27.11.2012 19:17

Ծննդատներում տեսակցություններն անվճար կդառնան

Ծննդատներում տեսակցություններն անվճար կդառնան

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի՝ նոյեմբերի 27-ի թիվ 2731-Ա հրամանով՝ դեկտեմբերի 1-ից ծննդօգնություն իրականացնող բժշկական կազմակերպություններում հաստատվել է վճարովի ոչ բժշկական ծառայությունների մատուցման, ինչպես նաև ծննդաբերների և ծննդկանների տեսակցությունների կազմակերպման միասնական կարգ, iLur.am-ին են հայտնում ՀՀ առողջապահության նախարարությունից:

Հրամանով հստակ սահմանվում է, որ ծննդօգնության ծառայությունների գծով պետական պատվեր իրականացնող բուժհաստատություններում ծննդաբերությունների հետ կապված բուժօգնության կազմակերպման գործընթացում, որպես վճարովի ոչ բժշկական ծառայություն, թույլատրվում է մատուցել միայն անհատական (միայն մեկ ծննդաբերի/ծննդկանի համար նախատեսված) լրացուցիչ տարածքով և բարելավված պայմաններով հիվանդասենյակի տրամադրում, ներառյալ՝ խնամողի համար համապատասխան պայմանների ստեղծումը (առանձին մահճակալ, հիգիենայի պարագաներ և այլն):

Վճարովի այս ծառայության գները սահմանում է բժշկական կազմակերպության տնօրինությունը։ Սակայն այն չպետք է գերազանցի 10, 15 և 20 000 հազար դրամը` պայմանավորված հրամանով ամրագրված առաջարկվող պայմաններից։ Միաժամանակ, վճարովի ծառայությունների գնացուցակը պետք է փակցվի բժշկական հաստատության ընդունարանում` տեսանելի վայրում, և տեղադրվի կազմակերպության կայքէջում:

ՀՀ առողջապահության նախարարի նույն հրամանով դեկտեմբերի 1-ից պետական պատվեր իրականացնող բժշկական կազմակերպություններում ծննդաբերներին և ծննդկաններին կատարվող տեսակցությունները կազմակերպվում են անվճար:

Տեսակցությունները պետք է կազմակերպվեն այցեքարտերի միջոցով` յուրաքանչյուր ծննդկանին տրամադրելով «այցելուի անհատական այցեքարտ» ծննդկանի/ծննդաբերի կողմից ընտրված երկու, իսկ առանձին դեպքերում, տնօրինության որոշմամբ, երեք անձի համար: Ընտանիքի անդամի կամ հարազատի կողմից ծննդկանի/ծննդաբերի խնամքի կազմակերպման դեպքում այցելությունների նպատակով կտրամադրվի «խնամողի անհատական այցեքարտ»` առանց  այցելությունների ժամային սահմանափակման: