը համարելով խոշոր նվաճում՝ ռեժիմը միանգամից անցել է իր մաքսիմում ծրագրին` վարկաբեկել Եռյակին ու հնարավորինս մեկուսացնել ու թուլացնել ՀԱԿ-ին: Այդ նպատակով էլ միանգամից մեյդան գցեցին իրենց վաղեմի «անողոք» քննադատներին: Սրանք այս անգամ չեն էլ թաքցնում ՀԱԿ-ին ջարդելու ու ընդդիմադիր դաշտը գրավելու իրենց մոլուցքը: Բայց մենք էսպիսի բաների միջով անցել ենք, սա էլ կանցնենք:

- Ակնհայտ է, որ Եռյակի գործունեությունը մեծ ոգեւորություն էր առաջացրել Հայաստանում, հավանաբար՝ նաեւ Գյումրիում: Նախորդ շաբաթվա հայտնի իրադարձություններից հետո ինչպիսի՞ տրամադրություններ են. շա՞տ մեծ է հիասթափությունը, թե՞ ոչ:

-Եռյակի վերջին տարիների պառլամետական և արտապառլամենտական գործունեությունից ոգևորությունն իսկապես մեծ էր: Այժմ առավել մեծ է ցասումն ու ատելությունը ռեժիմից ` ընդդիմության ու հատկապես ԲՀԿ-ի հանդեպ իրականացված բռնություններից հետո: Իսկ հիասթափությունը չեմ ընդունում, որովհետև դա, առաջին հերթին, հաշվենկատ պատեհապաշտներին, լավագույն դեպքում՝ թույլերին է բնորոշ :

- Ստեղծված իրավիճակում, ձեր կարծիքով, որո՞նք են լինելու ՀԱԿ-ի քայլերը, ի՞նչ պետք է անի Կոնգրեսը:

-Ոչ միայն իմ, այլև մեր բոլոր զինակից ու գաղափարակից ընկերների, Գյումրիի ՀԱԿ-ի բոլոր անդամների ու համակիրների և ոչ թե կարծիքը, այլ համոզմունքն է այն, որ ըմբոստացած ժողովրդով , անիրավված ու ոտնահարված իրավունքներով մեր հայրենակիցներով, սոցիալական ու տնտեսական պրոբլեմների մեջ թաղված ու կենցաղային կարիքներից կքած մեր եղբայրներով ու քույրերով, ծնողներով ու երեխաներով, զոհված ու սպանված մեր զինվոր երեխաների հարազատներով ու ազգականներով, անհուսալիորեն փողոցում հայտնված գործազուրկներով և օրվա ցամաք հացը մի կերպ հայթայթող ու իշխողների կապրիզներից զզված մեր ազգակիցներով օր առաջ երկրին ու ժողովրդին պետք է ազատենք ռեժիմի ճիրաներից: Օր առաջ պետք է ապահովենք ու կերտենք իշխող կլանի դեմ համազգային մեր հաղթանակը՝ երկրում վերջնականապես վերակագնելով սահմանադրական կարգը: Դրա համար մեզանից պահանջվում է տոկունություն, կամք ու վճռականություն: Վճռականն էլ, մեջբերում անեմ Լևոն Տեր-Պետրոսյանից, ոչ թե ոտքի կանգնողն է, այլ կանգնած մնացողը:

- Մարտի 1-ին Կոնգրեսը հանրահավաք է անցկացնելու. ի՞նչ ակնկալիքներ ունեք այդ հանրահավաքից:

-Մեր հանրահավաքը, համոզված եմ, որ մասնակիցների թվաքանակի ու էներգետիկայի առումով կայանալու է: Ակնկալում ենք, որ հանրահավաքում կտրվեն մեր ժողովրդին հուզող շատ հարցերի պատասխաններ, և կնշվեն երկրում ստեղծված իրավիճակի հանգուցալուծման սթափ հաշվարկված, հստակ ու տեսանելի հետագա քայլերը:

Արման Գալոյան